Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը որոշեցին Իդլիբում հրադադար հաստատել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բանակցություններից ու համատեղ ասուլիսից հետո, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բանակցություններից ու համատեղ ասուլիսից հետո, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.

Պաշտոնական Մոսկվան և Անկարան որոշեցին մարտի 6-ից Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել։ Երեկ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո այդ մասին հայտարարեց Ռեջեփ Էրդողանը։

«Այսօր գիշերը ժամը 00։01, այսինքն՝ մարտի 5-6-ի ուղիղ կեսգիշերին, կրակը դադարեցնելու ռեժիմ է հաստատվում», - ասաց Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև նշեց, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել սիրիական բանակի հարձակումներին։

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Մոսկվան միշտ չէ, որ Սիրիայի հարցում համաձայն է Անկարայի գնահատականներին, բայց վճռորոշ պահերին ամեն անգամ կողմերին հաջողվել է ընդունելի որոշումների հանգել։ «Այդպես եղավ նաև այս անգամ», - ասաց Ռուսաստանի նախագահը։

Պայմանագրի դրույթներն ընթերցեցին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը՝ ռուսերեն տեքստը, Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքերենը։

Փաստաթղթում նշված է, որ մարտի 6-ից Իդլիբում դադարեցվում են բոլոր մարտական գործողությունները, երկրորդ՝ M4 մայրուղու շուրջ անվտանգության գոտի է ստեղծվում, որը կընդգրկի մայրուղուց 6 կիլոմետր դեպի հյուսիս և 6 կիլոմետր դեպի հարավ տարածքները։ Մարտի 15-ից ռուս - թուրքական համատեղ պարեկություն է իրականացվելու մայրուղու որոշակի հատվածներում։

M4 մայրուղին Հալեպից հյուսիսարևելյան շրջաններ՝ Մանբիջով, Թել Բայդարով մինչև Իրաքի սահման ձգվող երկար ճանապարհն է։ Տևական ժամանակ այս մայրուղին հակամարտ կողմերի միջև սահման էր դարձել։ Քրդաբնակ այս շրջաններում էին մի ժամանակ գտնվում նաև ամերիկյան ուժերը։

Մոսկովյան համաձայնագրի կնքումից անմիջապես հետո թուրքական լիրան շատ փոքր, բայց այնուամենայնիվ ամրապնդվել է՝ լիրայի փոխարժեքը մի քիչ բարձրացել է։

Եվրամիությունը որոշել է այսօր քննարկել Թուրքիային ավելի շատ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցերը՝ զսպելու միգրանտների հոսքը այդ երկրից դեպի Եվրոպա։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ միաժամանակ ընդգծելով, որ Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար միգրանտներին որպես գործիք օգտագործելն անընդունելի է։

Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչներից մեկը մոսկովյան համաձայնությունից հետո Իդլիբում տիրող իրավիճակը բնորոշել է որպես «լարված հանդարտություն»։

Սիրիական մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնը հաղորդել է, որ համաձայնագրից հետո առաջին ութ ժամերին Իդլիբում հարաբերական անդորր է տիրել։ Քիչ առաջ նույն աղբյուրը հաղորդեց, որ սիրիական կառավարական բանակի և ջիհադիստ ապստամբների միջև Ջաբալ ալ-Զավիյա շրջանում բախումներ են տեղի ունեցել, 15 զոհ կա՝ 6-ը սիրիական բանակի զինվորներ են, 9-ը՝ «Թուրքիստան իսլամական կուսակցության» գրոհայիններ։

XS
SM
MD
LG