Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը. Փաշինյան


Սահմանադրական դատարանի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախագիծը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև վարչապետը։

«Սահմանադրական դատարանի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է Ազգային ժողովը, և Սահմանադրական դատարանը դառնում է իշխանության երեք թևերի միջև բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարևորագույն նրբություն: Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ պաշտոնավարության ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել նաև դատավորները, և եթե հաշվի առնենք, որ Ազգային ժողովի նախագահն էլ զրկվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից կամ չունի այդպիսի լիազորություն, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանի կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմված են», - ասաց է Հայաաստանի վարչապետը՝ շարունակելով. «Մեղմված են նաև Սահմանադրական դատարանի նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետև գործող Սահմանադրությամբ, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է ոչ թե ցմահ, այլ վեց տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի դա, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների և ոչ թե Ազգային ժողովի կողմից»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարի: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Կառավարության ղեկավարն իր խոսքում ընդգծեց, որ դե ֆակտո և դե յուրե Սահմանադրական դատարանը Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար:

«1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը: Որովհետև Սահմանադրական դատարանը ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը», - նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ «եթե ոչինչ չփոխենք, երազանքի Սահմանադրական դատարան կունենանք ամենաշուտը 2035 թվականին, որովհետև գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները այնպիսի ձևակերպումներ են տվել, որ հին, այն հին ու մեզ հայտնի Սահմանադրական դատարանը շարունակի գործել հնարավորինս երկար»:

Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարում է 6 տարի, վարչապետի խոսքով, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչև 2035 թվականը:

«Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության։ Եվ, ի դեպ, հին Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն՝ նրանց նոր Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ այդ անդամների, այլ իր սեփական շահերի համար, որովհետև նրան պետք է եղել հին կարգով ընտրված ՍԴ անդամների պաշտոնավարումը մինչև 65 կամ ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետև ինքը ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պիտի ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 25-ին, և որպեսզի պաշտոնավարի Հրայր Թովմասյանը, «նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ»։

Հրայր Թովմասյանը, ըստ վարչապետի, Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության, նշեց Փաշինյանը:

«Սահմանադրական դատարանը չունի ոչ մի հակակշիռ և ընդհանրապես ոչ մի զսպում, փոխարենը կարող է և փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կարգավիճակի վերաբերյալ», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է որոշում կայացնեն հարցը ժողովրդով լուծելու համար։ «Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և այո ասեն այդ փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում, ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և Ազգային ժողովի կողմից ընտրված Արման Դիլանյանը և նախագահի կողմից առաջադրված և Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը», - հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրաքվեից հետո Հայաստանի կառավարությունը, Հանրապետության նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ, դատավորներին կընտրի Ազգային ժողովը, և «մի քանի ամսվա ընթացքում, կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված և գործող Սահմանադրական դատարան, որը իր կազմից կընտրի Սահմանադրական դատարանի նոր նախագահ»:

«Նոր Սահմանադրական դատարանի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն Սահմանադրական դատարանի սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների և սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Եվ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի Սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր, քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում և ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար», - հայտարարեց պետության ղեկավարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG