Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի համար առանցքային է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, մինչդեռ «Իմ քայլի» համար՝ ոչ պարտադիր


ԱԺ նիստ, արխիվ

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առանցքային է համարում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շեշտում է՝ գլոբալ առումով իրենք կողմ են հանրաքվեի գաղափարին, սակայն երեկ չմասնակցեցին քվեարկությանը, քանի որ բացակայում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև չէին պահպանվել սահմանված ընթացակարգերը, տվյալ դեպքում բացակայում էր Պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։ Այնպես որ, այս պահին ԲՀԿ-ում չկա հստակ դիրքորոշում՝ անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ։

«Երբ որ կլինի արդեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եթե, իհարկե, մեր գործընկերները հարկ համարեն արձագանքել համազեկուցողներին և ուղարկել Վենետիկի հանձնաժողով, թե ինչպիսին կլինի «Բարգավաճի» դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ, մենք դեռ կհավաքվենք, կքննարկենք», - ասաց Զոհրաբյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն դեռևս հստակ որոշում չունե՞ն՝ կմասնակցեն քարոզարշավին, թե ոչ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չունենք դեռևս հանրաքվեի մասնակցության մեր կերպի և հանրաքվեի հանդեպ մեր դիրքորոշումը, մենք չունենք դեռևս, որովհետև չենք քննարկել»։

Իսկ եթե Վենետիկի հանձնաժողով չուղարկեն, կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն չի միանալու, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չեմ կարող խմբակցության անունից այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել այն պարզ պատճառով, որովհետև հարցը մենք չենք քննարկել, «եթե, ապա» տարբերակը մենք դեռևս չենք քննարկել, մենք քննարկել ենք ողջախոհության տարբերակը, որ երեկ խորհրդարանում գործընթացներն ավարտելուց հետո, այնուամենայնիվ, նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով»։

Մինչդեռ իշխող «Իմ քայլից» պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պնդում է՝ իմպերատիվ պահանջ չկա, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Այնուամենայնիվ իշխանությունը կանի՞ այդ քայլը, թե՞ ոչ, Վարդանյանն ասաց՝ առայժմ չեն կարող ասել։ Նախ պետք է սպասել, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի հանրաքվեի նշանակման մասին հրամանագիրը։

«Քանի դեռ հանրաքվեն նշանակված չի, մենք չենք կարող խոսել ընթացքի մասին, հենց կլինի նախագահի հրամանագիրը, ստորագրելուց հետո նոր կարող ենք անդրադառնալ այս հարցերին», - նշեց Վարդանյանը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար, հաշվի առնելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի եզրակացության անհրաժեշտությունը կառաջանա միայն այն դեպքում, եթե իրենք դիմեն դատարանին։

«Հանրաքվեի մասին որոշումը կայացվելուց հետո կարծես թե մենք որևիցե իմպերատիվ պահանջ էս առումով չունենք՝ Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալու», - ասաց նա։

Հարցին էլ, թե այս դեպքում 168-րդ հոդվածը պարտադի՞ր է, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «168-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրական դատարանի լիազորությունը, և լիազորության իմաստը հանգում է հետևյալին, որ մինչև Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարանն ուսումնասիրի, սա լիազորություն է, բայց Սահմանադրական դատարանը նաև գործում է այսպես ասած դիմումի հիման վրա։ Առկա է դիմումը՝ Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները։ Դիմումի բացակայության պարագայում Սահմանադրական դատարանն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որևէ գործ քննարկի»։

Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, վերջինս հրաժարվեց ասել՝ արդյո՞ք արդեն իսկ սկսել են հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները։

«Դեռևս նշանակված չէ հանրաքվեն, հանրաքվեն պետք է նշանակվի, նոր նշանակման փուլից սկսվում են նախապատրաստական աշխատանքները», - ասաց Մուկուչյանը։

XS
SM
MD
LG