Մատչելիության հղումներ

Եվրամիության անդամ 28 երկրից 9-ն արդեն վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. ՀՀ ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Եվրամիության անդամ 28 երկրից 9-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից միջազգային համաձայնագրի ամբողջական վավերացման գործընթացը սովորաբար տևում է 2-2,5 տարի, և 2017-ի նոյեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման ընթացքը Հայաստանի արտաքին գերատեսչությունում գնահատում են նորմալ։

«Հայկական կողմը ցայսօր չի ստացել որևէ երկրից որևէ ազդանշան վավերացման հնարավոր ձգձգման վերաբերյալ: Ընթացակարգերը յուրաքանչյուր երկրում տարբեր են, սակայն վստահ ենք, որ խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին», - «Ազատության» հարցմանն ի պատասխան, պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը։

«Այս գործընթացում բավականին մեծ դեր ունի քաղաքական կամքը»

Հովսեփ Խուրշուդյան, արխիվ
Հովսեփ Խուրշուդյան, արխիվ

​Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի նախկին անդամ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ, նախորդ իշխանությունները մտադիր չէին ստանձնել համաձայնագրում եղած սահմանափակ պարտավորությունները, և հենց այդ պատճառով փաստաթղթում շատ են ոչ հստակ ձևակերպումները, որոնք հնարավորություն կտան իշխանություններին մանևրելու։

Այսպիսով, քաղհասարակության ներկայացուցչի գնահատմամբ, այս գործընթացում բավականին մեծ դեր ունի քաղաքական կամքը։

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հանդիպումներից հետո հայտարարեց, որ էդ բարեփոխումները նոր իշխանությունն անելու է ոչ թե նրա համար, որ եվրոպական պահանջ է, կամ Եվրոպայի կողմից առաջարկ է՝ մեր հարաբերությունները զարգացնելու տեսակետից, այլ որովհետև հենց Հայաստանին է դա պետք, դա, իհարկե, բավականին դրական եմ ես գնահատում, որ կա էդ գիտակցումը, թե ինչքան կարևոր են Հայաստանի համար նման կարգի բարեփոխումները։ Բայց թե որքանո՞վ է դա անկեղծ ասվել, և արդյո՞ք ռուսական ազդեցությունները չեն խանգարի նույնիսկ այնպիսի փոփոխություններ անել, որոնք որ չեն հակասում Մաքսային միության ռեժիմներին, կարգավորումներին, արդեն դժվարանում եմ ասել, դա շատ շուտ կերևա Ազգային ժողովի և կառավարության իրականացվելիք քայլերից։ Մենք ուշի ուշով հետևելու ենք այդ քայլերին և, բնականաբար, խրախուսելու ենք, մղելու ենք իշխանություններին, որ այդ կետերի իրականացումն անեն լիարժեքորեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խուրշուդյանը։

Համաձայնագրում անդրադարձ կա վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսություն սկսելու հարցին։ Այստեղ, սակայն, Հայաստանի քաղաքացիների համար առարկայական արդյունքներն անմիջականորեն կապված են հակախտրականությանն ուղղված օրենքների ընդունման հետ, ասաց Խուրշուդյանը։

«Այդ հարցում պետք է մի քիչ արագացնեն իշխանությունները, որ էլի պետք է Հայաստանին, և հիմա լեգիտիմության նման բարձր աստիճանը հնարավորություն է տալիս իշխանություններին գոնե անկեղծ քննարկում բացել այդ թեմայով՝ արդյո՞ք մենք, ամեն դեպքում, պետք է շարունակենք խտրականությունը հասարակության ներսում տարբեր խմբերի հանդեպ, թե՞, ամեն դեպքում, արդեն դառնում ենք ժողովրդավարական երկիր, և մարդու իրավունքները դառնում են գերակա։ Հենց որ այդ հարցի պատասխանը տրվեց թե՛ իշխանության, թե՛ հասարակության կողմից, շատ հեշտ թե՛ հակախտրական օրենքները կընդունվեն, թե՛ դրա հետ կապված վիզաների ազատականացումը տեղի կունենա», - ասաց Խուրշուդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG