Մատչելիության հղումներ

ՍԴ նախագահի խոսքով, իրավապահներն իր տանը սեփականության վկայականներ են փնտրել, բայց ոչինչ չեն գտել


Հրայր Թովմասյանը իր տանը կատարված խուզարկությունից հետո պատասխանում է լրագրողների հարցերին։
Հրայր Թովմասյանը իր տանը կատարված խուզարկությունից հետո պատասխանում է լրագրողների հարցերին։

Իր բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե օրվա իշխանությունները խնդիր ունեն արագ ձերբազատվելու իրենից որպես Սահմանադրական դատարանի նախագահ, և այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իր և ՍԴ-ի շուրջը, հիմնավորում է, որ խնդիրներն իրոք խորքային են։

«Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև իմ համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական-երրորդական է։ Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդքան արագ մսխել։ Եվ այս ամբողջ պրոցեսները, երբ են սկսել, ինչ է սկսվել, իմ հետ ինչ են խոսել... այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը։ Եթե առայսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված», - հավելեց Թովմասյանը։

Իրավապահները խուզարկությունն իրականացնում էին այն գործի շրջանակներում, որով Հրայր Թովմասյանը մեղադրյալ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հոդվածով:

Ըստ դատախազության, քրեական գործը վերաբերում է Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործընթացի հետ կապված չարաշահումներին։

Թովմասյանն ասաց, որ իրավապահներն իր տանը փնտրում էին ինչ-որ սեփականության վկայականներ, սակայն ոչինչ չեն գտել և ոչինչ չեն առգրավվել։

Առավոտյան Թովմասյանի փաստաբանները պնդում էին, որ խուզարկությունը սկսվել և իրականացվել է իրավունքի խախտումներով, և որ պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Թովմասյանը բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվության վերաբերյալ դատարանի որոշմանը չեն ծանոթացել: Պաշտպանական թիմին նաև չի տրվել դատարանի որոշման պատճենը։

Հատուկ քննչական ծառայությունը, մինչդեռ, շտապեց հայտարարել, որ դա «ակնհայտ ապատեղեկատվություն է». - «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը»։

Պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց նաև, որ իրենք միջնորդել են, որ բնակարանում տեղի ունեցող գործողությունները տեսանկարահանվեն, բայց քննիչը բանավոր կարգով մերժել է իրենց միջնորդությունը։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ հայտարարեց, որ բողոքարկելու են թե՛ քննիչի գործողությունները և թե՛ դատարանի որոշումը։

Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ 2-3 անգամ իրեն հրավիրել են հարցաքննության, իր խնդրանքը, միջնորդությունը մեկն է եղել՝ որպեսզի ողջ գործընթացը տեսաձայնագրվի. - «Որովհետև ես Ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։ Իրոք ցավ եմ ապրում դրա համար։ Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան՝ թե ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց և այլն, և այլն, չի լինելու։ Եվ իմ միջնորդությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի, և բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն։ Իմ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունները, թե՛ քննչական, թե՛ հարցաքննությունը, թե՛ այսօր տան խուզարկությունը որպեսզի չձայնագրվի, որպեսզի հետո տարընթերցումներ չլինեն, տարբեր մեկնաբանություններ չլինեն»։

Թովմասյանն ասաց՝ ցուցմունք չի տալիս, քանի որ այս գործընթացում «իրավունք գոյություն չունի». - «Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և վա՛տ քաղաքական է։ Եվ այնպիսի քաղաքական է, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից։ Երկրում որևէ մեկի շահերից չի բխում։ Հարց առաջին. ինչո՞ւ է օրենքը (ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին) ընդունվում արագացված ռեժիմով։ Մեկը ինձ կբացատրի՞... պայթյուն էր տեղի ունեցել, պետք էր գնա՞լ։ Հարց երկրորդ. ինչո՞ւ երկու ամիս, ինչ-որ պատահակա՞ն է այդ ժամկետը, երբ որ ինչ-որ գործեր պետք է լսվի։ Իսկ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը մի պահ, երբ որ յոթ դատավորներն էլ հրաժարական տան։ Հիշո՞ւմ եք, մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր են կարողացել ընտրել։ Հիմա պատկերացրեց յոթը դատավորին ընտրում են յոթը տարում։ Եվ այդ դեպքում պատկերացրեք ինչ է լինելու։ Կարող է ընտրական վեճ լինել, պայմանագրեր լինեն, մարդու խախտված իրավունքներ լինեն, այ ճգնաժամը այդ դեպքում կլինի»։

Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի նրա զբաղեցրած պաշտոնի հետ:

Օրերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոտարական պալատների հետ կապված չարաշահումների այս գործը բացառապես իրավական էր որակել․ - «Ոնց որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, և հետո, արդեն երբ մեր իշխանությունը կփոխվի ժողովրդի քվեի կամ ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունները ինչ-որ իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որևէ արած հանցագործություն, և ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են արել: Եկեք երկու երևույթներն իրար հետ չկապենք: Լիներ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, չլիներ, կապ չունի, այս մեղսագրվող արարքի մասին բացահայտում եթե արվեր, պիտի արվեր և գնար այս նույն հունով: Այնպես չի, որ մենք քնում, զարթնում ենք՝ հենց այս խնդրի մասին միայն մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG