Մատչելիության հղումներ

Ռազմական տեսանկյունից Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն․ գեներալ Բրիդլավ


Վրաստան - Գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Թբիլիսիում, սեպտեմբեր, 2019թ․
Վրաստան - Գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Թբիլիսիում, սեպտեմբեր, 2019թ․

Ռազմական տեսանկյունից Վրաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

Ամերիկացի պաշտոնաթող զինվորականը այս ամիս Թբիլիսիում էր` մասնակցելով ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի` ՄըքՔեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին:

«Ես զինվորական եմ և կարող եմ այս խնդրին անդրադառնալ հենց այդ տեսանկյունից: Վրաստանը ռազմական առումով համապատասխանում է բոլոր չափանիշներին և բազմիցս ի ցույց է դրել իր պատրաստակամությունն ու բարձր որակավորումը ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող գործողություններում: Եթե նայենք վիճակագրությանը, ապա պարզ կդառնա, որ ձեր երկրի տարածքի ու բնակչության համեմատ դուք ամենաշատ զինվորականներին եք ուղարկել Աֆղանստան և ամենաշատ զոհերն եք տվել», - Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կայքի Թբիլիսիի թղթակցի հետ զրույցում նշում էր ամերիկացի գեներալը` ընդգծելով․ - «Կարծում եմ, ձեր երկիրն ապացուցել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի և հավատարիմ գործընկերն է, և ռազմական պատրաստության տեսանկյունից որևէ խնդիր գոյություն չունի: Բոլոր խոչընդոտները քաղաքական են: Կան դաշինքի անդամ պետությունները, որոնք մատնանշում են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիայի փաստը»:

Ամերիկացի զինվորականի խոսքով՝ արևմտյան պետությունները պետք է հայտարարություններից անցնեն Վրաստանին հստակ աջակցություն ցուցաբերելուն:

«Ես, սակայն, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ առկա խնդիրների լուծումը կարող է ռազմական լինել», - նշում է գեներալը:

«Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, չի կարող հավերժ շարունակվել: Մենք պետք է լավատեսորեն տրամադրվենք, իսկ Վրաստանը պետք է պատրաստ լինի անդամակցությանը թե՛ ռազմական և թե՛ քաղաքական տեսանկյունից: Եթե ռազմական առումով ամեն ինչ կարգին է, ապա քաղաքական տեսանկյունից, կապված գրավյալ տարածքների հետ, որոշակի խոչընդոտներ առկա են: Ամեն դեպքում, զարգացրեք ձեր ժողովրդավարությունը և որևէ մեկին ՆԱՏՕ-ի ներսում այդ առումով աշխատեք մտահոգությունների տեղիք չտալ», - հայտարարում էր 2013-2016 թվականներին Եվրոպայում ԱՄՆ և Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղոցրած Ֆիլիպ Բրիդլավը:

XS
SM
MD
LG