Օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ հիմնավորվել է, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով
կատարված՝ գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ
հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր
հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր
կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան
քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը
խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն
իրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ
ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց
հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանը:
«Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից
տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի և
դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության
աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ
ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք: Ոստիկանները, ինչպես նաև
քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրել
պահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն չի ենթարկվել նրանց հորդորներին,
հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ
վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին
կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից: Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր և տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի
գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան և,
չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության
աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից
շարժել և ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքի
կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ
հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը և ավտոմեքենան
հեռացրել այնտեղից», - ասված է հաղորդագրությունում:
«Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ.
Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ («հանցակցություն արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն») հոդվածի 2-րդ
մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն
օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի
2-րդ մասով և 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը», - փոխանցում է Դատախազությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: