Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» հանրաքվեի է դնում ՍԴ նախագահի ու ևս վեց անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը


Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակինյան («Իմ քայլը»)

Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ևս 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանրաքվեի է դնելու։

Իշխանական պատգամավորները սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող է ընդունվել, բայց, ինչպես բացատրեց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, իրենք ուզում են լսել ժողովրդին։​

««Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու սույն նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով Ազգային ժողովին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Սա ուղղակի ուղիղ ժողովրդավարության կիրառում է։ Ինչպես մենք ասել ենք, մենք հավատում ենք մեր ժողովրդին և մենք ասելիք և լսելիք ունենք մեր ժողովրդից», - ասաց Հովակիմյանը։

Ամիսներ շարունակ Սահմանադրական դատարանի ճգնաժամից խոսող իշխանական պատգամավորներն այսօր առաջարկեցին դրա լուծման հերթական տարբերակը՝ Սահմանադրության փոփոխություններով դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այս նախագիծը չի վերաբերվում միայն այս պահին պաշտոնավարող դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Վահագն Հովակիմյանը իրենց առաջարկը հիմնավորեց՝ ասելով, որ կարծում են, թե Սահմանադրական դատարանը հանրային ամենացածր վստահություն ունեցող պետական մարմինն է, և իրենց նպատակներից մեկ վստահության վերականգնումն է. - «Որովհետև հանրությունը ի դեմս այսօրվա Սահմանադրական դատարանի տեսնում է այն Սահմանադրական դատարանին, որը տարիներ շարունակ ծեծերը, ջարդերը, ընտրությունների կեղծումները դակում էր, հաստատում էր, ասում էր՝ դե լավ, մի թեթև բան ա եղել, մի քիչ կեղծել են, մի քիչ էս են, բայց դե չի ազդել արդյունքների վրա։ 2008 թվականին էլ դե ասենք տասը մարդ են սպանել, կեղծել են....»

Նա նաև անդրադարձավ ՍԴ նախագահի «աճպարարություններով» ընտրությանը, երբ Թովմասյանը պաշտոնը ստանձնելով նախքան 2015-ի Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը՝ հնարավորություն ստացավ պաշտոնավարել ոչ թե 6, այլ՝ 18 տարի:

Հովակիմյանի խոսքով, Հանրապետական կուսակցության նախկին ներկայացուցիչ, 2015-ի Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանը ուղղակի կարգվել է ՍԴ նախագահ. - «Թավշյա հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանը շարունակեց հանդես գալ որպես իր քաղաքական թիմի ներկայացուցիչ, նա շարունակեց հանդես գալ որպես քաղաքական ընդդիմադիր Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքով ընտրված իշխանություններին»։

Ելույթների համար աննախադեպ թվով՝ 45 պատգամավոր էր գրանցվել «Իմ քայլից» ու «Լուսավոր Հայաստանից»։ «Բարգավաճ Հայաստանից» ելույթներ չեղան, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խոսեն միայն խմբակցության անունից:

«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանի խոսքով, իրենք այսօր իրականացնում են «նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու» հեղափոխության ժամանակ տված խոստումը. - «Պետք է հիասթափեցնեմ նախկինի կարգավիճակին համակերպվել չցանկացող գործընկերներիս։ Այո՛, ժողովրդի կամքով ձևավորվելու է նաև այս մարմինը, և այլևս չեք կարող տարիներով կեղեքված քաղաքացու վրա ոտքերը մաքրել։ Սա մեր երկրում բացառվելու է, և բացառվելու է ընդմիշտ»։

Սասուն Միքայելյանը ևս չշրջանցեց նախկինների թեման․ - «Նախորդ իշխանությունները ուզում են տանեն փակուղի, ուզում են տանեն քաղաքացիական պատերազմի։ Որի գնահատականը էլի պիտի ժողովուրդը տա։ Պարոնայք սպաներ և ինքնասպաններ, ժողովուրդը պետք է որոշի, և թողեք ժողովրդի դատին»։

Ընդդիմադիրները մտահոգված էին։ Էդմոն Մարուքյանն ասաց՝ թե՛ արտահերթի անցկացումը, թե՛ բերված առաջարկը հակասահմանադրական են. - «Ժողովրդին ո՞ւր եք տանում տեղամաս։ Էստեղ արեք, պրծեք... Հայաստանի տնտեսությունը կարիք ունի՞ մինչև մայիս ամիսը քարոզարշավի մեջ մտնի։ Մենք մի տարի առաջ ենք քարոզարշավից դուրս եկել։ Սփյուռքը, Հայաստանի ներդրողները ներվեր ու հավես ունե՞ն ընտրական գործընթաց նայելու։ Բա ասում եք՝ մեդիան սաղ սևերի մոտ ա, բա սևերի մեդիան ամեն օր քարոզարշավի մեջ ա լինելու։ Բա էդ իրանց եք էդ շանսը տալիս։ Բա էդ ինչի՞ եք անում։ Կարա՞ք էդ հարցերին պատասխանեք։ Ինչի՞ եք օգնում Սերժ Սարգսյանին։ Վաթսուն օր քարոզարշավի մեջ եք մտցնում պետությունը, որ ի՞նչ անեք։ Արժե՞ր Հրայր Թովմասյանի համար էդքան բան արժեզրկել և զոհաբերել։ Ես կարծում եմ, որ ոչ»։

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը նախ անդրադարձավ Վահանգն Հովակիմյանի ելույթին՝ այն անվանեց լրագրողական, իրավական հիմնավորումներից զուրկ․ - «Դուք ասում եք, որ մենք տապալելու ենք առաջին ընթերցումը, և դրանից հետո հանրաքվեի է դրվելու։ Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, գրված է՝ առաջին ընթերցումը դուք պետք է հաստատեք, դրանից հետո պետք է գնա Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո երկրորդ ընթերցման ժամանակ բացասական քվեարկենք, դրա արդյունքում նոր կարող եք հանրաքվեի հարց բարձրացնել։ Ախր կարելի է չէ՞ էս ամեն ինչը կարդալ»։

Խորհրդարանի իշխանական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ակնարկը ակնհայտ «Լուսավոր Հայաստանին» էր ուղղված, թե՝ կողմնորաշվեք. - «Կամ դուք քաղաքական որոշում եք կայացնում, այրում եք ձեր կամուրջները անցյալի հետ, կամ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, որի հնարավորությունը ունեցել եք հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, հեղափոխությունից մի քիչ հետո։ Հիմա. կամ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների և մնացածի պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել Հայաստանի Հանրապետությունում։ Կամ ազնիվ եղեք, համենայն դեպս, էկեք ասեք՝ մենք մեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում։ Եվ մարդիկ թող ձեզ վերաբերվեն էդ ձևով»։

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը չհստակեցրեց՝ մինչև հանրաքվեի մասին որոշումն ընդունելը արդյո՞ք սահմանադրության փոփոխությունների նախագիծը ուղարկվելու է ՍԴ՝ դրա համապատասխանությունը սահմանադրությանը պարզելու համար:

Ավելի վաղ Հովակիմյանն առաջարկել էր փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում հնարավոր կլիներ շրջանցել ՍԴ-ն, բայց առավոտյան պատգամավորը որոշեց հետ կանչել դրանք:

Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» նաև չի բացահայտում՝ որոշումն ընդունվելու դեպքում երբ է մտադիր ՍԴ անդամների պաշտոնանկության հարցով հանրաքվե անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG