Մատչելիության հղումներ

Մոսկվացիների 37 տոկոսը դրական է գնահատել բողոքի ակցիաները․ «Լևադա»


Ռուսաստան - Բողոքի ակցիա Մոսկվայում, 27-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Բողոքի ակցիա Մոսկվայում, 27-ը հուլիսի, 2019թ․

Մոսկվացիների մեկ երրորդից ավելին դրական է վերաբերվում բողոքի ակցիաներին։ «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, հարցմանը մասնակցած մոսկվացիների 37 տոկոսը դրական է գնահատել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաները, 27 տոկոսն ասել է, որ բացասական է վերաբերվում, իսկ 30 տոկոսն անտարբեր է։ Երկու տոկոսն ասել է, որ մասնակցում է այդ ցույցերին, իսկ ինը տոկոսը՝ հնարավոր է մասնակցի։

Հարցվածների 20 տոկոսը նշել է, որ ուշադրությամբ հետևում է այդ ակցիաներին, 48 տոկոսն էլ՝ լսել է ակցիաների մասին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններն այդ ակցիաներն ընդհանրապես չեն լուսաբանում։

Մոսկվայում բողոքի ցույցերը տեղի են ունենում հուլիսի կեսերից։ Հուլիսի 27-ի և օգոստոսի 3-ի ակցիաներն արտոնված չէին, և ոստիկանությունը բռնություն կիրառեց Մոսկվայի կենտրոնական փողոցներ դուրս եկած ցուցարարների նկատմամբ՝ ձերբակալելով հազարավոր մասնակիցների։ Մի շարք քաղաքացիների նկատմամբ Քննչական կոմիտեն նույնիսկ քրեական գործեր հարուցեց, իսկ մանկահասակ երեխայի հետ ցույցերին մասնակցած մոսկվացի ամուսիններին սպառնացին զրկել ծնողական իրավունքից։ Նրանց դեմ երկու քրեական գործ են հարուցել՝ մեղադրելով, որ վտանգել են երեխայի կյանքն ու առողջությունը բերելով չարտոնված ցույցի։

Ասյօր դատական կարգադրիչների դաշնային ծռայությունն այցելել է ցույցերին մասնակցած մոսկվացիների բնակարաններ, իրավապահները ստուգում են նաև ցուցարարների վարկային պատմությունները։

Նշենք, որ Արևմուտքը դատապարտել է ոստիկանների կոշտ գործելաոճը և կոչ արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված քաղաքացիներին։ Մոսկվան իր հերթին Արևմուտքին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ։

Երեկ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքային խումբը հերթական անգամ քննարկել է չգրանցված թեկնածուների բողոքները և Մոսկվայի ընտրական հանձնաժողովին առաջարկել չգրանցել հինգ ընդդիմադիրների, այդ թվում՝ Լյուբով Սոբոլին և Դմիտրի Գուդկովին։ Սոբոլը դեռևս 25 օր առաջ հացադուլ է հայտարարել։ Նրա աջակիցները սոցիալական ցանցերում գրում են, որ անհանգստացած են Սոբոլի առողջական վիճակով։

Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել նաև Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի գործով՝ ֆինանսական մեքենայությունների կասկածով։

Բողոքի նոր ակցիան Մոսկվայում կանցկացվի օգոստոսի 10-ին։ Մոսկվայի իշխանություններն արտոնել են բողոքի երթն ու հավաքը Սախարովի հրապարակում, իսկ ընդդիմադիրները կոչ են անում նորից հավաքվել Մոսկվայի օղակաձև այգում, որտեղ բողոքի ակցիան արտոնված չէ։

Քաղաքագետ Կիրիլ Ռոգովը իր բլոգում այսօր գրել է, թե ընդդիմադիրներին պետք է հավաքվել հենց Սախարովի պողոտայում, այնտեղ, որտեղ իշխանություններն արտոնել են հավաքը, քանի որ հիմնական խնդիրն է՝ ցույց տալ ինչ մեծ թիվ են կազմում ազատ ընտրությունների աջակիցները, ինչքան շատ են մարդիկ, որ պատրաստ են դուրս գալ փողոց, նրանք այսօր պատրաստ են դուրս գալ հենց արտոնված ցույցի։

«Հիմնական թիվը «Լևադա» կենտրոնի ներկայացրած 37 տոկոսն է։ Այսքան մարդ այսօր աջակցում է բողոքի ակցիաները և սա այսօրվա հիմնական նորությունն է», - գրել է Ռոգովը՝ շարունակելով. «Մոսկվացիների աջակցության համար ընդդիմությունը պետք է պայքարի, և արտոնված ցույցը, որտեղ կներկայացվի հստակ պահանջներ իշխանություններին, պայքարը շարունակելու լավ տարբերակ է»։

Անկախ փորձագետները համոզված են, որ եթե ընդդիմադիրները համաձայնվեն հավաքվել Սախարովի պողոտայում, օգոստոսի 10-ին Մոսկվայի կենտրոնում կլինի առնվազն 100 հազար մարդ։

Օգոստոսի 3-ին Մոսկվայի կենտրոնում, որտեղ հավաքվել էին ցուցարարները, բջջային կապի օպերատորները Ռուսաստանի հատուկ ծառայությունների պահանջով անջատել էին բջջային ինտերնետը, այս մասին այսօր հղում անելով իր աղբյուրին գրել էր BBC-ին։

Բողոքի այս ալիքը բարձրացել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել անկախ թեկնածուներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG