Մատչելիության հղումներ

Երևան-Սևան ճանապարհին պայթյունի գործով երեք անձ կալանավորվեց


Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունի հետևանքները, 2-ը օգոստոսի, 2019թ․
Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունի հետևանքները, 2-ը օգոստոսի, 2019թ․

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվել է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Այդ մասին այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:

Կոմիտեն հիշեցնում է՝ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կիլոմետր հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձանց՝ ծնված 1974թ., 1963 և 1966թթ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեն խոստանում է քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել:

Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում է նախատեսված շ«ատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձի» համար, 235-րդ հոդվածի 2-րդ մասը 2-ից մինչև 6 տարվա ազատազրկում է սահմանում «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG