Մատչելիության հղումներ

Աբրահամյանը վստահեցնում է՝ չեն փորձել համոզել ջերմուկցիներին բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհները


Ջերմուկում երեկ մի խումբ պատգամավորների, շրջակա միջավայրի նախարարի ու տեղի բնակիչների հանդիպումը համացանցում քննարկումների ու քննադատությունների առարկա դարձավ։ Բանն այն է, որ Ամուլսարի շուրջ քննարկումը ընթացել է փակ ֆորմատով՝ առանց լրատվամիջոցների։

Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, որոնք տեղի բնակիչները փակ են պահում արդեն մեկ տարուց ավելի։ Նրանք կտրականապես դեմ են Լիդիան ընկերության կողմից ոսկու հանքի շահագործմանը։

Ջերմուկում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցած իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն «Ազատության» եթերում արձագանքեց քննադատություններին՝ պնդելով, որ տեսախցիկների առկայությունը կխոչընդոտեր քննարկման արդյունավետությանը, քանի որ երկու կողմն էլ որոշակի կաշկանդվածություն է ցուցաբերում։

Անդրադառնալով հանդիպմանը՝ նա նշեց, որ իրենք տեղի բնակիչներին ներկայացրել են, թե Ամուլսարի գործով հարուցված քրգործն ինչ փուլում է, ինչ տեսակետ ունի այս ամենի մասին նախարար Էրիկ Գրիգորյանը, հանդիպման մասնակիցներին հայտնել են, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մոտ 800 մլն դրամի նոր սարքավորումների գնման հայտ է ներկայացրել, որոնց միջոցով պետությունը կկարողանա ինքնուրույն ստուգել բնապահպանական ռիսկերը։

«Պետությունն այսուհետ ոչ թե հիմնվելու է Սովետական Միությունից մեզ ժառանգություն ստացած այդ սարքավորումներից տրված ինֆորմացիայով, այլ հենց իր նոր սարքավորումներով իր իսկ կողմից իրականացված հետազոտություններով։ Սա Տեսչական մարմնին տալու է հնարավորություն շատ հստակ իրականացնելու որոշ գործառույթներ, որոնք ցույց կտան ի վերջո այս հանքի վտանգավորությունը և կկանխարգելեն հնարավոր հետագա զարգացումները», - ասաց նա։

Արձագանքելով Թեհմինե Ենոքյանի գրառմանը՝ Աբրահամյանն ասաց, որ իրենք չեն փորձում համոզել ջերմուկցիներին բացել հանք տանող ճանապարհները։ Ըստ նրա, իրենք, որ տարիներով են պայքարել այս խնդրի դեմ, երբևէ չէին կարող նման ուղերձով գնալ մարդկանց մոտ։

Այդուհանդերձ, իշխանությունները հանք տանող ճանապարհները բացելու մասին հայտարարություններ արել են. ամիսներ առաջ այսպիսի խնդրանքով ջերմուկցիներին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ առնվազն մինչ 2020-ի ապրիլ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն իրականացվելու։

Գայանե Աբրահամյանն էլ ասաց՝ իրենք մտահոգված են ճանապարհները փակ պահող մարդկանց համար։ Պատգամավորի ներկայացմամբ, այնտեղ ձմեռն անցկացնելու համար հնարավորություններ չկան։

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի գնահատմամբ, երեկ տեղի ունեցած հանդիպումը իշխանության ներկայացուցիչներին ցույց տվեց, որ ճանապարհները փակ պահող ջերմուկցիներն անկոտրում են։ Ինչ վերաբերում է իշխանական այն խոստումներին, որ մինչև գարուն Ամուլսարում շինաշխատանքներ չեն իրականացվելու, Վարդանյանն ընդգծեց. - «Առանց պետության պնդելու էլ կլիմայական պայմաններն այնպիսին են, որ այնտեղ երկուսից երեք մետր ձյուն է նստած լինում, ու պարզ է, որ չի լինելու, այսինքն՝ դրա համար պետք չի պաշտոն ունենալ կամ կառավարություն լինել, որպեսզի դա պնդել»։

Հանդիպմանը մասնակցած ջերմուկցիները «Ազատությանը» փոխանցեցին՝ որևէ արտառոց բան չի քննարկվել, իրենք էլ դիրքորոշումը չեն փոխել և շարունակելու են փակ պահել ճանապարհները։

Նազելի Վարդանյանի խոսքով, ջերմուկցիներն իրենց իրավունքներն են իրացնում և կարող են պաշտպանել դրանք մինչև վերջ դատարանով կամ օրենքին չհակասող ցանկացած այլ ճանապարհով, իսկ ինքը՝ որպես փաստաբան, ջերմուկցիներին խորհուրդ է տվել դատարան գնալ. - «Հիմա իրենք տեսնում են, որ այս ճանապարհով, իրավական ճանապարհով, հաշվի առնելով մեր արդարադատության վիճակը, ոչ մի բանի չեն հասնում, դրա համար մարդիկ ֆիզիկապես այնտեղ իրենց ներկայությամբ են պաշտպանում իրենց իրավունքները։ Հիմա եթե իրենք հեռանան, կբերեն, մի հատ զորք կկանգնացնեն և ընդհանրապես ինչ ուզեն՝ կարող են անել», - շեշտեց նա։

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ՝ Ամուլսարի շահագործման գործով Քննչական կոմիտեն մի շարք տվյալներ է ձեռք բերել։ Կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ դրանց հիման վրա նոր քննություն է ընթանալու։ Հայկ Գրիգորյանն ասել էր, որ կոմիտեն ի սկզբանե Բնապահպանության նախարարությունից պահանջել է և ստացել Ամուլսարի հանքի շուրջ բոլոր կարևոր փաստաթղթերը, սակայն երբ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ստուգել՝ կա՞ նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն, թե՞ ոչ, ի հայտ են եկել մի շարք փաստաթղթեր, որոնք իրենց չէին տրամադրել։ Սա, ըստ կոմիտեի նախագահի, քննության նոր զարգացման հիմք է:

Չնայած այս ամենին իրավաբան Վարդանյանն ընդգծեց՝ քննչական մարմնին չի վստահում, ավելին պնդեց՝ Քննչական կոմիտեն դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ է թույլ տվել։

«Քննչական կոմիտեի նախագահը կառավարության նիստին և բազմաթիվ անգամ մամուլով և հեռուստատեսությամբ հայտարարել է՝ 35 հազար փաստաթուղթ կա, և վարչապետն էլ է դա կրկնել, այդ գործում, և դրանով հիմնավորվել է, որ հետապնդում իրականացնել հնարավոր չէ, և գործը պետք է կարճվի։ Հիմա փոխվել է, չգիտեմ՝ դա եղանակի հետ է փոխվում, թե մարդկանց տրամադրության հետ, ես չեմ հասկանում, բայց քրեական դատավարությունը պետք է չխախտվի», - եզրափակեց նա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG