Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ի ամբիոնից քննադատել է Հայաստանի գործող իշխանություններին


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ համագումարի ընթացքում, Զագրեբ, 20-ը նոյեմբերի, 2019թ.

«Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով», - այս մասին այսօր Խորվաթիայում ընթացող ԵԺԿ համագումարին հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց՝ իր նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեին և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից. - «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին՝ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների ու ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը հասել են վտանգավոր չափերի։ «Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ», - նկատեց նա։

Հայաստանի երրորդ նախագահն ասաց նաև, որ Հայաստանում կատարվածի մեջ կա նաև իրենց մեղքը. - «Վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը», - նշեց նա։

Անդրադառնալով արցախյան հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ արցախյան հակամարտության բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում։ Նա նշեց՝ շատ լավ գիտի խաղաղության արժեքը, և այս տեսակետից ցանկացած, անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից։

«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին։ Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում», - ընդգծեց նա։

Վերջինս նկատեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իր ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: «2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG