Մատչելիության հղումներ

ԵՄ մի շարք երկրներ կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար


Եվրոպական մի շարք երկրներ նոր կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Չեխիայում, որտեղ պաշտոնական տվյալներով շուրջ 100 վարակված կա, արտակարգ դրություն է մտցվել:

Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, չեղարկվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Արգելվում են նաև երեք տասնյակից ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները, առաջիկայում նախատեսվում է փակել ժամանցային և մշակութային վայրերը, սահմանափակվել են նաև ռեստորանների աշխատանքային ժամերը: Ավելի վաղ, այս շաբաթ փակվել են նաև բոլոր դպրոցները:

Սլովակիան, իր հերթին, արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր` բացառությամբ կեցության իրավունք ունեցող անձանց: Կփակվեն դպրոցները, օդանավակայանները, ռեստորանները:

Դպրոցները փակելու որոշում է կայացրել նաև Իռլանդիայի կառավարությունը:

Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, դեռևս հաստատված դեպքեր չկան միայն Չեռնոգորիայում:

Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վարակվածների թիվը հասնում է հազարի, Եվրամիության մյուս երկրներում՝ հարյուրավոր: Ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել Իտալիան, կարանտին է սահմանված գրեթե երկրով մեկ:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս փորձում են լրացուցիչ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վարակը նոր փուլ է թևակոխում՝ դանդաղ տարածման:

Միացյալ Թագավորությունում վարակակիրների թիվը մոտ 600 է, 10 մարդ արդեն մահացել է: Բրիտանական կառավարության կանխատեսումներով՝ երկրում վարակվածների թիվը կարող է հասնել 5-10 հազարի:

«Սա մեր սերնդի ամենածանր ճգնաժամն է առողջապահության ոլորտում», - հայտարարել է Ջոնսոնը:

Լոնդոնն այժմ քննարկում է բոլոր զանգվածային և մարզական միջոցառումների չեղարկումը, դպրոցներն առայժմ չեն փակվել, սակայն կառավարությունը կարող է դիմել այդ քայլին, եթե վարակի օջախներ ի հայտ գան:

Ի դեպ, վերջին օրերին Մեծ Բրիտանիայից վերադարձած Կանադային վարչապետի կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են ի հայտ եկել: Մինչ Սոֆի Գրեգուար Թրյուդոն սպասում էր բուժզննման արդյունքներին, վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է՝ թեև բողոքներ չունի, բայց նախընտրում է տնից աշխատել, հայտարարել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ժամեր առաջ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես հայտարարեց, որ տիկնոջ մոտ վարակը հաստատվել է:

Ֆրանսիայում, ինչպես և ակնկալվում էր՝ դատելով վարակի տարածման տեմպերից, կառավարությունը դիմում է կոշտ միջոցների: Փակվում են ուսումնական հաստատությունները, չեղարկվում են առաջիկա հանգստյան օրերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Երեկ ուշ երեկոյան այդ մասին հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը ավելի քան 60 է, վարակված է շուրջ 2 հազար 880 մարդ:

Իրանում, որը կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախն է Չինաստանից և Իտալիայից հետո, վարակվածների թիվն անցել է 10 հազարը, զոհվել է շուրջ 430 մարդ: Վարակվել են տասնյակ պատգամավորներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի փոխնախագահը, առողջապահության փոխնախարարը: Նախօրեին էլ հաղորդվեց, որ կորոնավիրուսով վարակվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

XS
SM
MD
LG