Մատչելիության հղումներ

Բադասյանը և Բուքիքիոն հեռախոսով քննարկել են Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի հարցերը


ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո, արխիվ

Հայաստանի արդարադատության նախարարը այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ՝ քննարկելով Սահմանադրության փոփոխության և այդ հարցով նշանակված հանրաքվեի հարցը։

«Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է նախարար Ռուստամ Բադասյանը։

Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Հանրաքվեն ապրիլի 5-ին անցկացնելու մասին հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է երեկ։

Անցած շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները կոչ էին արել Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից:

XS
SM
MD
LG