Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով՝ Ռուսաստանում ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա»-ն


Ընտրությունները Ռուսաստանում, 8-ը սեպտեմբերի, 2019թ․

Նախնական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանում ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Հիշեցնենք, Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիսից բողոքի տարբեր ակցիաներ էին անցկացվում, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում, տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել:

Այս իրավիճակում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ներկայացրել էր «Խելացի ընտրություններ» ռազմավարությունը և կոչ էր արել իր աջակիցներին՝ չնայած իրենց թիմակիցներին չեն գրանցել, գնալ ընտրություններին և ձայն տալ անցողիկ թեկնածուներին, ովքեր ի վիճակի են հաղթել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին:

Մոսկվայում իշխող կուսակցության ներկայացուցիչները, հիշեցնենք, ներկայացել էին որպես ինքնաառաջադրված թեկնածուներ:

Այսօր դիտորդները և ինքը՝ Նավալնին նշել են, որ «Խելացի ընտրություններ» ռազմավարությունն աշխատել է, և Մոսկվայի դումայում ընտրված 45 պատգամավորներից 20-ը համակարգային ընդդիմության ներկայացուցիչներն են:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն արդեն արձագանքել է ընտրությունների նախնական արդյունքներին՝ հույս հայտնելով, թե Մոսկվայի նոր բազմակուսակցական դուման կարող է արդյունավետ աշխատել, և որ ընդդիմադիր պատգամավորների մեծ բանակը օգուտ է դումային:

Նավալնին ներկայացրել էր այն թեկնածուների ցուցակը, ում օգտին կոչ էր արել քվեարկել, և մեծ մասն այդ ցուցակում կոմունիստներ էին: Այս ռազմավարությունը լիբերալ դաշտը ներկայացնող ընդդիմադիրներից շատերը քննադատել էին, թե չի կարելի և ոչ մի պարագայում ձայն տալ կոմունիստներին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նախնական արդյունքներով՝ «Եդինայա Ռոսիա»-ն լուրջ հաղթանակ է արձանագրում գրեթե ամենուր: Կուսակցության ղեկավար մարմնի անդամ Անդեյ Տուրչակն արդեն հայտարարել է, թե անցած ընտրություններին «Եդինայա Ռոսիա»-ն մեծ հաղթանակ է տարել, բոլոր տեղական պառլամենտներում իշխող կուսակցությունը հաղթել է՝ բացառությամբ Խաբարովսկի երկրամասի, որտեղ հաղթել է Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:

«Գոլոս» դիտորդական կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր բազմաթիվ խախտումների մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան, սակայն, դա զրպարտություն էր անվանել:

Լուրջ ցույցեր և բախումներ ընտրությունների միասնական օրը Ռուսաստանում չեն արձանագրվել, սակայն, ինչպես գրեթե ամեն օր վերջին շաբաթներին, Մոսկվայում նորից ակտիվիստներ են ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG