Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական ուժերում մեկնարկել են առաջիկա հանրաքվեի շուրջ քննարկումները


Հայաստանի արտախորհրդարանական ուժերը քննարկում են, թե ինչպես արձագանքեն Սահմանադրական դատարանի 7 անդամների հարցով հանրաքվեին, մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել քարոզարշավին։

Բարձր դատարանի նախագահին և վեց անդամներին հեռացնելու այս ողջ գործընթացը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հակասահմանադրական է համարում, թեև մյուս կողմից՝ դեմ չէ ուղիղ ժողովրդավարության, հանրաքվեի գործիքի կիրառմանը, սակայն ոչ այնպես, ինչպես «Իմ քայլն» է փորձում անել։

«Այս նախաձեռնությունը Հայաստանի քաղաքական դաշտը տեղափոխում է տուրբուլենտության մի շրջափուլ, որը վնաս է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ արտաքին հարաբերությունների առումով և այլն։ Այսինքն, բուն նախաձեռնությունը կարող է նոր մարտահրավերներ առաջացնի մեր համար։ Չափազանց կարևոր է ժողովրդի անմիջական ներգրավումը որոշումների կայացմանը։ Հարցն այն է, որ տեղի է ունենում շատ լուրջ մանիպուլյացիա. օգտագործելով այս կարևոր նորմը՝ ըստ էության դրան հասնում է քաղաքական մեծամասնությունը՝ խախտելով սահմանադրական հիմնական սկզբունքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դաշնակցության ղեկավար անդամ Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմինը, որ արդեն հասցրել է փետրվարի 5-ին դատապարտել «Իմ քայլի»՝ ՍԴ անդամներին հեռացնելու նախաձեռնությունը, հանրաքվեի նշանակումից հետո նոր քննարկում կանի ու հայտարարությամբ հանդես կգա։

Իսկ մինչ այդ մինչ այդ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը նկատում է՝ որևէ սահմանադրական փոփոխություն չի կարող ընդունվել առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, ինչը, ըստ Մինասյանի, Մայր օրենքում ամրագրված նորմի խախտում է. - «Անգամ համաժողովրդական հանրաքվեն թույլ չի տալիս շրջանցել այս կարգավորումը»։

Այս պահին ակնհայտ է, որ նախկին իշխանության հետ համագործակցած Դաշնակցությունը չի լինելու «Իմ քայլի» «Այո»-ի ճամբարում. - «Առնվազն չենք կարող այո ասել մի գործընթացի և մի երևույթի, որը հակասահմանադրական ընթացքով է իրականացվում։ Թե ինչ տակտիկա կորդեգրվի՝ բոյկոտ, անվավեր դարձնել քվեաթերթիկները կամ ոչ ասել, սա կախված է իրավիճակից։ Նաև մենք չենք ուզում, որպեսզի որևէ մեկի մտքով անցնի, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է նորից սև ու սպիտակի բաժանել դաշտը»։

Նարինե Դիլբարյան
Նարինե Դիլբարյան

Նախկին խորհրդարանական ուժերից «Ժառանգությունը» բովանդակային առումով տարաձայնություն չունի «Իմ քայլի» հետ. Սահմանադրական դատարանի 7 անդամները, որոնք, ըստ կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի, տարիներ շարունակ դակել են իշխանահաճո որոշումներ, պետք է հեռանան, սակայն «Ժառանգությունը» դեմ է խնդրի ոչ ամբողջական լուծմանը. - «Գործող Սահմանադրությունը իրականում ժողովրդի կողմից մերժված և կեղծիքներով ընդունված Սահմանադրություն է, ուստի հեղափոխության առաջին իսկ պահերից հնչել էր Սահմանադրությունը բարեփոխելու խոստումը։ «Ժառանգությունը» կարծում էր և հույս ուներ, մենք հայտարարություն արեցինք, որ տեղի կունենա մեկ հանրաքվե, որով համախումբ կբարեփոխվի ամբողջ Սահմանադրությունը, այդ թվում նաև Սահմանադրական դատարանին վերաբերող հոդվածները։ Սակայն մենք տեսանք, որ կարծես հատվածական հանրաքվեների ուղղությամբ է գնում գործընթացը, ինչը որոշ շփոթմունք և տարակարծություն է առաջացնում»։

«Ժառանգություն»-ում ևս այժմ քննարկումներ են ընթանում, չի բացառվում, որ կուսակցությունը այնուամենայնիվ կլինի «Այո»-ի ճամբարում։

Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Քաղաքացու որոշում» կուսակցությունում քննարկումներից հետո մեկ հարցում բոլորը միակարծիք են՝ ՍԴ 7 անդամները պետք է հեռանան։

Միքայել Նահապետյան
Միքայել Նահապետյան

«Որովհետև նրանք աչք են փակել ընտրակեղծիքների վրա, իրենց դռները թակող քաղաքացիների արդարության որոնումները անպատասխան են թողել, լեգիտիմացրել են այդ կեղծվող ընտրությունները ու ոչ լեգիտիմ գործընթացները», - ասում է կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը «Քաղաքացու որոշումը» հնարավոր համարում է «Իմ քայլի» առաջ քաշած ծրագրով, սակայն, Նահապետյանի խոսքով, վստահություն չունի, որ կառավարող ուժը կկարողանա սկսած գործընթացն ավարտին հասցնել, ընտրել հանրության պատկերացումներին համապատասխան նոր դատավորներ, կատարել խոստացած մյուս դատաիրավական բարեփոխումները. - «Կառավարող ուժը, որպեսզի դա կարողանա կյանքի կոչել, պիտի հետայսու հրաժարվի իր երկակի ստանդարտներով, փոփոխվող սկզբունքներով, անհետևողական, հատվածական լուծումներ տալու քաղաքական գործելաոճից։ Այն, ինչ մենք տեսել ենք. անում ես հեղափոխություն, հետո ասում ես՝ Հրայր Թովմասյանի հեռանալու կարիքը այս պահին չեմ տեսնում, մտածում ես, թե ինքը կփոխվի, հետո մտածում ես՝ չէ, մենք իրան կփոխենք»։

Հանրապետական կուսակցությունն օրեր առաջ խիստ դատապարտեց Սահմանադրական դատարանի 7 անդամներին հեռացնելու նախաձեռնությունը։ Սակայն ՀՀԿ-ում հետևում են զարգացումներին ու շարունակում են քննարկումները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG