Մատչելիության հղումներ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել


Քննչական կոմիտեն այսօր Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու հոդվածներով:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ կատարվում է նախաքննություն, նախնական վարկածների կամ կասկածյալների մասով դեռևս որևէ տեղեկատվություն փոխանցել չեն կարող:

Պայթյունի հետևանքով վնասվել էր կամուրջի եթևեկելի հատվածը, նաև երկու ավտոմեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի: Զոհեր և վիրավորներ չկան: Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով:

Նախնական տեղեկություններով՝ վնասված մեքենաները պատկանում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, ով հայտնի է «Շշի Մելո» մականվամբ: Նույն տարածքում՝ մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում նաև Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանը։ Մանուկյանը և նրա հարազատները մեկ անգամ չէ, որ մամուլի ուշադրության կենտրում են հայտնվել տարբեր քրեական պատմությունների շրջանակներում:

Նախկին պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էր, որ չի կարող ասել՝ կատարվածը մահափո՞րձ էր, թե՞ պատահականություն: Այլ հարցերի պատասխանել Մանուկյանը չի ցանկացել: Ավելի ուշ արդեն նախկին պաշտոնյայի հեռախոսը անջատված էր:

Նրա գործարանի տարածքում նկատվում էր ակտիվություն, մեր նկարահանումների ընթացքում այնտեղ մի քանի անգամ մուտք գործեցին նաև ոստիկաններ և քննիչներ: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել որևէ հարցի:

Նշենք, որ տեղի ունեցածից մի քանի ժամ անց դեպքի վայր եկան որոշ քաղաքացիներ, հատեցին ոստիկանների սահմանած հատուկ գոտին, սկսեցին վիճաբանել տեղում աշխատող մասնագետների հետ, որից հետո նրանցից մեկը, չենթարկվելով ոստիկանների ցուցումներին, նստեց իրեղեն ապացույց հանդիսացող Range Rover մեքենան և, գրեթե վրաերթի ենթարկելով ոստիկաններից մեկին, հեռացավ դեպքի վայրից։

Ավելի ուշ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ մեքենան հայտնաբերվել է և հարուցվել է քրեական գործ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածի հատկանիշներով: Քաղաքացին ձերբակալվել է:

Ահարոնյանը չցանկացավ գնահատել նաև տեղում աշխատող ոստիկանների աշխատանքը, որոնց ներկայությամբ քաղաքացին անօրինական գործողություններ կատարեց:

Պայթյունից հետո տեղում աշխատում էր Ճանապարհային ոստիկանությունը, Երևան-Սևան ավտոճանապարհը ծանրաբեռված էր, բայց երթևեկելի:

Դեպքի վայրում էր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը, ով տեղեկացրեց, որ ներկայումս վնասի գնահատման և ճանապարհի վերակառուցման վերաբերյալ նախագծային աշխատանքներ են տարվում։

«Ճանապարհային նշաններ են տեղադրվելու երթևեկությունը սահմանափակելու համար՝ բեռնատարների և հիմնականում աջ երթևեկելի գոտու», - նշեց Բադալյանը։

«Ազատության» հարցին, թե հիմնական աշխատանքները ինչքա՞ն ժամանակ կտևեն, Բագրատյանը պատասխանեց. ֊ «Դժվարանում եմ ասել, սկզբից պետք է նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացումը մեկնարկի, որը անմիջապես կիրականացնենք, դրանից հետո նոր՝ շինարարական աշխատանքները։ Կարծում եմ, որ առնվազն մեկ, մեկ ու կես ամիս անհրաժեշտ կլինի նախագծային աշխատանքները պատրաստելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG