Մատչելիության հղումներ

Անթույլատրելի ենք համարում անհամաչափ ուժի կիրառումը իրավապահների կողմից. Պեսկովը՝ ոստիկանության գործելաոճի մասին


Ռուսաստանում ցույցի ժամանակ ոստիկանություն ուժ կիրառելով բերման է ենթարկում ցուցարարին, արխիվ
Ռուսաստանում ցույցի ժամանակ ոստիկանություն ուժ կիրառելով բերման է ենթարկում ցուցարարին, արխիվ

Վերջին շաբաթների բողոքի ակցիաները և դրանց ժամանակ ոստիկանության կոշտ գործելաոճը այսօր մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով. «Առաջինը՝ մենք բացարձակ անթույլատրելի ենք համարում անհամաչափ ուժի կիրառումը իրավապահ մարմինների կողմից և բացարձակ արդարացված ոստիկանության գործողությունները, որոնք ուղղված են զանգվածային անկարգությունների դեմ»։

Վլադիմիր Պուտինի մամուլի քրտուղարը նաև հավելել է, թե անկասկած այն հանգամանքը, որ բողոքի ակցիաներին շատ մարդ է մասնակցում արժանի է ուշադրության։ Մինչդեռ Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել ընդդիմության երթը օգոստոսի 17-ին։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք կոչ են անելու ընդդիմադիր ակտիվիստներն իրենց աջակիցներին հավաքվել չարտոնված ցույցի այս շաբաթ օրը, թե՞ ոչ։

Այդ նույն օրը՝ օգոստոսի 17-ին Մոսկվայիա Սախարովի պողոտայում անցնելու է «Կոմունիստական» կուսակցության արտոնված բողոքի ցույցը՝ հանուն արդար ընտրությունների։

Ներքաղաքական իրավիճակը Ռուսաստանի մայրաքաղաքում մնում է բավականին լարված, բողոքի ակցիաների շուրջ կրքերը չեն հանդարտվում, իսկ բողոքի ամեն նոր ակցիայից հետո համացանցում են հայտնվում նոր տեսագրություններ, որոնցում ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառում ցուցարարների դեմ։

Օգոստոսի 10-ի ցույցից հետ, մասնավորապես, համացանցում է հայտնվել մի տեսագրություն, որում ոստիկանը ոտքով հարվածում է ցուցարար աղջկա որովայնին։ Այսօր Մոսկվայի Տագանկա շրջանի դատարանը պետք է քններ Դարյա Սասնովսկայի վարչական գործը, սակայն աղջկը դատարան չի ներկայացել, քանի որ վատառողջ է, բացի որովայնից ոստիկանները նաև նրա գլխին էին հարվածել։

«Բազա տելեգրամ» ալիքը հայտնել էր, որ ոտքով հարվածողը մոսկվացի ոստիկան Սերգեյ Ցիպլակովն է և որ նրա տվյալները հայտնել են Ցիպլակովի գործընկերները՝ խնդրելով չհրապարակել նրանց անունները։

26-ամյա Դարյա Սասնովսկայան արդեն դիմել է Քննչական կոմիտե՝ ոստիկանի դեմ հայցով։

Հավելենք, որ ոստիկանությունը բողոքի ակցիաներին մեծամասամբ հատուկ դիմակներով է և նրանց դեմքը չի երևում, սակայն ռուսաստանցի ակտիվիստները կարողանում են պարզել նրանց ինքնությունը և հրապարակում են համացանցում առավել դաժան ոստիկանների անունները։

Բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին կայանալիք դումայի ընտրություններին։

Անցած շաբաթ օրը Մոսկվայում անցել էր վերջին յոթ տարիների ամենամարդաշատ հավաքը. շուրջ 60 հազար մարդ էր մասնակցել բողոքի արտոնված հավաքին։ Այս նոր շարժման առանձնահատկություններից մեկն էլ նոր երիտասարդ առաջնորդներն են, որոնց անունները նախկինում քչերը գիտեին՝ մասնավորապես, Ալեքսեյ Նավալնիի թիմակից Լյուբով Սոբոլը, ով դարձել է այս նոր շարժման խորհրդանիշներից մեկը։ Նրան, ի դեպ, արդեն երեք անգամ տուգանել են, այդ թվում՝ նաև այսօր։ Ընդհանուր առմամբ շուրջ 1 միլիոն ռուբլի է վճարել Սոբոլը։

Փորձագետների մի մասը համարում է, որ ներքաղաքական այս ճգնաժամի արդյունքներից մեկն էլ լինելու է համակարգային ընդդիմության ակտիվացումը։

Այսօր կոմունիստ սենատոր Վիչիսլավ Մարխաևը Ինստագրամի իր էջում քննադատել է մոսկովյան ցույցերին ոստիկանության գործելաոճը։ Իրկուտսկի մարզը ներկայացնող սենատորը գրել է. «Որպես հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատար հասարակական կարգը պահպանելու մեջ ներգրավված ուժերի գործողությունները որակում եմ որպես ապօրինի և անգրագետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG