Մատչելիության հղումներ

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները


Ռուսաստան-Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.

Արդեն երեք ժամից ավելի է Մոսկվայում շարունակվում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները։

Վլադիմիր Պուտինը բանակցությունները սկսելիս նախ ցավակցություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Իդլիբում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, թե սիրիական բանակը հատուկ չի կրակել թուք զինվորականների ուղղությամբ և չգիտեր՝ որտեղ են գտնվում նրանք։

Կրեմլում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են, որ բարձր են գնահատում ռուս-թուրքական այսօրվա հարաբերությունները և չեն ցանկանում, որ իրավիճակն Իդլիբում վնասի դրանք։ Էրդողանն ու Պուտինը բանակցել են երկուսով երեք ժամից ավելի, քիչ առաջ նրանց են միացել նաև երկու պետությունների կառավարությունների ներկայացուցիչները։

Էրդողանի հետ Մոսկվայում են գտնվում Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների նախարարները, ինչպես նաև Թուրքիայի հետախուզության ղեկավարը։

Բանակցությունների օրակարգում են իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում և ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունները։

Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Ռուսաստանն ուժեղացնում էր իր ռազմական ներկայությունը Սիրիայում, նավերի և ցամաքային զորքերի ակտիվ տեղաշարժ էր նկատվում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը, իսկ ռուսական աղբյուրները հայտնում են, որ գրոհայինները, ում աջակցում է Անկարան, բանակցությունների պահին Իդլիբում շարունակում են իրենց գրոհները և կրակում են սիրիական բանակի ուղղությամբ։

Էրդողանի հետ բանակցություններից առաջ՝ երեկ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն հրավիրել էր Իդլիբի շուրջ իրավիճակի և ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև ասել է, թե Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինը նախատեսում է նաև միջազգային հեռախոսազրույց ունենալ, թե ում հետ, Պեսկովը չի ասել։

Թուրքիայի նախագահն էլ Մոսկվա մեկնելուց առաջ հայտնել էր, որ Պուտինի հետ բանակցություններից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս։

Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպումից առաջ «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, ով հայտարարել է, թե թուրքերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, և միմյանց հետ պատերազմելու պատճառ չկա։ Միաժամանակ, Ասադը ռուսական հեռուստաընկերության եթերում պնդել է, որ Էրդողանն Իդլիբում հարձակում է սկսել Միացյալ Նահանգների թելադրանքով, և սիրիական զորքերն, այնուամենայնիվ, առաջ են գնալու, իսկ Իդլիբից հետո էլ մտադիր են նաև գրավել արևելյան շրջանները։

Իրավիճակն Իդլիբում, որտեղ սիրիական բանակը լայնածավալ հարձակողական գործողություններ էր սկսել այս տարվա սկզբին, սրվել է փետրվարի վերջին։ Սիրիական ուժերի ավիահարվածների հետևանքով թուրքական բանակի մի քանի տասնյակ զինվորականների զոհվելուց հետո Անկարան հայտարարել է «Գարնանային վահան» ռազմական գործողությունների մեկնարկի մասին։

Ռուսական բանակը նույնպես ներգրավված է Իդլիբում մարտական գործողություններում, սակայն պաշտոնական Անկարան և Մոսկվան ռուս-թուրքական ուղիղ բախումների մասին Սիրիայում գերադասում են չխոսել։ Մոսկվան հայտարարում է, որ օգնում է Ասադի ուժերին ահաբեկիչների դեմ պատերազմում, Իսկ Անկարան՝ որ պատերազմում է միայն Ասադի ուժերի դեմ։

XS
SM
MD
LG