Մատչելիության հղումներ

«Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը շարունակվելու է», - վստահեցնում է Կրեմլի խոսնակը


Ռուսաստանի զինուժը Սիրիայում, արխիվ

«Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը դեռ շարունակվելու է», - երեկ “Россия 1” հեռուստաընկերության «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե «այդ ահաբեկիչները հարվածներ են հասցնում նաև ռուսական ռազմական օբյեկտներին»։

«Չնայած հայտարարություններին՝ այդ ահաբեկչական խմբերի դեմ պայքարը շարունակվելու է», - ասել է Պեսկովը՝ ակնարկելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ավելի վաղ արած հայտարարությունները։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահը փետրվարի 28-ին զանգահարել էր Ռուսաստանի նախագահին, իսկ հաջորդ օրը որոշ մանրամասներ էր փոխանցել այդ հեռախոսազրույցից։ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, մասնավորապես, թե զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին խնդրել է լքել Սիրիայի տարածքը։ «Ես բացահայտորեն հարցրեցի Պուտինին. - «Ի՞նչ ես անում Իդլիբում։ Եթե ցանկանում եք ստեղծել ռազմաբազա, ապա ստեղծեք, բայց մի կողմ քաշվեք Թուրքիայի ճանապարհից», - Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Կիրակի օրը Պեսկովը սա մեկնաբանելիս ըստ էության հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին։

«Ռուսաստանը միակ երկիրն է, որ զինված ուժեր ունի Սիրիայում Սիրիայի օրինական ղեկավարության խնդրանքով։ Բոլոր այլ երկրների ռազմական ուժերը գտնվում են Սիրիայում հակառակ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին», - նշել է Կրեմլի խոսնակը։

Թեև ռուսական և թուրքական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում ըստ էության միմյանց դեմ են պատերազմում, պաշտոնական Մոսկվան և Անկարան զգույշ են իրենց հայտարարություններում և միմյանց դեմ պատերազմելու մասին պաշտոնական հայտարարություններ բաց տեքստով դեռ չեն անում։

Պեսկովը հաստատել է, որ այս շաբաթ՝ մարտի 5-ին կամ 6-ին, Մոսկվայում կայանալու է Պուտին-Էրդողան հանդիպումը։

Ռուսաստանցի փորձագետները նկատում են՝ Մոսկվան և Անկարան Իդլիբի շուրջ պայմանավորվելու կամ գոնե այսօրվա լարվածությունը նվազեցնելու հույսեր դեռ ունեն։

XS
SM
MD
LG