Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային որոշել, թե արդյոք արժե վստահել Նահանգներին


Թուրքական զինվորական շարասյունը Իդլիբի նահանգում։ 8-ը փետրվարի, 2020թ.

«Արդեն մոտ տասը տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում հակամարտության նոր օջախներ են հասունանում», - տեղից հաղորդում է «Ռոյթերի» թղթակիցը՝ մանրամասնելով.- «Մի կողմում նախագահ Ասադն է՝ ռուսների աջակցությամբ, մյուս կողմում՝ ընդդիմադիրները՝ Թուրքիայի օգնությամբ: Ամիսներ առաջ դեռ նրանք փորձում էին համաձայնության հասնել, այսօր, սակայն, միմյանց կոկորդ են բռնել՝ սպանելով մեկը մյուսի զինվորներին»:

Բախումների կիզակետում Իդլիբն է, որը սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: 2018-ին դեռ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին այստեղ հրադադար հաստատել ու անվտանգության գոտի ստեղծել: Շաբաթներ առաջ, սակայն, Ասադի զորքերը՝ ռուսական օդուժի առաջնորդությամբ, սկսեցին հրթիռակոծել ու առաջ գնալ ՝ ընդդիմության վերջին բաստիոնը գրավելու համար:

Անկարան նախ Ասադին մեղադրեց մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ պնդելով, թե հարձակման թիրախում են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Նախագահ Էրդողանի զայրույթը, սակայն, հասավ կիզակետին, երբ տեղում պարեկություն անող թուրքական բանակը 13 զոհ տվեց՝ տասն օրվա ընթացքում:

«Ես զգուշացնում եմ՝ եթե մեր զինվորները իրենց դիտակետերում կամ այլուր ևս մեկ հարված ստանան, մենք Ասադի զորքերին դուրս կշպրտենք, որտեղ էլ լինեն՝ անկախ այն պայմանավորվածություններից, որ ձեռք ենք բերել ժամանակին Սոչիում», - ասել էր Էրդողանը:

Փորձագետները փաստում են, որ եթե Էրդողանի այս սպառնալիքները իրականություն դառնան, թուրքական բանակը դուրս կգա ոչ միայն Ասադի զորքերի, այլև նրանց աջակցող ռուսական ստորաբաժանումների դեմ՝ հարվածի տակ դնելով ռուս-թուրքական բարեկամությունը, որը վերջին տարիներին դարձել էր երկու երկրների նախագահների հպարտության առարկան: Էրդողանն ու Պուտինը անցած տարի միայն ութ հանդիպում են ունեցել՝ միմյանց բնորոշելով որպես բարեկամ ու դաշնակից:

Այսօր Անկարան հարյուրավոր տանկեր ու ծանր զրահատեխնիկա է ուղարկում Սիրիայի տարածք, Ռուսաստանը մեղադրում է դաշնակցին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար:

«Թուրքիան այդպես էլ չիրագործեց տեղում զինյալներին զինաթափելու պարտավորությունը», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ահաբեկչական խմբավորումները շատ երկար ժամանակ է արդեն ազատ գործունեություն են ծավալում այդ տարածքում», - իր հերթին պնդել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: - «Մոսկվայի հիմնական մտահոգությունն այն է, որ Իդլիբը շարունակում է մնալ ահաբեկչական խմբավորումների հավաքատեղին, ահաբեկչական այս խմբավորումները շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը Թուրքիայի պատասխանատվության տակ գտնվող գոտում, և նրանց քայլերը ուղղված են ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի, այլև Սիրիայում տեղակայված ռուսական բազաների դեմ»:

Տարաձայնությունները քննարկելու համար երեկ Անկարան հերթական պատվիրակությունն է ուղարկել Մոսկվա, երկու երկրների նախագահներն էլ հեռախոսազրույց են ունեցել: Զուգահեռ Թուրքիայի նախագահը չի բացառել, որ կարող է բանակցել նաև Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, ընդ որում, վերջին ժամերին այդ զրույցի համար կարծես նոր հիմք է ստեղծվել. հաղորդվում է, որ Ղամիշլիում սիրիական կառավարական զորքերի թիրախում են հայտնվել նաև Միացյալ Նահանգների առաջնորդած կոալիցիոն ուժերը:

Պաշտոնական Կրեմլը նախընտրում է առայժմ չմեկնաբանել դեպի Միացյալ Նահանգներ շրջվելու՝ Էրդողանի մտադրությունը: Արտգործնախարարությունը, սակայն, ձեռքերը ծալած չի նստում: Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը, մասնավորապես, Թվիթերի իր էջում պատկերաշար է հրապարակել թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ կոչ անելով Թուրքիայի քաղաքացիներին որոշել, թե արդյոք արժե վստահել Վաշինգտոնին: Հրապարակված նկարներից մեկում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն է, ով ցավակցություն է հայտնում Իդլիբում զոհված թուրք զինվորների համար: Հաջորդ նկարում թուրքերի համար ցավոտ մյուս հարցն է՝ քրդականը։ Մեջբերելով «Անադոլու» գործակալության պատրաստած աղյուսակը՝ Ռուսաստանի դեսպանատունը հիշեցնում է, թե որքան գումար է տրամադրել Միացյալ Նահանգները քրդական ուժերին, որոնց Անկարան դասում է ահաբեկչական խմբավորումների շարքում: «Ընտրությունը ձերն է», - դիմելով Թուրքիային՝ գրել է Ռուսաստանի դեսպանատունը:

XS
SM
MD
LG