Մատչելիության հղումներ

Հրանուշ Խառատյան․ Իշխանությունը հիանալի հասկանում է Ամուլսարի բացասական հետևանքները


Այս օրերին հայաստանյան հանրության հուզող թերևս ամենասուր խնդրի՝ Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու շուրջ «Ազատությունը» զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:

Խառատյան․ - Ամուլսարը այն տխուր ժառանգություններից մեկն է, որ նախորդ իշխանությունը թողել է ներկա իշխանությանը՝ բացարձակ լուծման ծանրագույն, անհեռանկար լուծումներով: Եվ մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ բուն լուծումների մոտեցող ցանկացած խնդրի շուրջ նախորդ իշխանությունների էշելոնը լրացուցիչ քաղաքական ենթատեքստով հրահրում է առճակատում հանրության և իշխանության միջև:

«Ազատություն»․ - Բայց հեղափոխությունից տարի ու կես անց մենք տեսանք, որ անցած ամիսներին տարբեր խնդիրներ ի հայտ եկան, իշխանությունը արձագանքում է այդ խնդիրներին: Բայց ինչո՞ւ հենց Ամուլսարի հետ կապված նման զարգացումներ տեղի ունեցան, և նման իրավիճակ ստեղծվեց:

Խառատյան․ - Նախ այնպես է խնդիրը, որ Ամուլսարի հանքահանությամբ զբաղվողները հենց այս տարի պետք է զբաղվեն: Եվ մի տարի է արդեն, ինչո՞ւ հենց այսօր: Ամուլսարի ֆիզիկական պաշտպանների մի մասը անընդհատ այդ սարը շրջափակած պահում են, և դժվարագույն տարի անցան նրանք: Այնպես չի, որ խնդիրը հենց երեկվանից էր: Կարծում եմ, որ դա առիթներից և պատճառներից մեկն էր, որ նամակներից, ինչպես վարչապետն է ասում, մեկին արձագանքեց, և լրացուցիչ փորձաքննություն պատվիրվեց դրա շուրջ: Կարծում եմ, որ լրացուցիչ փորձաքննությանը պատշաճ ուշադրություն չդարձվեց, և դա առաջացրեց թե՛ Ամուլսարի պաշտպանների և թե՛ հարակից բնակչության, և եթե լուրջ մտածելու լինենք, Հայաստանում իրենց ճակատագրով անհանգստացող բնակչության, պարտադիր չի, որ դա Ջերմուկը լինի, Թեղուտի մոտի բնակչությունն է, դա Քաջարանի մոտինն է, դա Արծվաքարի պոչամբարի մոտինն է․․․ Այդ մարդիկ վաղուց արդեն առարկայորեն տեսնում և հասկանում են, և հատկապես հիմա էլ լուրջ խոսակցություն կա դրանց աղետալի հետևանքների մասին: Այս ամբողջ բնակչության համար սա դարձավ իրենց խտացված պրոբլեմները արտահայտելու միջոց և հնարավորություն:

«Ազատություն»․ - Հայաստանում նախկինում նույնպես բնապահպանական հարցեր էին առաջանում՝ Թեղուտի դեպքը, բազմաթիվ այլ դեպքեր, բայց որ հանրությունն այսպես կենտրոնանա այդ հարցի շուրջ, նման իրավիճակի մենք չենք բախվել:

Խառատյան․ - Բախվել ենք: Նախ Թռչկանը մոռանում եք․ շատ կիզակետային էր, և հանրությունը շատ լուրջ կանգնած էր: Ընդ որում, դա նույնիսկ այդքան էկոլոգիական էլ չէր: Թեղուտի շուրջը շատ լրջորեն կանգնած էր: Բայց, այո, ես կարծում եմ նաև, որ հիմա այն, որ իրավիճակ է փոխվել, այն, որ հանրությունը ավելի մեծ հույս ունի, որ իշխանությունը հանրային կարծիքը հաշվի կառնի և ոչ թե կգնա ոստիկանական գրոհով ջարդելու և առաջ տանելու, սրանք բոլորը լրացուցիչ հնարավորություններ ու միջոցներ են, որ հանրությունը մոբիլիզացվի:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ իշխանությունն այսպիսի զգուշավորությամբ է մոտենում այս հարցին: Տեսեք, իշխող ուժը, հեղափոխությամբ իշխանության եկած ուժը խորհրդարանական ընտրություններում ստանում է Հայաստանի ընտրողների 70 տոկոսի քվեն, բայց մենք տեսնում ենք, որ Ամուլսարի հարցում նախորդ մի քանի շաբաթների ընթացքում վերջնական որոշում կարծես թե հնարավոր չի լինում կայացնել: Այս զգուշավորությունը Դուք ինչպե՞ս եք բացատրում:

Խառատյան․ - Եթե շատ անկեղծ ասեմ, իմ խորը, մեծ վստահությամբ, իշխանությունը հիանալի հասկանում է Ամուլսարի բացասական հետևանքները: Իշխանությունը հիանալի հասկանում է նաև, որ դա հանրությանը շատ հասկանալի է: Իշխանությունը ունի լուրջ պրոբլեմ, ինչպես և երբեմն ակնարկով, երբեմն հստակ ասում է, իրենք չեն կարողանում խնդիրը հարթել ո՛չ կոնկրետ պայմանագրային կողմի հետ՝ «Լիդիան»-ի հետ, ո՛չ ռիսկ են անում մտնել միջազգային արբիտրաժ․․․ ո՛չ էլ իրենց հազար ու մի կողմից հազար ու մի շահագրգիռ մարդ վախեցնում են միջազգային ներդրողների կողմից անվստահությամբ: Չեմ պատկերացնում, չեմ հավատում, որ մեր իշխանությունն այս պահին ներդրողի վախ ունի: Որ դրա շուրջը կարող է ինչ-որ տեղերից ինչ-որ խոսակցություններ տաքանալ՝ այո: Բայց ոչ մի լուրջ ներդրող երբևէ չի կարող էսպիսի վտանգավոր հանքահանության հետ, ըմբոստացման կամ չկայացման հետ կապել իր իրական տնտեսական ծրագիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG