Մատչելիության հղումներ

Ամուլսարի հանք տանող ճանապարհը կշարունակվի փակ մնալ


Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը կշարունակվի փակ մնալ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, 2018-ից ճանապարհը փակ պահող երիտասարդներից Շիրակ Բունիաթյանը։

«Ամուլսարի մուտքերը կբացվեն մի դեպքում, երբ պետության կողմից բարձր մակարդակով կհայտարարվի, որ Ամուլսարում հանքարդյունաբերական էջն այլևս փակված է և այնտեղ կասեցված է բոլոր իրավունքները հանքարդյունաբերությամբ զբաղվելու։ Մեր պայքարն ուղղված չէ ո՛չ ընդդեմ կառավարության, ո՛չ տվյալ կազմակերպության, ժողովուրդն ունի մեկ պահանջ, որ Ամուլսարում պետք է հանքարդյունաբերություն չլինի», - նշեց Բունիաթյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը կրկին կոչ էր արել բացել Ամուլսար տանող ճանապարհը։ Այդ գործողությունները համարեց ոչ տրամաբանական։

«Որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի ու դուրս չի գալիս։ Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է։ Այսինքն՝ ինքը նույն ստատուսքվոյի վրա մնալու է, ինչ որ 2018 թվականին. ո՛չ էն կողմ, ո՛չ էս կողմ», - նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի, կարող են առաջանալ իրավական խնդիրներ, ենթադրում է, որ «Լիդիանը» արբիտրաժ կդիմի։ Իսկ արդյո՞ք ինքը՝ վարչապետը շահագրգռվածություն ո՞ւնի, որպեսզի Ամուլսարը շահագործվի, և՛ այո, և՛ ոչ։

«Օրինակ, եթե Ամուլսարի հանքը շահագործվեր, էս տարի մենք կունենայինք ոչ թե 7,5 և ավելի և հետագայում էլ, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր և այլն, բայց մյուս կողմից ես ոչ մի պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի և կոնկրետ Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչների առողջության և Հայաստանի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին։ Հիմա քանի որ էնտեղ ճանապարհը փակված է, մենք չենք կարողանում գալ եզրակացության՝ հիմա դա անդառնալի վնասներ պարունակո՞ղ է, թե՞ ոչ։ եվ այս հարցը այս վիճակում մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ ես համարում եմ այս գործողությունները չտրամաբանված, անհարգալից և համարում եմ, որ այդ գործողությունները չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից։

Ջերմուկցիները նշում են՝ խնդրի լուծման համար, կառավարությունը այլ ելքեր պետք է փնտրի։

«Կրկնում եմ էն պատգամավորների ասածը, ովքեր որ ներկայացնում են «Իմ քայլը» ու մի քանի անգամ այցելել են մեզ Ամուլսարի պոստեր, որ շինարարության ընթացքում կամ հանքարդյունաբերության նախնական փուլում, եթե նկատենք խնդիրներ և թերություններ, մենք դա կփակենք օրենքի սահմաններում։ Տվյալ դեպքում մարդիկ տեսնում են մյուս հանքերում տիրող իրավիճակը, աղտոտված ջրերը, գետերը, վերջերս էդ Արծվանիկի պոչամբարից էլ արտահոսքը, այսինքն մարդիկ տեսնում են, իրազեկված են ու այսօր ունեն վառ օրինակ, որ երբ որ կան խնդիրներ, այդ խնդիրները մնում են անլուծելի մյուս հանքերում ու մարդիկ ունեն մտավախություն, որ ստեղ էլ պետք է նույնը լինի, չի կարա բացառություն լինի ու մնում են իրենց կարծիքին, որ ստեղծված իրավիճակում կարելի է գտնել մեկ այլ ելք, բայց ոչ թե մարդկանց ստիպել, որ իրենք բացեն ճանապարհները», - նշեց Շիրակ Բունիաթյանը։

Ամուլսարը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ հայտարարում է, որ այս ընթացքում շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ: Հայտարարությունում ասված է նաև, որ «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները:

XS
SM
MD
LG