Մատչելիության հղումներ

Ռուս ակտիվիստը ձերբակալվել է համացանցում գրառման համար, նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում


Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է ցուցարարին, Մոսկվա, 3-ը օգոստոսի, 2019թ․

Ռուսաստանի մայրաքաղաքի քննչական կոմիտեն ձերբակալել է Մոսկվայի մարզի բնակիչ Վլադիսլավ Սինիցային՝ իրավապահ մարմինների աշխատակիցների զավակների նկատմամբ բռնի գործողությունների կոչերի համար: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սինիցան կասկածվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, որը ենթադրում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ռուսաստանցի իրավապահները պնդում են, որ հուլիսի 31-ին Սինիցան, ով համացանցում հայտնի է որպես Մաքս Ստեկլով, մի գրառում է հրապարակել, որում կոչ է արել բռնի գործողություններ ձեռնարկել ոստիկանների երեխաների նկատմամբ:

Սինիցան Մոսկվայի ցույցերի աջակիցներից է, նրա բնակարանում կիրակի օրը կատարվել է խուզարկություն, առգրավվել են համակարգիչն ու հեռախոսները: Քննչական կոմիտեն մտադիր է դատարան դիմել Սինիցային կալանավորելու համար:

Բայց սա պատմության միայն առաջին մասն է: Այն, ինչ կատարվեց Սինիցայի ձերբակալությունից հետո, դարձավ թերևս ռուսաստանցիների կողմից ամենաշատը քննարկվող նորությունը երեկ երեկոյան:

Դաշնային ՆՏՎ հեռուստաընկերությունը իր պաշտոնական էջում հրապարակել է անանուն իրավապահների մի խմբի բաց նամակ-պատասխանը Սինիցային: Նամակում, մասնավորապես, այդ իրավապահները զգուշացնում են ընդդիմադիրներին՝ նշելով, թե գիտեն, որ ինչ-ինչ աղբյուրներից գումարներ ստանալով՝ նրանք փորձում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, որպեսզի իշխանության գան նորից օլիգարխները:

Իրավապահների անանուն խումբը գրում է նաև, թե իշխանությունները ընդդիմության նկատմամբ բավականին լիբերալ են, կոշտ չեն, և խոստանում է կոշտ արձագանք: «Ձեզնից ոմանք գրում են, թե կսպանեն մեր երեխաներին: Մենք հայտարարում ենք, որ մեր երեխաների յուրաքանչյուր արցունքի համար արյամբ կպատասխանեք՝ և՛ դուք, և՛ ձեր երեխաները», - ասված է նամակում:

Սա թերևս մնար միայն համացանցում տարածված հերթական մի հայտարարություն, հատկապես որ անանուն է, սակայն այն հրապարակել է Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունը:

Ոստիկանությանն ու Ռոսգվարդիային զայրացրել է ընդդիմադիրների հնարքը՝ նրանք կարողանում են բացահայտել մեծամասամբ փակ դեմքերով գործող իրավապահների ինքնությունը՝ նույն համացանցի միջոցով, և հրապարակում են ցույցերին առավել դաժան գործելաոճով աչքի ընկնող իրավապահների անունները:

Քննչական կոմիտեն հանգստյան օրերին քրեական գործ է հարուցել նաև Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ հիմնադրամի վերաբերյալ․ հիմնադրամին իրավապահները կասկածում են փողերի լվացման և ֆինանսական մեքենայությունների մեջ:

Հիշեցնենք՝ անցած տարի Ալեքսեյ Նավալնին չէր կարողացել մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին հենց այն պատճառով, որ ունի դատվածություն հայտնի «Կիրովլես»-ի գործի» շրջանակում:

Չնայած ձերբակալություններին, քրեական գործերին, որ հարուցվում են ընդդիմադիրների և ցուցարարների դեմ, հավաքները Մոսկվայի կենտրոնում շարունակվելու են նաև այս շաբաթ՝ օգոստոսի 10-ին: Համենայն դեպս, այդ մասին հայտարարել է Նավալնու թիմակից Լեոնիդ Վոլկովը՝ հավելելով, որ իրենք այլևս չեն դիմելու Մոսկվայի իշխանություններին բողոքի ակցիաները կազմակերպելու թույլտվության համար, քանի որ չեն համարում, թե Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները լեգիտիմ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG