Մատչելիության հղումներ

Մոսկվայի ոստիկանությունը ընդդիմադիրներից 18 մլն ռուբլի է պահանջում՝ չարտոնված ցույցերի պատճառով


Ռուսաստան - Օգոստոսի 3-ի չարտոնված ցույցը Մոսկվայում
Ռուսաստան - Օգոստոսի 3-ի չարտոնված ցույցը Մոսկվայում

Մոսկվայի ոստիկանությունը ընդդիմադիրներից 18 միլիոն ռուբլի կամ մոտ 300 հազար դոլար է պահանջում հուլիսի 27-ի և օգոստոսի 3-ի չարտոնված ցույցերի պատճառով։ Այդ մասին գրել է այսօր «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով Սիմոնովսկի շրջանի դատարանի մամուլի ծառայությանը։

Ոստիկանությունն արդեն հայց է ներկայացրել դատարան, և դատավարությունը պետք է սկսվի հոկտեմբերի վերջին։ Եթե դատարանը բավարարի հայցը, ընդդիմությունը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։ Մոսկվայի ոստիկանությունը համարում է, որ այդ չարտոնված ցույցերի պատճառով ստիպված է եղել հավելյալ ուժեր կիրառել՝ քաղաքում կարգուկանոն ապահովելու համար, և մտադիր է դրա վրա ծախսած գումարը ստանալ ընդդիմադիրներից։

Հայցում նշված են ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնին, Վլադիմիր Միլովը, Իլյա Յաշինը, Իվան Ժդանովը, Լյուբով Սոբոլը, Ալեքսանդր Սոլովյովը, Օլեգ Ստեպանովն ու Գեորգի Ալբուրովը։ Ընդդիմադիրները սա որակում են որպես քաղաքական ճնշում։ Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն ասում է, որ իշխանությունները փորձում են ֆինանսապես խեղդել ընդդիմադիրներին և այսպիսով տապալել նրանց գործունեությունն ու լռեցրել ընդդիմախոսներին։

Ավելի վաղ, հիշեցնենք, Մոսկվայի դատարանը պարտավորեցրել է ընդդիմադիրներին շուրջ 2,5 միլիոն ռուբլի վճարել մի շարք կազմակերպությունների, որ հայցեր էին ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցել վնասները, որ այդ կազմակերպություններն իբր կրել են հուլիսի 27-ի և օգոստոսի 3-ի չարտոնված ցույցերի պատճառով։ Հայց էր ներկայացրել ընդդիմադիրների դեմ նաև «Արմենիա» խանութ-ռեստորանը, որ տեղակայված է Տվերսկայա փողոցում, Պուշկինսկայա հրապարակի մոտ։ Ռուսաստանցիները համացանցում այս կապակցությամբ իրենց վրդովմունք էին հայտնում և կոչ անում այլևս չայցելել «Արմենիա» ռեստորան և խանութ։ Դե իսկ ամենամեծ հայցը Նավալնու հիմնադրամի դեմ չարտոնված ցույցերի համար ներկայացրել էր «Ֆլայ» ավտոընկերությունը՝ շուրջ մեկ միլիարդ ռուբլի։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում անցել էին ընդդիմության չարտոնված ցույցերն ու հավաքները։ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել ընդդիմադիր թեկնածուներին քաղաքային դումայի ընտրություններին, ընդդիմությունը բողոքում էր այս որոշման դեմ։ Հավաքները խաղաղ էին, սակայն ոստիկանությունն ու Ռոսգվարդիան ընդդիմադիրներին ցրելու համար բիրտ ուժ էին կիրառել, հազարավոր մարդկանց ձերբակալել էին, տասնյակից ավելի երիտասարդների դեմ քրեական գործեր են հարուցվել։

XS
SM
MD
LG