Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի «դրական նրբերանգները»


Իտալիա - Թուրինի սովորաբար մարդաշատ Վիտորիո Վենետո հրապարակը դատարկ է, մարտ, 2020թ.

Մի քանի ամիս է` նոր կորոնավիրուսի համաճարակը գլխիվայր շուռ է տվել կյանքը ողջ աշխարհով մեկ: Լրատվամիջոցների հրատապ լուրերը միայն նոր հիվանդության, վարակվածների թվի ու մահվան դեպքերի մասին են, հայտնի մայրաքաղաքների փողոցները գիտաֆանտաստիկ ֆիլմեր են հիշեցնում` անսովոր լռությամբ ու ամայությամբ, սահմանները փակ են, տնտեսությունն` անորոշության մեջ:

Սակայն անգամ այդ` արտառոց պայմաններում հարյուրավոր մարդիկ չեն ընկրկում, փորձում են լուծումներ գտնել` ապրելու, ստեղծագործելու և ուրիշներին օգնելու համար:

Իտալիայում, որն այժմ համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը, մեծ ու փոքր քաղաքներում ակտիվիստներն արշավ են սկսել. պատշգամբներից պաստառներ ու դրոշներ են կախում հատուկ ուղերձով` "Andrà tutto bene"` «Ամեն ինչ լավ է լինելու»: Վերջին օրերին էլ նո՛ր պաստառներ են հայտնվել՝ «Արյունդ կյանք է, օգնի՛ր ուրիշին» գրառմամբ: Իտալական ֆուտբոլի` «Ռոմա»-ի լեգենդներից Դանիելե դե Ռոսսին առաջիններից մեկն է հետևել կոչին, արյուն հանձնել և սոցցանցերով ուղերձ հղել երկրպագուներին` «Չվախենաք, ինչ էլ լինի, մենք պետք է օգնենք միմյանց, հատկապես` հիմա»: Ըստ Reuters-ի, մի քանի օր է` Հռոմի փողոցներում` Կարմիր խաչի մեքենաների մոտ, հերթեր են` դոնորական արյուն հանձնելու համար:

Իրանում, որն Իտալիայից ու Չինաստանից հետո երրորդն է աշխարհում վարակվածների ու մահացածների թվով, մի խումբ ուսանողներ որոշել են բժշկական դիմակներ կարել: Թեև պաշտոնական աղբյուրներն այս մասին չեն խոսում, սակայն անկախ աղբյուրները պնդում են` երկրում բժշկական սարքավորումների ու դեղամիջոցների խիստ կարիք է զգացվում: «Մեզ կառավարության քայլերը չէին գոհացնում, այդ իսկ պատճառով, որոշեցինք ինքներս գործի անցնել», - ասել է ուսանողներից մեկը: Reuters-ի հաղորդմամբ` այս նախաձեռնության արդյունքում հնարավոր է եղել լուծել բժշկական դիմակների հարցը հիվանդանոցներից մեկում, որտեղ հարյուրավոր մարդիկ են բուժվում:

Ամերիկյան բժշկական քոլեջի ուսանողներից մեկն էլ` ընդամենը 20 կամավորների հետ, հաջողել է զանգվածային արշավ նախաձեռնել տարեցներին սնունդ և դեղորայք հասցնելու համար: Ամեն ինչ սկսվել է անցած շաբաթ` ֆեյսբուքյան մի գրառմամբ: Այսօր արդեն Shopping Angels-ին` Հրեշտակ գնորդներին են միացել կամավորներ այլ նահանգներից, ինչպես նաև գործարարներ, առաջարկելով սնունդ ու ֆինանսական միջոցներ` առավել կարիքավորներին օգնելու համար:

Բրիտանացի Դարեք Բլեյքլիի հարազատները չեն ընկրկել անգամ նրա մահվանից հետո: 88-ամյա ծերունին վիրուսով վարակվել էր Իտալիայից եկած ծանոթից, տասն օր անց` մահացել: Ընտանիքը եկեղեցու միջոցով ուղերձ է տարածել՝ հորդորելով «մոռանալ ծաղիկների ու ցավակցություններով լի հեռագրերի մասին, դրա փոխարեն ուղղակի մի բարի գործ անել` նրա հիշատակին»: Կոչին արձագանքել են հարյուրավորները, սոցիալական ցանցերում հատուկ հեշթեգ է ստեղծվել` #coronaviruskindness:

Ֆլորենցիայի հայտնի պատկերասրահը` Ուֆֆիցին, որոշել է դեղահաբեր արտադրել կորոնավիրուսի դեմ, բայց, ոչ թե բժշկական, այլ` մշակութային: Տասն օր առաջ փակված թանգարանը ֆեյսբուքյան էջ է բացել և հիմա օնլայն է ցուցադրում իր հարուստ ժառանգությունը: Ամեն օր` մեկ գործ:

«Մենք ստիպված էինք փակել թանգարանը, սակայն ոչինչ չի խանգարում բացել այն արվեստասերների առաջ թվայնացված տարբերակով, մտնել ցանկացած իտալացու և աշխարհում յուրաքանչյուրի տուն, ով ուզում է, բայց չի կարող այս պահին այցելել մեզ», - ասում է պատկերասրահի ներկայացուցիչ Քրիստիան Սպադոնին:

Նախաձեռնությունը, դեպ, խորհրդանշական անվանում ունի` «Ուֆֆիցիդեկամերոն»` հիշեցնելով իտալական Վերածննդի ամենահայտնի ստեղծագործություններիից մեկը, որի գլխավոր հերոսները ևս ժանտախտի ժամանակ մեկուսացել էին երկու շաբաթով, ինչպես մեր օրերում, և միմյանց հետաքրքրաշարժ պատմություններ էին պատմում` առօրյա ձանձրույթը հաղթահարելու համար: «Բոկաչչիոն դեռ 14-րդ դարում էր իր նովելներով մեզ տվել համաճարակին դիմանալու դեղատոմսը», - կատակում են իտալացիները:

Իտալուհի Ֆրանչեսկա Վալագուսսան նովելների փոխարեն առայժմ նոթեր է գրում` մե՛ր օրերում կարանտինին դիմանալու, իրավիճակին այլ կերպ նայելու և համաճարակից դասեր քաղելու վերաբերյալ: «Գուցե սա մեզ օգնի վերարժևորել կյանքը», - ասում է Ֆրանչեսկան, որ մի քանի շաբաթ է` փակված է սեփական բնակարանում:

«Կարծում ենք` մենք կարող ենք նաև դասեր քաղել այս ամենից... հիմա լիուլի ժամանակ ունենք, որ նստենք ու խորհենք` ինչպես ենք ապրում մեր կյանքը, հասկանանք` ինչ ունենք, ինչի ենք հասել և է՛լ ավելի գնահատենք այն, ինչ երեկ դեռ սովորական ու անկարևոր մի բան էր թվում», - ասում է նա:

Ամերիկացի Բոբ Շելարդը, ըստ հարազատների, միշտ է կնոջը սեր խոստովանել, այս տարի, սակայն, զույգը չէր կարող միասին նշել ամուսնության տարեդարձը` կորոնավիրուսի պատճառով: Չկարողանալով ծերանոց մտնել` կնոջը տեսակցելու, ծերունին կանգնել է նրա պատուհանի տակ` հատուկ պաստառով. - «Ես քեզ սիրել եմ 67 տարի և հիմա էլ սիրում եմ, շնորհավո'ր տարեդարձդ»:

XS
SM
MD
LG