Մատչելիության հղումներ

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներն են ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը. ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները երեքն են՝ ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը: Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը News.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Որպես արտաքին քաղաքականության առանցքային սկզբունք առանձնացվել է ինքնիշխանությունը, որի պրիզմայից էլ մենք դիտարկում ենք մեր քայլերը՝ ի նպաստ մեր պետական շահերի: Սա այն է, ինչ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳ նախարարը բազմիցս ներկայացրել է որպես հայաստանակենտրոն քաղաքականություն», - ասել է Նաղդալյանը:

Համահայկականությունն «արտահայտում է մեր հավաքական ներուժը լավագույնս օգտագործելու մեր նպատակը՝ մեր հավաքական շահերի, ազգային ինքնության, քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների և պետության ամրապնդման ու զարգացման նպատակների առաջմղման համար», - նշել է ԱԳՆ խոսնակը:

«Փոխգործակցությունը երրորդ հիմնարար սկզբունքն է, որն իր մեջ ներառում է իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն միջազգային հանրության հետ՝ ի նպաստ խաղաղության, անվտանգության և զարգացման», - ասել է Նաղդալյանը:

«Այսպիսով, ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունն են ձևավորում արտաքին քաղաքական ոլորտում մեր գործունեության տրամաբանության շրջանակը, դրանք են մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը:

Նա հայտնել է, որ այդ սկզբունքները վերաամրագրվելու են օգոստոսի վերջին Երևանում մեկնարկող Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքի ժամանակ, որն այս տարի հանդես է գալու նոր ձևաչափով: Այն ներառելու է ՀՀ պետական գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ մի քանի օր տևող ակտիվ և փակ քննարկում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Աննա Նաղդալյանը նաև հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման համար այս պահի դրությամբ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել և Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանն այդ մասին տեղեկացրել են 16 պետություններ՝ Հայաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Դանիա, Մալթա, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիա, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Կիպրոս։

«Սակայն սխալ կլինի ասել, որ սա գործընթացի ամբողջական պատկերն է: Օրինակ՝ Շվեդիան ավարտել է համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն այդ մասին դեռևս չի տեղեկացրել Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանը: Մենք վավերացման գործընթացը համարում ենք լիովին ավարտված, երբ այն հրապարակվում է ԵՄ քարտուղարության պաշտոնական կայքէջում», - ասել է Նաղդալյանը՝ շարունակելով․ - «Կան երկրներ, որտեղ վավերացման գործընթացը, կարելի է ասել, հասել է վերջին փուլին: Այդպես, համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից և ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրմանը, որից հետո միայն Գերմանիան այդ մասին կտեղեկացնի ԵՄ Խորհրդին»։

«ՀԸԳՀ վավերացման գործընթացները ներպետական որոշ փուլեր են անցել ԵՄ գրեթե բոլոր երկրներում, և մենք ակնկալում ենք, որ գործընթացը նույն ակտիվությամբ կշարունակվի առաջիկա ամիսներին», - նշել է ԱԳՆ խոսնակը:

«Սակայն միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մենք լիովին օգտագործում ենք համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ ստեղծված հնարավորությունները: Ինչպես գիտեք, ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են համաձայնագրի մոտավորապես 80 տոկոսը, իսկ մնացյալ 20 տոկոսը, որոնք հիմնականում այն հոդվածներն են, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում, ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Ուստի արդեն իսկ ուժի մեջ գտնվող հատվածը ենթարկվում է 100 տոկոսանոց կիրարկման՝ համաձայն Հայաստանի և Եվրամիության միջև մշակված ճանապարհային քարտեզի», - հայտարարել է Աննա Նաղդալյանը:

XS
SM
MD
LG