Մատչելիության հղումներ

Ամուլսարի շահագործմանը դեմ իշխանական պատգամավորը չի հորդորի բացել հանք տանող ճանապարհը


Ամուլսարի հանք, արխիվ
Ամուլսարի հանք, արխիվ

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտվող իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չի պատրաստվում գնալ Ամուլսար ու համոզել մարդկանց, որ բացեն հանք տանող ճանապարհը։

Ճանապարհը բացելու հորդորով երեկ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը, որը նաև հայտարարեց՝ «առնվազն այս պահի դրությամբ չունեն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում»։ Եթե հանքը շահագործվի, իր քայլերը Հովսեփյանը հրաժարվեց բացահայտել, բայց դրանց շարքում, ասաց, մանդատից հրաժարվելը չկա։

«Անընդհատ բարձրաձայնվել է խախտումներով կազմված ՇՄԱԳ-ի մասին, որ ուսումնասիրվեց հաստատվեց «ԷԼԱՐԴ» կազմակերպության կողմից և եթե մենք տեսնում ենք սա, և մենք ուղղակի սրա հետ չենք նստում սեղանի շուրջ, ապա ես չեմ կարող կողմ լինել, նորից եմ ասում՝ երկրորդային խնդիրների հետևից ընկնելով ասեմ՝ ճանապարհը բացեն կամ փակեն։ Այո, կարող եմ գնալ, խնդրել՝ եկեք ճանապարհը բացեք, բայց թույլ չենք տալիս որևէ մեկին էդտեղ աշխատանք անել։ Սա ընդամենը կարծես խաղարկային ինչ-որ վիճակ լինի, որի մեջ է մտնում», - նշեց Հովսեփյանը։

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ Ամուլսարի հարցով իր դիրքորոշումը չի փոխվելու, բայց, լինելով խորհրդարանի անդամ, չի կարող որպես քաղաքացի պայքարել, որովհետև հարցը կառավարության տիրույթում է, բացի այդ, ինչպես ասաց, ճիշտ չէ թիմի համար ևս։

«Այն ժամանակահատվածում, երբ որ փորձեն ուժ կիրառեն որևէ մեկի հանդեպ միանշանակ, որպես պատգամավոր, ես լինելու են ջերմուկցիների և ոստիկանության, այն անձանց, ովքեր փորձելու են ուժ կիրառել, թեև ես լիահույս եմ, որ նման բան մեր իշխանության օրոք չի լինելու, այլ զուտ մտահոգությունները, որ անընդհատ գալիս են թե՛ Ջերմուկ համայնքի բնակիչների, թե՛ առհասարակ հասարակության կողմից, նորից կկրկնվի, կծեծեն և այլն, այդ ժամանակ կլինեմ նախաձեռնող, որ գնամ և լինեմ հնարավոր այդ խնդիրներից զերծ պահող անձը», - ընդգծեց Հովսեփյանը։

«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը չի բացառում, որ ինքն ու մի շարք իմքայլականներ գնան Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հետ հանդիպման։

Չնայած որպես լրագրող, ասաց՝ դեմ է հանքերի շահագործմանն ընդհանրապես, բայց որպես իրավաբան հասկանում է՝ Ամուլսարի դեպքում պետությունը խնդիրներ կունենա, եթե առանց հիմնավորման չթույլատրի հանքի շահագործումը։ Կառավարության այս պահի քայլերը նա իրավաչափ է համարում։

«Կգնանք ոչ միայն այն հորդորով, որ ճանապարհ բացենք, կգնանք, որ հասկանանք՝ այդ մարդիկ ի՞նչ են ուզում, կապն է կարևոր ստեղծել։ Ես հակառակ կողմն էլ ասեմ, քանի որ հանդիպումներ ունեցել եմ նաև հակառակ կողմի հետ, կան մարդիկ, ովքեր որ կողմ են, որ հանքը բացվի, բա այս մարդկանց ձայնը ո՞վ է լսելի դարձնելու։ Դրա համար այստեղ քանակական և որակական անգամ խնդիրներ պետք չէ դնել, թե որ մարդկանց բանակն է ավելի մեծ և որ կողմում։ Պետք է հավասարապես լսելի դարձնել, ցանկացած հարցի դեպքում կարևոր է գալ կոնսենսուսի այնպիսի որոշմամբ, որը կբավարարի բոլոր կողմերին», - ասաց Բաղդասարյանը։

Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան» ընկերության գործադիր տնօրենը երեկ կառավարությունում հրավիրված հանդիպմանը հավաստիացրել էր՝ ընկերությունը կապահովի, որ շրջակա համայնքները բացասական հետևանքներ չկրեն, մասնավորապես, ջուրը և հողը չեն աղտոտվի, փոշի չի տարածվի:

«Մենք այստեղ հարցը միանշանակ փակելու խնդիր և իրավունք չունենք, հետևողական պետք է լինենք։ Ցանկացած պարագայում նաև «Լիդիան»-ի հետ ունեցած պայմանավորվածություններից այնտեղ կան կետեր, որի խախտման դեպքում հանքի շահագործումը կարող է օրինակ դադարեցվել։ Սա չեմ ասում ինքնանպատակ. Ընթացակարգերը և գործընթացները շարունակելու են լինել վերահսկելի», - ընդգծեց Նազենի Բաղդասարյանը։

Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ իր կողմ դիրքորոշումը այսպես էր բացատրում՝ Ամուլսարի հանքը չշահագործելու դեպքում երկիրը կարող է լուրջ տնտեսական վտանգների բախվել։

«Եթե մենք առանց իրավական հիմքի նման որոշում ենք կայացնում, դա Հայաստանը կարող է ուղղակի տանել դեֆոլտի», - ասաց Թունյանը։

«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, հակառակը, ավելի են ամրանալու», - ի պատասխան հանք տանող ճանապարհը բացելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին այսօր հայտարարել է Ամուլսարն առանց հանքի նախաձեռնությունը: Բոլոր մտահոգներին էլ կոչ էին արել միավորվել ու կանգնել ջերմուկցիների թիկունքին։ Խորհրդարանական ընդդիմադիրներն են արձագանքում:

«Ցանկացած դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ինչ-որ վտանգ կսպառնա, և եթե մենք զգանք, որ կա ուժ կիրառելու որևէ վտանգ, մենք կլինենք այնտեղ կանխելու բախումները և որևէ արյունահեղություն», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Ազատության» հարցին՝ իրենք դե՞մ են հանքի շահագործմանը, Գորգիսյանը պատասխանեց. «Եթե վարչապետն ասում է, որ նոր հանքը կլինի կառավարելի, բայց դա կառավարելու է և վերահսկելու է նույն կառույցը, որը վերահսկում է մնացած հանքերը, որոնք բացարձակ անկառավարելի են և անվերահսկելի և ոչ մի ստանդարտի չեն համապատասխանում, էդ ամենը տեսնելով մենք հասկանում ենք, որ նոր հանքը շահագործվել է նույն կերպ, որովհետև այլ ստանդարտներ նույն կառույցը չի կարող պարտադրել մեկին և մյուսին չպարտադրել դա»։

Դիտարկմանը՝ այսինքն դե՞մ է, Գորգիսյանն արձագանքեց. «Միանշանակ»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց. «Մենք նշեցինք, որ մենք ժողովրդի կողքին ենք լինելու, պարոն Ծառուկյանը դա շեշտեց։ Բնականաբար, այդպես է լինելու, բայց դա ամենևին չի նշանակում, որ տանել ցնցումների։ Մենք ավելի շատ փորձելու ենք կոնսենսուսի բերել կառավարության և ժողովրդի կարիքները։ Մենք չենք փորձելու, որ համադրությունների վրա լինի կառուցված մեր մոտեցումը, այլ ընդհանուր համախոհության բերելու ճանապարհով»։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ԲՀԿ-ն ունի՞ տեսակետ, դե՞մ է Ամուլսարի շահագործմանը, Բագրատյանն ասաց. «ԲՀԿ-ն հենվում է ժողովրդի կարծիքի վրա, ժողովրդի կարծիքն է պաշտպանում, իսկ տեղացի ժողովուրդը գիտենք, որ մեծամասամբ դեմ է»։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG