Մատչելիության հղումներ

«Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ». Փաշինյան


ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ դերակատարություն ունենալ չի կարող. Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է` այն, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել են, որևէ արտառոց և մտահոգիչ բան տեղի չի ունեցել։

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ դերակատարություն ունենալ չի կարող», - շեշտեց Մնացականյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը նախապես տեղյակ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման մասին, գիտե՞ն, թե ինչ է քննարկվել, և որո՞նք են լինելու Հայաստանի քայլերը։

Հիշեցնենք, օրերս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Մևլութ Չավուշօղլուին, որից հետո վերջինս հայտարարել էր, թե Մինսկի խումբը պետք է արդյունավետ գործի, իսկ խնդրի լուծումը համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքներին։

«Մինսկի խմբի համանախագահները ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված է նաև հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների և այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա։ Փոխվստահության պայմաններում և ամբողջովին վստահելով Մինսկի խմբի համանախագահներին, մենք գիտենք շատ լավ այդ բանի մասին, որևէ մտահոգություն մենք այդ առումով չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին։ Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ ուղիղ», - ասաց Մնացականյանը։

«Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ». Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանը անդրադարձավ ծրարով փող ստացած պաշտոնյաների խնդրին, հիշեցրեց վարչապետին, որ նա դեռևս անցած տարի ասել է, թե այսօր պարգևավճար ստացող պաշտոնյաները մեկուկես տարի առաջ ծրարով փող են ստացել։ Եվ քանի որ սա համակարգային կոռուպցիայի նշան է, պատգամավորը հարցրեց՝ արդյո՞ք իրավապահ մարմիները զբաղվել են այդ հայտարարությամբ, պարզվե՞լ է, թե ովքեր, ումից և որքան գումար են ստացել։ Թանդիլյանը հիշեցրեց՝ Փաշինյանի կառավարությունում այսօր էլ կան նախարարներ, ովքեր նախորդ իշխանությունների ժամանակ բարձր պաշտոններ են զբաղեցրել, հետևաբար, արդյո՞ք նրանք նույնպես մաս են կազմել այդ կոռուպցիայի։

«Ես, ճիշտն ասած, նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ և, անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ», - նշեց վարչապետը։

«Նախկին կառավարություններում նախարարներին ծրարով փող տալու մասին՝ այսօրվա նախարարները առնվազն Ձեր ենթականերն են, և ոչ թե հարցաքննության մասին էի ասում, այլ՝ տարրական հարց տալու Ձեր ենթակային, արդյո՞ք նման բան եղել է իրենց հետ, թե՞ ոչ, և ումի՞ց, եթե այո, կամ չի եղել։ Ես ցավով եմ լսում, երբ որ, օրինակ, Դուք հայտարարում եք, որ օրինապահ մամիններում կան դավաճաններ և ոչ մինչև այդ, ոչ էլ դրանից հետո այդ մասով որևէ մեկը այդ հայտարարության հետևից չի գնում, որովհետև ես կարծում եմ, որ վարչապետի մակարդակով նման որակի հայտարարություններ անելու պարագայում պետք է լինեն նախորդած կամ հաջորդած գործեր, բացահայտումներ, որ՝ «այ հենց սրա մասին էր խոսքը», - ասաց Մանե Թանդիլյանը։

«Տիկին Թանդիլյան, իմ բոլոր հայտարարություններին, այդ թվում՝ Ձեր ասած հայտարարություններին հետևում են գործողություններ, այդ գործողությունները պարտադիր չի, որ լինեն հրապարակային և բաց։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր առանձնահատկությունը և նրբությունը։ Քանի որ Դուք շատ եք ուզում, որ ես այնուամենայնիվ իմ կառավարության նախարարներին հարց տամ, քանի որ Դուք էլ եք իմ կառավարությունում նախարար եղել, ես հիմա Ձեզ հարց ունեմ՝ տիկին Թանդիլյան, եղե՞լ է արդյոք նման բան Ձեզ հետ, թե՞ ոչ», - արձագանքեց վարչապետը։

Թեման շարունակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, կրկին փորձելով ճշտել, թե Փաշինյանն իր կառավարության այսօրվա անդամներին, ովքեր նաև Հանրապետականի օրոք են պաշտոն զբաղեցրել, հարցրե՞լ է՝ ծրարով փող ստացե՞լ են։

«Օրինակ՝ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարով փող ստացե՞լ է, թե՞ չէ, և եթե ինքը չի ստացել, ապա ինքը կարո՞ղ է տեսել է՝ ով է ստացել, կամ տեղեկություններ ունի, թե էլ ովքեր են ստացել», - հարցրեց Մարուքյանը։

«Հիմա ես կարող եմ ասել, որ ներկա նախարարներից ոչ մեկը և ընդհանրապես ոչ մեկը ծրարով և որևէ այլ ձևով փող չի ստանում։ Հիմա եթե ինձ եք չորս անգամ հարցնում, հերթագրվեք դուք իրենց հարցրեք, որովհետև հետո ասեմ՝ «հա, հարցրել եմ», պիտի ասեք՝ «բա ի՞նչ ասեց»։ Ես հանձնարարում եմ իրավապահ մարմիններին, որ պարզեն այդ հարցը», - պատասխանեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ անելու որոշումը Փաշինյանը կհրապարակի մարտի 19-ին

Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հիշեցրեց, որ մարտի 19 -ին լրանում է ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների լիազորությունների օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչև մարտի 19-ը ներառյալ վարչապետը պետք է նշանակում կատարի։ Հարցին, թե արդյո՞ք որոշում ունի վերանշանակել նրանց, Փաշինյանը պատասխանեց, թե որոշում ունի, որը մարտի 19-ին կհրապարակի։ Իսկ թե ինչպե՞ս է գնահատում պաշտոնակատարների աշխատանքը, վարչապետն ասաց՝ իրավապահ համակարգում խնդիրներ կան, որոնք համակարգային լուծման կարիք ունեն։

Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու մասին եզրակացության չեն եկել

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ պատրաստվո՞ւմ են հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը, արդյո՞ք հանքը շահագործվելու է, թե՞ ոչ։ Վարչապետն արձագանքեց, որ որևէ բանով կաշկանդված չեն, բայց եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել, նշանակում է չեն եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել։

«Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչի՞ այդպիսի նախաձեռնություն չկա։ Եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին ես այս պահին պատրաստ չեմ պատասխանել։ Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով», - ասաց Փաշինյանը։

XS
SM
MD
LG