Մատչելիության հղումներ

Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում, 25-ը մարտի 2019 թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Ռուսաստանին ու աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Թբիլիսիում վերստին հստակ ու անվերապահ հաստատեց, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ:

«Այս հարցին համաձայնություն են տվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, և որևէ մեկը դրան չի կարող խոչընդոտել», - հայտարարեց Յենս Ստոլտենբերգը, ով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող բազմազգ զորավարժություններին հետևելու համար:

«Վրաստանը երկրորդ անգամ է նման կարևոր միջոցառում անցկացնում իր տարածքում՝ ի ցույց դնելով, թե ինչպես են իր զինված ուժերը կողք-կողքի համագործակցում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու դաշնակիցների հետ: Վրաստանը առանձնահատուկ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: Անցած ամռանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները վերահաստատեցին 2008-ին Բուխարեստում ընդունված որոշումը՝ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»:

11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած այդ գագաթնաժողովում էր, որ ռազմական դաշինքը Վրաստանին ու Ուկրաինային խոստացավ անդամակցության գործողությունների պլան տրամադրել: Ամիսներ անց՝ օգոստոսին, մեկնարկեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ռուսական զորքերը հայտնվեցին Թբիլիսիի մատույցներում, իսկ պատերազմի ավարտին Մոսկվան ճանաչեց Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Ռուսաստանին ու աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ - «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ու դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Մենք նաև կիսում ենք Վրաստանի մտահոգությունը Սևծովյան տարածաշրջանում ռազմական ներուժն ամրապնդելու՝ Ռուսաստանի քայլերի առնչությամբ: Եվ հենց այդ պատճառով մենք սերտացնում ենք համագործակցությունը Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի միջև»:

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ Թբիլիսին հաստատակամ է շարունակել բարեփոխումները՝ օր առաջ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար:

«Մենք այդ ցանկությունը նաև մայր օրենքով՝ Սահմանադրությամբ ենք ամրագրել՝ փաստելու, որ որոշումն այլևս անշրջելի է», - հայտարարեց Մամուկա Բախտաձեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:

«Վրաստանի հասարակության մեծ մասը աջակցում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իշխանությունների ծրագրին: Դա ևս մեկ ապացույց է, որ այդ որոշումը ոչ թե լոկ քաղաքական քայլ է, այլ ընտրություն, որը հիմնված է մեր համընդհանուր արժեքների վրա», - նշեց Բախտաձեն:

Վրացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Ռուսաստանը չի կարող խոչընդոտել Վրաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով դաշինքի ընդարձակման դեմ Մոսկվայից շարունակաբար հնչող կոշտ հայտարարությունները:

«Յուրաքանչյուր պետություն ազատ է անվտանգության այս կամ այն կազմակերպությանն անդամակցելու հարցում, և սա հիմնարար սկզբունք է մեզ համար», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ դրան նաև Ռուսաստանն է տվել իր համաձայնությունը:

«Վրաստանն է, որ պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչից հետո ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները կորոշեն, թե երբ ենք մենք պատրաստ ընդունել Վրաստանին: Որևէ այլ երկիր այս հարցում ասելիք չունի: Ես ինքս գալիս եմ փոքր, Ռուսաստանի հետ հյուսիսից սահմանակցող երկրից՝ Նորվեգիայից, և 1949-ին, երբ Նորվեգիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, Ստալինին դա դուր չեկավ, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, ՄԹ-ը, Ֆրանսիան, ասացին՝ ոչ, Ստալինը չէ, որ պետք է այս հարցը որոշի, այլ՝ Նորվեգիան և ՆԱՏՕ-ն: Հիմա ճիշտ և ճիշտ նույն պատմությունն է», - ասաց Յենս Ստոլտենբերգը:

Ռազմական դաշինքի քարտուղարը մի քանի անգամ ընդգծեց՝ Վրաստանը հսկայական քայլեր է արել բերափոխումների ուղղությամբ, սակայն անդամակցության ժամկետներ, այդպես էլ չնշեց: Ստոլտենբերգը հստակ պատասխան չտվեց նաև հարցին, թե հնարավո՞ր է՝ Թբիլիսին անդամակցի ՆԱՏՕ-ին առանց հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունները կարգավորելու:

Վրացի առաջնորդներն առավել կտրուկ էին՝ այս հարցում. «Այն, որ Ռուսաստանը շարունակում է մեր տարածքների օկուպացիան, չպետք է խոչընդոտ դառնա՝ Վրաստանի անդամակցության համար», - հայտարարեց վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի իշխանությունների հետ հանդպումներից հետո Յենս Ստոլտենբերգը հետևել է նաև Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոնում մեկ շաբաթ առաջ սկսված ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր ավելի քան 20 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

Հայաստանն, ի դեպ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող այդ վարժանքներին չի մասնակցում: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ զորավարժություններում խաղարկվող սցենարը հայկական կողմի համար արդիական չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG