Մատչելիության հղումներ

Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո զորավարժություններ են անցկացվում


Բազմազգ զորավարժություններ Վրաստանում, արխիվ

Վրաստանում երեկվանից ՆԱՏՕ-ի կազմակերպած բազմազգ զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր ավելի քան 20 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

«Այս միջոցառումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, սրա նպատակն է բարձրացնել փոխգործակցությունը դաշինքի անդամ երկրների և գործընկերների միջև», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

«Զորավարժությունները Թբիլիսիում անցկացնելով՝ ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանը որպես դաշինքի արժանապատիվ գործընկեր, որը գնում է դեպի լիիրավ անդամակցություն», - ասել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Լելա Չիկովանին: «ՆԱՏՕ-Վրաստան համատեղ այս զորավարժությունները վկայում են ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև գնալով զարգացող, ամրապնդվող ու ինտենսիվացող համագործակցության մասին, որը երբևէ չի եղել այսքան դինամիկ», - նշել է Չիկովանին:

«Մենք արդեն երկրորդ անգամ ենք Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացնում, առաջինը 2016 թվականին էր: Ի տարբերություն առաջին անգամվա, սակայն, այժմ Վրաստանի պաշտպանական ուժերը ներգրավված են էլիտար ստորաբաժանումներում, ինչը էական քայլ է ՆԱՏՕ-ի և Վրաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ», - ասել է վրացի հրամանատար Նիկոլոս Ջանջգլավան:

ՆԱՏՕ-ի բրիգադիր գեներալ, չեխ Լադիսլավ Յունգն էլ, դիմելով աշխարհի տարբեր երկրներից Թբիլիսի ժամանած 350 զինվորներին, հայտարարել է՝ սա փորձի փոխանակման ու մարտունակության բարձրացման հրաշալի հնարավորություն է բոլորի համար:

«Այս վարժանքները զինծառայողներին հնարավորություն են տալիս լուրջ փորձ ձեռք բերել, որը կարող են կիրառել տարբեր սցենարներով զարգացող իրադարձությունների դեպքում՝ համագործակցելու և արդյունավետ գործելու համար», - ասել է Յունգը:

Ակնկալվում է, որ տասնօրյա այս զորավարժությունների ավարտին Թբիլիսի կայցելի նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մոսկվայում այս ակտիվությունը որպես սպառնալիք են ընկալում: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթներ առաջ հայտարարել էր՝ դաշինքը ստիպում է Մոսկվային պատասխան քայլեր ձեռնարկել:

«Զորավարժությունների ինտենսիվությունն ու մասշտաբներն ընդարձակվել են ավելի քան երկու անգամ, դրանցում ավելի ու ավելի հաճախ են ներքաշվում կառույցին չանդամակցող Ուկրաինան ու Վրաստանը: Այս քայլերով Հյուսիսատլանտյան դաշինքը ոտնահարում է համաշխարհային անվտանգության նորմերը և ստիպում Ռուսաստանին համարժեք արձագանքել», - անցած ամիս հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Հայաստանն, ի դեպ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո հարևան Վրաստանում անցկացվող այս զորավարժություններին չի մասնակցում: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդել է՝ վարժանքներում խաղարկվող սցենարը հայկական կողմի համար արդիական չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG