Մատչելիության հղումներ

Բախտաձե. Թրամփի օրոք վրաց-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի են հասել


ԱՄՆ պետքարտուղարի և Վրաստանի վարչապետի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 11-ը հունիսի, 2019թ․
ԱՄՆ պետքարտուղարի և Վրաստանի վարչապետի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 11-ը հունիսի, 2019թ․

Միացյալ Նահանգները շարունակում է իր աներկբա աջակցությունը հայտնել Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ձգտմանը: Անցած գիշեր Վաշինգտոնում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Վրաստանի գործադրած ջանքերը ինձ մեծ վստահություն են ներշնչում, թույլ տալով, որպեսզի ես խոսեմ նաև նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների ողջ կառավարության անունից: ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին Վրաստանն այսուհետ ևս վայելելու է Միացյալ Նահանգների աջակցությունը: Բացի այդ, հարկավոր է ևս մեկ շատ կարևոր հանգամանք ընդգծել` Վրաստանի պաշտպանական ծախսերը այսօր արդեն կազմում են երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը: Սա այն չափանիշն է, որի կատարումը մենք պահանջում ենք նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներից», - հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Վրաստանի վարչապետը աշխատանքային այցով Վաշինգտոն է ժամանել դեռ հունիսի 5-ին: Մամուկա Բախտաձեի ամերիկյան ուղևորության ֆորմալ առիթը Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործակցության մասին համաձայնագրի կնքման տասնամյակն է:

«Հաճելի է կրկին Վաշինգտոն վերադառնալ` ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության տասնամյակը նշելու նպատակով: 2008-ին Վրաստանը ենթարկվեց ռուսական ագրեսիայի, Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը օկուպացվեցին: Այդ ճգնաժամից հետո էր, որ Վրաստանը և Միացյալ Նահանգները հատուկ պլատֆորմ ստեղծեցին, որի նպատակն էր մեր երկրի վերականգնումը, պետական ինստիտուտների ամրապնդումը, ժողովրդավարության և օրենքի գերակայության զարգացումը, ռազմական համագործակցության խորացումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների միջև կապերի ամրապնդումը», - նշում էր Բախտաձեն:

Անցած գիշեր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի վարչապետը նաև ընդգծում էր, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները նոր մակարդակի են հասել հատկապես Սպիտակ տան գործող վարչակազմի օրոք:

«Վերջին տասնամյակում մենք Միացյալ Նահանգների հետ կարողացել ենք շատ դինամիկ և համակողմանի գործակցություն զարգացնել: Մեր կապերը աննախադեպ բարձր մակարդակի են հասել հատկապես նախագահ Թրամփի վարչակազմի օրոք», - հայտարարում էր Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ իր երկիրն այսօր տիրապետում է այն բոլոր գործնական լծակներին, որոնք հնարավոր կդարձնեն անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Բացի այդ, ըստ Բախտաձեի, Վրաստանում խիստ երախտապարտ են Միացյալ Նահանգներին տարիներ շարունակ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար:

Սխալ կլիներ, սակայն, կարծել, որ Մամուկա Բախտաձեի վաշինգտոնյան այցը բացառապես փոխադարձ հաճոյախոսությունների մթնոլորտում է անցել: Խնդրահարույց հիմնական թեմաներից մեկը Վրաստանի տարածքում կառուցվող Անակլիայի նավահանգստի ճակատագիրն էր: 2017-ի դեկտեմբերին սկիզբ առած շինարարությունը ցանկացած պահի կարող է դադարեցվել, քանի որ այն իրականացնող վրաց-ամերիկյան կոնսորցիումի ներկայացուցիչները չեն կարողացել հստակ երաշխիքներ ստանալ Վրաստանի կառավարությունից: Դրան զուգահեռ, Անակլիայի շինարարության առանցքային վրաց դերակատարի` գործարար Մամուկա Խազարաձեի դեմ քրեական գործ է հարուցվել:

«Հույս ունեմ, որ Վրաստանը ավարտին կհասցնի Անակլիայի նախագիծը: Այդ ծրագրի, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի իրագործումն ամրապնդելու է Վրաստանի հարաբերությունները ազատ շուկայական տնտեսություն ունեցող պետությունների հետ, ինչպես նաև կանխելու է Ռուսաստանից և Չինաստանից ձեր երկրի հնարավոր կախվածությունը: Այդ կեղծ բարեկամները Վրաստանի շահերով չէ, որ առաջնորդվում են», - հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG