Մատչելիության հղումներ

«Թուրքիայի նախագահը Կրեմլից հեռացավ գլխիկոր ու ձեռնունայն». արևմտյան մամուլը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.

«Պուտինը ստորացրեց Էրդողանին՝ հարկադրելով սպասել», «Թուրքիայի նախագահը Կրեմլից հեռացավ գլխիկոր ու ձեռնունայն». - սրանք ընդամենը մի քանիսն են արևմտյան լրատվամիջոցների վերնագրերից, որոնք պատմում են անցած շաբաթ Կրեմլում Էրդողանի և Պուտինի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։

Է՛լ ավելի պերճախոս էին ռուսական ալիքները։ Կրեմլի հովանու ներքո գործող «Ռոսիա 24»-ն անգամ վայրկյանաչափ էր տեղադրել էկրանին՝ ցույց տալու, թե ինչ անհարմար դրության մեջ է հայտնվել Ռեջեփ Էրդողանը և ինչպես է մոտ երկու րոպե ստիպված եղել սպասել, մինչև Վլադիմիր Պուտինի օգնականները նրան դահլիճ կհրավիրեն։

«Ռոսիա 24»-ը շտապել է հիշեցնել՝ սիրիական Իդլիբում սկիզբ առած տարաձայնություններից հետ Էրդողանը հայտարարել էր, թե ուզում է հանդիպումն անցկացնել Թուրքիայում, այն էլ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ, բայց հետո ստիպված էր սեփական ոտքով գալ հասնել Մոսկվա։

«Երկու երկրների պատվիրակությունները կանգնել էին դեմ-հանդիման ինչպես Սիրիայում, ուր հակառակորդ ճամբարների են պաշտպանում, ընդ որում՝ թուրք դիվանագետները հայտնվել էին Եկատերինա երկրորդի հուշարձանի ներքո, ով գրավել էր Ղրիմը Օսմանյան կայսրությունից։ Իսկ երկու նախագահների՝ Պուտինի և Էրդողանի մեջքի ետևում էլ ժամացույց-արձանն էր, որը խորհրդանշում էր ռուսների հաղթանակը թուրքերի դեմ Բուլղարիայում 19-րդ դարի վերջին։ Եվ այս ամենը՝ Անկարայից վերջին օրերին հնչող հայտարարությունների ֆոնին, թե թուրքական բանակը պատրաստ է հաղթել ցանկացած հակառակորդի», - ընդգծել էին ռուսական լրատվամիջոցները։

Անկարան անթաքույց զայրույթով է արձագանքել։ Թուրքիայի արտգործնախարարն Anadolu գործակալության հետ զրույցում պնդել է՝ ռուսական լրատվամիջոցներն իրենց բուլվարային թերթերի պես են պահում։

«Հերիք է մի փոքր տարաձայնություն, և վերջ՝ նրանք սև փիառ են սկսում», - ասել է Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ նման վարքագիծն անընդունելի է դաշնակիցների կողմից։

Բուն հանդիպումը փակ դռների ետևում շարունակվել էր շուրջ վեց ժամ։ Ավարտին Ռուսաստանի նախագահը դուրս էր եկել բարձրաստիճան հյուրին ճանապարհելու։ Թուրքիայի նախագահն էլ նրան կրկին որակել էր որպես ընկեր ու բարեկամ։

Հանդիպմանը հետևող փորձագետները, սակայն, փաստել էին՝ Էրդողանն այդպես էլ չհասավ ցանկալի արդյունքին։ Հրադադարը, ճիշտ է, Իդլիբում հաստատվեց, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա հովանավոր ռուսական բանակն այդպես էլ ետ չքաշվեցին դիրքերից, որ գրավել էին ամիսներ առաջ դեռ Թուրքիայի վերահսկողության տակ ընկած տարածքներում։

XS
SM
MD
LG