Մատչելիության հղումներ

Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիներն արդեն ավելի քան տաս օր թույլ չեն տալիս «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքի կառուցման աշխատանքները:

Ջերմուկ քաղաքի ու հարակից համայնքների բնակիչները, ովքեր փակել են Ամուլսարի հանքավայր տանող երեք ճանապարհները, այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրին` չեն դադարեցնելու ակցիաները, քանի դեռ հանքավայրի գործունեությունը չի կասեցվել:

Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը
Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը

Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով՝ չնայած քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու վարչապետ Փաշինյանի կոչին՝ իրենք շարունակում են պայքարը, քանի որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում․ - «Մենք հենց գործողությունների ենք դուրս եկել նաև արգելափակելու այն անդառնալի վնասը, որը կրելու է հավերժ ու մշտական մեր սարը, մեր բնական միջավայրը»:

Չնայած, որ «Ամուլսար»-ում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա, այդուհանդերձ հանքին հարակից համայնքների բնակիչներն ահազանգում են՝ հանքի կառուցման ընթացքում արդեն վնասները տեսել են՝ մասնավորապես փոշու աննախադեպ մեծ շերտերը:

Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակած ցուցարարը ներկայացնում է իր փաստարկները
Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակած ցուցարարը ներկայացնում է իր փաստարկները

«Մեղվապահներն էին հիմնականում դժգոհում՝ էդ փոշին ծաղիկի վրա էր նստում ու մեղուն էլ չեր կարում էդ ծաղիկից իրա մթերքը հավաքել», - ասում էր ցուցարարներից մեկը:

«Երեք ամսվա մեջ երեք անգամ ջրատար խողովակ են վնասում, ամբողջ ցեխաջրերը լցվում են համայնք: Երեք օր մի ամբողջ համայնք խմելու ջուր չուներ բացարձակապես․ ցեխաջուր էր», - պատմում էր մյուսը:

«Եթե ապացուցեցին՝ վնաս չի, թող աշխատի, աշխատատեղա, հո ժողովուրդը պարապ չե՞ն մնալու․․․ բայց որ փաստորեն վնասա՝ էդ ես գյուղացի հալովս գիտեմ․․․ ստեղ մենակ Վայոց ձորի հարցը չի, ստեղ Սևանի հարցնա, Մարտունի, Քյավառ, Արարատյան դաշտ․․․ սաղ ջուրը հասնումա, չէ՞», - կարծիք հայտնեց ճանապարհը փակող գյուղացիներից մեկը:

Ցուցարարների վրանային ճամբարը
Ցուցարարների վրանային ճամբարը

Ամուլսար տանող ճանապարհները փակելու համար ստեղծված երեք «պոստերում» հսկողություն են իրականացնում նաև հանքում աշխատած անձինք, նրանց թիվը ըստ նախաձեռնողների՝ կազմում է 35-40 հոգի:

Առողջարանային Ջերմուկում տուրիստների թիվն արդեն իսկ նվազել է՝ պնդում են հանքավայրի գործունեության դեմ պայքարողները: «Ազատության» հետ զրույցում նրանք այսօր նաև վստահեցնում էին, որ աջակցում են վարչապետ Փաշինյանին և իրենց գործողությունները քաղաքական որևէ ուղղորդում չունեն:

«Լիդիան Արմենիա» ընկերության՝ պարապուրդի մատնված շինտեխնիկան
«Լիդիան Արմենիա» ընկերության՝ պարապուրդի մատնված շինտեխնիկան

«Սա հանրության՝ գիտակից մարդկանց պայքարն է հանուն իր առողջության, հանուն իր ապագայի, հանուն իր բնության», - նշեց ցուցարարներից՝ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը:

Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ այդ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG