Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին․ Աշոտյան


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Եվրոպական խորհրդարանը այսօր կողմ է քվեարկել Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի՝ կոնսենտի (համաձայնության) քվեարկության արդյունքներն են՝ 573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ, բանաձևինը՝ 598 կողմ, 52 դեմ, 27 ձեռնպահ:

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործացության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը Եվրոպական խորհրդարանը քննարկել է նախօրեին: Ըստ Աշոտյանի՝ հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրախորհրդարանականներ տարբեր քաղաքական խմբակցություններից:

«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընդգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել», - փոխանցում է ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Ըստ Աշոտյանի՝ կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում:

Համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է ապրիլի 11-ին, իսկ հունիսի 1-ից այն մասնակիորեն ուժի մեջ է մտել: Եվրամիության 28 պետություններից փաստաթուղթը մինչ օրս վավերացրել են 6-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG