Մատչելիության հղումներ

Վարչապետը լիարժեք աշխատանք է ակնկալում ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնակատարներից


Թե՛ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոսյանը, թե՛ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «լիարժեք լիազորություններն իրականացնելու օրենսդրական հնարավորություններ ունեն», և վարչապետը հուսով է, որ նրանք լիարժեք կգործեն: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այսօր Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելով ոստիկանապետի պաշտոնակատարին:

«Մեր պայմանավորվածությունները հետևյալն են, որ մենք մի փուլ այս կարգավիճակում կաշխատենք, և հույս ունեմ՝ այդ ժամանակաշրջանի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ կլինեն: Ես ուզում եմ այս հարցում լինել բացարձակ թափանցիկ, որպեսզի այդ կարգավիճակների թերարժեքության ինչ-որ ընկալումներ չառաջանան, թե՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե՛ պարոն Սարգսյանի պարագայում: Այդ ժամանակաշրջանում, երբ մենք երկուստեք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը՝ այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, բայց կրկին եմ ասում, պետք է արձանագրենք, որ փոխադարձաբար արդյունքները պետք է մեզ բավարարեն», - ասել է վարչապետը:

Նշելով, որ Արման Սարգսյանը ամբողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, Փաշինյանը շարունակել է․ - «Մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն է, և Ոստիկանությունը որպես ինստիտուտ շատ կարևոր է: Իհարկե Ոստիկանությունը բավականին կայացած կառույց է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք բոլորս մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է ինքներս մեր առաջ առաջին հերթին ավելի մեծ խնդիրներ դնենք, ավելի բարձր նշաձողեր սահմանենք, և հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հավատում ենք այդ բարձր նշաձողերը հաղթահարելու մեր ընդհանուր պոտենցիալին: Հույս ունեմ, որ այդ պոտենցիալի վերաբերյալ բարձր ինքնագնահատական կա նաև ոստիկանության համակարգում»:

Վերջին ավելի քան մեկ տարին հեշտ չի եղել, եղել է բազմաթիվ բարդություններով լեցուն շրջան, ասել է վարչապետը և Ոստիկանությանը շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ոստիկանական համակարգի բարեփոխումներն են, դրանցում կարևորագույն նշանակություն ունի ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց ամենակարևորը թերևս բովանդակության փոփոխությունն է, որպեսզի մենք կարողանանք ոստիկանության բովանդակությունը դարձնել ժամանակակից, 21-րդ դարի և Նոր Հայաստանի պահանջներին համահունչ: Պարոն Սարգսյան, հույս ունեմ, որ այդ խնդիրները կկատարեք», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետի պաշտոնակատարը, իր հերթին, մասնավորապես ասել է․ - «Իմ գործընկերները հիշում են, երբ ես նշանակվեցի Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ասացի, որ ինձ, իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը ու ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ: Կոլեկտիվի հնարավորությունների վրա չեմ կասկածում, որովհետև Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ և նրանք ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են: Այն լավը, որը մենք ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասնել տրամաբանական ավարտին, որպեսզի մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոփոխվող հոդվածների համապատասխանող երկրում»:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացնելով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին՝ վարչապետը, մասնավորապես, ասել է․ - «Պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է»:

«Ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում, հիմա էլ կարող եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը և կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայություննյ իրապես կայացած ինստիտուտ է: Բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր հավակնությունները գնալով ավելի մեծանալու են, և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է», - ընդգծել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ես միշտ ասում եմ, որ սկսած վարչապետից և ավարտած հանրակրթական դպրոցի ուսուցիչով, բոլորի ամենօրյա խնդիրը պետք է լինի հետևյալը. ամեն յուրաքանչյուր հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, քան նախորդ օրը, որովհետև, իմ կարծիքով, դա է առաջընթացի գրավականը»:

Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է: «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը», - ասել է ԱԱԾ խետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց Արթուր Վանեցյանը, սեպտեմբերի 18-ին էլ ոստիկանապետի պաշտոնից՝ Վալերի Օսիպյանը:

XS
SM
MD
LG