Մատչելիության հղումներ

Փաշինյանը «Էլարդ»-ի ներկայացուցիչների հետ քննարկելու է Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ջերմուկում հայտնեց, որ հաջորդ շաբաթ օրը «Սքայփ»-ի միջոցով խորհրդակցություն է ունենալու Կառավարության պատվերով Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության կազմակերպիչների հետ և մտահոգիչ հարցերի պատասխանները ներկայացնելու է ժողովրդին:

«Փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք Սկայպ-կոնֆերանս: Սկայպ-կոնֆերանսի ժամանակ ասելու ենք՝ ժողովուրդ ջան, Հայաստանում մեծ բանավեճ ա, թե դուք ինչ եք գրել և որն ա ձեր եզրակացությունը: Մի հատ դուք ինքներդ ձեր եզրակացությունը ասեք: Էդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի: «Էլարդը» ինքը մեկնաբանի իրա գրածը, իրա եզրակացությունները: Էդ գրածը, եզրակացությունները կհրապարակենք», - հայտարարեց վարչապետը: - «Մեկ էլ հույս ունեմ՝ էդ խոսակցությունը չի ըլնի ընենց, որ Հայաստանի բնակչության 10 տոկոսը դա մի կերպ մեկնաբանի․․․ չէ, խոսակցությունը ես ինքս կտանեմ և էնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն, որ էդտեղ տարընթերցումների տեղիք չլինի»:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից է: «Էլարդ»-ի եզրակացությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար է տվել, տարբեր կերպ է մեկնաբանվում:

Քննչական կոմիտեի մեկնաբանությամբ՝ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա: Մինչդեռ բնապահպանները, երկրաբանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով Սևանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն: Նրանք պնդում են, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը՝ ՇՄԱԳ-ը, թերի է եղել:

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Հաջորդ օրն Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Վարչապետը նաև շրջեց Ջերմուկի փողոցներով, զրուցեց մարդկանց հետ, այցելեց բնակարաններ: Փաշինյանը խոսեց նաև խիստ վերահսկողության մասին, որը սահմանվել է Ամուլսարի հանքը շահագործելու գործընթացի վրա:

«Հիմա խնդիրը հետևյալն ա՝ ուրիշ տարբերակ չունենք: Ես էլի եմ ասում՝ էս վերջին շրջանի խորհրդակցություններ, բան, որ արել եմ, ես ասել եմ՝ պատասխանեք մի պարզ հարցի՝ մենք ինչ խնդիր ենք դնում, մենք խնդիր ենք դնում, որ այ՝ ըդտեղից պետքա տասը միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն, մենք հիմա խնդիր ենք դնում, որ էդ աղտոտված ջուրը տասի տեղը լինի երկու կամ մե՞կ: Մասնագետները ինձ ասում են են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք ա լինի զրո: Եվ հաջորդ խնդիրը կա՝ ասում են՝ բա մենք դա ո՞նց ենք ապահովելու: Ինձ ասում են հետևյալը, որ կա, ըստ պլանի, ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա մոնիտորինգ: Սա ի՞նչ ա նշանակում, սա նշանակում ա, որ էդ խումբը պետության հովանում ներքո գնալու ա էս դիմացի դաշտից, սարից խոտ ա վերցնելու: Ընդ որում՝ էդ խմբի մեջ լինելու են ընկերության ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Էս խոտը պետք ա տրվի լաբորատոր հետազոտության: Եթե պարզվի, որ նրա վրա նստած փոշին ավելին ա, քան պետք ա լինի միջազգային ստանդարտներով, 90 օր ժամանակ ա տրվում էդ պրոբլեմը վերացնելու, որովհետև փոշում աղբյուրը պետք ա գտնել: Եթե չի վերացվում, փակվում ա հանքը լրիվ օրինական հիմունքներով», - նշեց վարչապետը: - «Ես ուզում եմ իմ դիրքորոշումը ներկայացնեմ, որ եթե երաշխիք կա, դա ուրիշ իրավիճակ ա, եթե երաշխիք չկա՝ դա ուրիշ իրավիճակ ա: Իմ դիրքորոշումը մի տարի առաջ էլ ա էս եղել, քանի որ կապ չունի՝ նախորդ կառավարություն, ներկա կառավարություն: Հայաստանի պարտավորությունը՝ Հայաստանի պարտավորությունն է», - հավելեց Փաշինյանը:

Ջերմուկում վարչապետը նաև փակ հանդիպում ունեցավ ջերմուկցիների և բնապահպանների հետ, այնուհետև այցելեց Սարավան, Գորայք՝ հանդիպեց տեղի բնակիչներին:

Գորայքում Փաշինյանը դահլիճային պայմաններում հանդիպեց գյուղացիներին: Վերջիններս ասացին, որ թե՛ Սարավանում, թե՛ Գորայքում բնակիչները համաձայն են ու կողմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև առանց դրա աշխատատեղերի խնդիրը այստեղ իսկապես լուրջ է և երիտասարդները լքում են գյուղերը: Բնակիչներից մեկն ասաց, որ «Լիդիան Արմենիայի» ֆինանսական միջոցներով իրենք սովորել են, մասնագիտություն են ստացել, բայց այսօր չեն կարողանում աշխատել, որովհետև հանքը փակ է: Գյուղացիներն ասում էին, որ չեն վախենում բնապահպանական խնդիրներից, որովհետև կարծում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հոգատար վերաբերմունք է ցուցաբերում բնակիչների և բնության հանդեպ:

Վարչապետ Փաշինյանը շրջայց կատարեց նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում, որը գտնվում է Գորայքում:

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

XS
SM
MD
LG