Մատչելիության հղումներ

Ռուս դերասան Պավել Ուստինովի գործով դատավճիռը կհրապարակի երկուշաբթի օրը


Բողոքի ցույցեր Ռուսաստանում, 3-ը օգոստոսի, 2019թ.
Բողոքի ցույցեր Ռուսաստանում, 3-ը օգոստոսի, 2019թ.

Դերասան Պավել Ուստինովի քրեական գործով դատավճիռը Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը կհրապարակի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, այս մասին այսօր հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։

Դերասանին մեղադրում են օգոստոսի 3-ին ցույցի ժամանակ Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու և նրա ուսը վնասելու համար։ Մեղադրող կողմը Ուստինովի համար պահանջել է վեց տարվա ազատազրկում։

Ուստինովը պնդում է, որ երբ իրեն բերման էին ենթարկում ցույցի ժամանակ, նա որևէ ձևով չի դիմադրել, իսկ Ռոսգվարդիայի նեկայացուցչի ուսը վնասել է պատահաբար։ Ուստինովը նաև ասել է դատարանում, որ ցույցի վայրում պատահական է հայտնվել, և ինքը նախկինում նույնպես ծառայել է Ռոսգվարդիայում։

«Այն որ Մոսկովյան գործով դատավարություններն անցնում են այսպես արագացված ռեժիմով, վկայում է, որ իշխանությունները պարզապես ուզում են վախեցնել ընդդիմադիրներին», - Эхо Москвы ռադիոկայանի եթերում այսօր ասել է քաղաքագետ Դմիտրի Արեշկինը։

«Զարմանալու ոչինչ չկա։ Ակնկալել, թե իշխանության գործողությունները թելադրված են լինելու մարդասիրությամբ կամ իշխանությանը գործելու է իրավական դաշտում, միամտություն է։ Իշխանություններն ամեն ինչ անելու են իշխանությունը պահելու համար և առաջին միջոցը վախեցնելն է», - նշեց է Արեշկինը։

Քաղաքագետի խոսքով՝ ինչքան շատանան սոցիալ-տնտեսական խնդիրները Ռուսաստանում, այնքան մեծանալու է բողոքի ալիքը երկրում և նույնչափ կոշտանալու է իշխանությունների գործելաոճը, «այլ միջոցներ իշխանությունը պահելու համար այդ իշխանությունները պարզապես չունեն»։

Այսօր շարունակվել են խուզարկությունները ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցների բնակարաններում։ Իրավապահներն այսօր երկրորդ անգամ խուզարկել են Նավալնու հիմնադրամի Նովոսիբիրսկ քաղաքում գործող շտաբի համակարգող Սերգեյ Բոյկոյի և նրա եղբոր բնակարանները։

Երեկ Ռուսաստանի իրավապահները առավոտից խուզարկություններ են անցկացրել Կրեմլի քննադատ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի դեկավար Ալեքսեյ Նավալնու երկրով մեկ գործող բոլոր գրասենյակներում։

Նավալնին հայտնել էր, որ երեկվա խուզարկություններն ամենամեծ ոստիկանական գործողություններն էին Ռուսաստանի նորագույն պատմության մեջ։

Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Նավալնու հիմնադրամի դեմ՝ մեղադրելով հիմնադրամին ֆինանսական մեքենայությունների և փողերի լվացման մեջ։ Հիմնադրամի բոլոր հաշիվները սառեցվել են։ Ռուսաստանցի ընդդիմադիրները, սակայն, սրա դեմ պայքարի արդյունավետ ճանապարհ կարծես թե արդեն գտել են՝ օգնության է եկել Լոնդոնում բնակվող հայտնի գործարար Եվգենի Չիչվարկինը, ով հայտարարել է, թե իր հաշիվների միջոցով կարելի է գումարներ ուղարկել Նավալնու ղեկավարած հիմնադրամին՝ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու համար։

Հուլիսից Մոսկվայում տեղի են ունենում բողոքի ակցիաներ Մոսկվայի դումայի սեպտեմբերի 8-ի ընտրություններին չգրանցված ընդդիմադիր թեկնածուների աջակցության համար։ Ցույցերի մի մասն արտոնված չէր և ոստիկանությունը, Ռոսգվարդիան բիրտ ուժ էին կիրառում այդ ցուցարարների դեմ։ Հազարավոր մարդկանց բերման էին ենթարկել, տասնյակից ավելի քրեական գործեր են հարցուվել։ Ցուցարարների մի մասն արդեն դատապարտվել է 2-4 տարվա ազատազրկման։

Նավալնին, հիշեցնենք, նոր ռազմավարություն էր կիրառել այս ընտրություններին խելացի ընտրություն ռազմավարությունը և կոչ էր արել իր աջակիցներին ամեն դեպքում մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը տալ անցողիկ թեկնածուներին, նույնիսկ Կոմուստներին, միայն թե չանցնեն իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուները։

Ռազմավարության արդյունքում Մոսկվայի դումայում այսօր 45 պատգամավորներից 20-ը ընդդիմադիրներ են, դրանցից 13-ը կոմունիստներ։ Փորձագետներից շատերը համարում են, որ սա Նավալնու առաջին լուրջ քաղաքական հաղթանակն է և իշխանությունները վախեցել են հատկապես, որ 2021-ին Ռուսաստանում անցնելու են Պետդումայի ընտրություններ։

Իշխանությունները և Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները արշավ են սկսել ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլև ընդդիմադիր լրագրողների դեմ, մասնավորապես, ռուսաստանցի այսօր ամենահայտնի Յուրի Դուդի դեմ, ով սեպտեմբերին հրապարակել էր ֆիլմ Բեսլանի ողբերգության մասին, որում, ըստ էության, իշխանություններին է մեղադրել 300-ից ավելի մարդու, այդ թվում՝ երեխաների սպանության մեջ։

XS
SM
MD
LG