Մատչելիության հղումներ

Կարասին․ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աղետալի ազդեցություն կունենա ռուս-վրացական հարաբերությունների վրա


ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հանդիպում են Պրահայում, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հանդիպում են Պրահայում, արխիվ

«Վրաստանի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կարող է անդառնալի հետևանքներ ունենալ վրաց-ռուսական հարաբերությունների համար»․ - Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այս մասին հայտարարեց հինգշաբթի երեկոյան Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած բանակցությունների ավարտին:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում բարձրաստիճան ռուսաստանցի դիվանագետը պնդում էր, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը շրջանառելով՝ Վաշինգտոնը ցանկանում է կանխել վրաց-ռուսական հարաբերությունների հնարավոր բարելավումը:

«Արևմուտքի նյարդային արձագանքի պատճառը Վրաստանի և Ռուսաստանի միջև բնականոն հարաբերությունների հաստատումն է: [Արևմուտքում] կարծում են, որ Վրաստանն արդեն իսկ ինչ-որ բլոկի մաս է կազմում, որի վրա կարելի է հենվել Ռուսաստանի դեմ ոչ բարիդրացիական քայլեր ձեռնարկելու ընթացքում: Պետք է նաև հաշվի առնել, որ Հարավային Կովկասը մեր սահմանների անմիջական հարևանությամբ է գտնվում», - հայտարարում էր Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը` հավելելով․ - «Այդ մարդիկ ակտիվացել են, նրանք պատրաստվում են ՆԱՏՕ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ բացահայտորեն հայտարարում է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը պետք է արագացնել»:

«Արդյո՞ք այս ամենը մտահոգում է Մոսկվային», - լրագրողի այս հարցադրմանը Գրիգորի Կարասինը բավական կոշտ է պատասխանում․ - «Մտահոգում է` շատ մեղմ է ասված: Իրականում դա աղետալի ազդեցություն կունենա մեր հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ վրացական կողմը դեռ կարող է թույլ չտալ այդ ամենը»:

Վրացական կողմի արձագանքը Կարասինի հայտարարություններին չուշացավ: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ միջազգային այս կամ այն կազմակերպության հետ համագործակցության հարցը բացառապես Թբիլիսիի իրավասության շրջանակներում է:

«Ռուսաստանը ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին անդրադառնալիս չպետք անցնի սպառնալից տոնայնության: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր ինքնիշխան իրավունքն ու ընտրությունն է, և որևէ մեկը դա փոխել չի կարող: Կրկնում եմ՝ երբ Ռուսաստանի ներկայացուցիչը նման սպառնալից հայտարություններ է հնչեցնում, ես դա բացարձակապես անընդունելի եմ համարում», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր Աբաշիձեն:

Երեկ Պրահայում կայացած Կարասին-Աբաշիձե բանակցությունների հերթական փուլը թերևս առաջինն էր, որին նման կոշտ հայտարարություններ հաջորդեցին:

Ճիշտ է, հանդիպման ավարտին Կարասինը պարբերաբար փորձում էր խոսել երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական զարգացումների` մասնավորաբար Վրաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների կամ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների աճի մասին, սակայն կրկին ու կրկին վերադառնում էր Արևմուտքի, նախ և առաջ՝ Միացյալ Նահանգների քաղաքականությանը:

Այս համատեքստում նախօրեին բավական անսպասելիորեն երկկողմ օրակարգում ծագեց մեկ այլ թեմա, որ մինչ օրս կողմերի միջև լրջորեն չէր էլ քննարկվել: Խոսքը Վրաստանում կառուցվող խոշորագույն նավահանգստի` Անակլիայի մասին է: Երկու օր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ այդ նավահանգստի շինարարությունը Վրաստանին թույլ կտա խուսափել Ռուսաստանից և Չինաստանից տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկարից:

«Հույս ունեմ, որ Վրաստանը ավարտին կհասցնի Անակլիայի նախագիծը: Այդ ծրագրի, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի իրագործումն ամրապնդելու է Վրաստանի հարաբերությունները ազատ շուկայական տնտեսություն ունեցող պետությունների հետ, ինչպես նաև կանխելու է Ռուսաստանից և Չինաստանից ձեր երկրի հնարավոր կախվածությունը: Այդ կեղծ բարեկամները Վրաստանի շահերով չէ, որ առաջնորդվում են», - հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Փոմփեոյի այս հայտարարությունը ևս չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազմանը:

«Վրաստանը պետք է որոշի, թե ինչ անել Անակլիայի նավահանգստի հետ: Բայց այն, ինչ ասվել է Ռուսաստանի և Չինաստանի մասին, այն տոնայնությունը չէ, որ մեզ դուր է գալիս», - հայտարարում էր Կարասինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG