Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավոր. Կաշկանդող ոչինչ չկա, որ «ՀԺ»-ի հոդվածի հիման վրա սկսվի իրավական գործընթաց


Ազգային ժողովի պատգամավոր Արման Բոշյան («Իմ քայլը»)
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բոշյան («Իմ քայլը»)

Դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) չեն մեկնաբանում, թե արդյոք «Հայկական ժամանակ» օրաթերթի աղմկոտ հոդվածը ուսումնասիրության նյութ հանդիսացե՞լ է իրավապահների համար, թե՞ ոչ։

Երեկ օրաթերթը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ պաշտոնավարման շրջանում գործունեության մասին հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, թե «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Փաշինյանի և նրա ընտանիքի դեմ քարոզչական արշավը համակարգվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։

Բացի այդ, ըստ հոդվածի, Վանեցյանը տեղեկատվության արտահոսք է արել հօգուտ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի։


«Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Փաշինյանին և հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առևանգել և ազատությունից ապօրինի զրկել է: Այս խոսակցությունից շատ չանցած Վարդանյանը հեռացել էր Հայաստանից: Առեղծվածն այն է, թե որտեղից էր նա իմացել ԱԱԾ տնօրեն Վանեցյանին վարչապետի տված խիստ հանձնարարականի մասին` լրջորեն զբաղվել այս գործով», - գրում է հոդվածի հեղինակը։

«Կա մեկ փաստ, որը, իմ կարծիքով, և մեր հանրությունը ևս, համոզված եմ, կարող է հաստատել, որ վարչապետը՝ մեծամասամբ, և վարչապետի ընտանիքը ֆեյքային և համացանցային այս հարձակման թիրախում են, և անընդհատ մենք պարբերաբար տեսնում ենք տարբեր հոդվածներ, ֆեյքային՝ կազմակերպված և ակնհայտորեն մեկ կենտրոնից ուղղորդվող որոշակի պրոցեսներ կան՝ վարկաբեկելու, կեղծ տեղեկատվություն տարածելու, զրպարտության հետ առնչվող որոշակի նյութեր են հրապարակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավոր Արման Բոշյանը («Իմ քայլը»)։

Նրա կարծիքով, չկան հրապարկված փաստեր, որոնք կապացուցեն այս ամենին ԱԱԾ նախկին տնօրենի իրական առնչությունը, սակայն բացառել ևս հնարավոր չէ. - «Իմ համոզմամբ, և Իմ դիտարկումները բերում են նրան, որ կա սինխրոն գործունեություն, կա սինխրոնիզացված աշխատանք, և իհարկե այստեղ ոչինչ բացառել չի կարելի։ Սա ուղղորդված, կազմակերպված, հաշվարկված գործընթաց է և հետապնդում է մեկ նպատակ՝ դա առաջին հերթին հեղափոխության վարկաբեկումն է»։

Ըստ «Հայկական ժամանակի» հոդվածի, հետախուզման մեջ գտնվող «Արամ Վարդանյանն ի վերջո արտերկրում ձերբակալվում ու արտահանձնվում Հայաստանին, սակայն դրանից հետո էլ դատարանը մերժում է Վարդանյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, Վստրեչի Ապերը պարզապես ազատ է արձակվում:

Հոդվածի հեղինակը եզրակացնում է, թե վարչապետի դեմ «քարոզչական սխեմայի գաղափարախոսը Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն է, որն էլ իր հերթին կապված է Վատիկանի նախկին դեսպան, 3-րդ նախագահի դստեր ամուսին Միքայել Մինասյանի հետ։
Հոդվածում հիշատակված անձանցից Արթուր Վանեցյանը և «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը շտապեցին հերքել այս հրապարակումը։ Վարդանյանը հայտարարություն տարածեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ քաղաքականությամբ զբաղվողներին խորհուրդ տվեց իր անունը չշահարկել քաղաքական խաղերի մեջ։

Վանեցյանը գրառում կատարեց Ինստագրամի իր էջում. - «Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական։ Հրապարակման պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար: Կեղծիքն անպատասխան չի մնալու»։

«Ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները անպայմանորեն այս հոդվածին ծանոթացել են, որովհետև այնտեղ կան կոնկրետ հարցեր, որոնց պատասխանները պետք է լինի։ Եվ եթե այդ հոդվածի հիման վրա հնարավոր լինի որոշակի իրավական գործընթաց, համոզված եմ, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Կաշկանդող ոչինչ չկա և չի կարող լինել», - նշում է Արման Բոշյանը։

Անի Սամսոնյան
Անի Սամսոնյան


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Անի Սամսոնյանը ևս հույս ունի, որ իրավապահները կզբաղվեն հոդվածի հրապարակած տեղեկություններով՝ եթե կասկածներ կան, որ նկատելի հանցակազմ կա։ Սամսոնյանը նաև նշում է, որ վարչապետը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ու ԱԱԾ նախկին տնօրենի միջև սոցցանցում ծավալված բանավեճը բոլորովին քաղաքական չէ։

Մարիամ Փաշինյանը կիսվել էր հոդվածով և զարմանք արտահայտել, իսկ Վանեցյանը դրանից հետո նրան խորհուրդ էր տվել չխառնվել «մեծերի անհասկանալի խաղերին»:

«Շատ ընտանեական բանավեճ է, որը մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Բայց պետք է ասեմ, որ կարևոր է, որպեսզի ԱԱԾ-ի հաջորդ պետը լինի ոչ թե վարչապետի ընտանիքի վստահելին, սիրելին, բարեկամը կամ ընտրյալը, այլ պետք է լինի շատ պրոֆեսիոնալ մեկը, որը նվիրված լինի պետությանը և գործին», - նշեց Սամսոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG