Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբան․ Գործի մակագրման ձգձգումը նպատակ ունի որքան հնարավոր է Քոչարյանին երկար պահել կալանքի տակ


Հովհաննես Խուդոյան

Դատական դեպարտամենտն այսօր պարզաբանում է տարածել, թե ինչու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը չի մակագրվել այլ դատավորի։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի հայտնի որոշումները բողոքարկվել են վճռաբեկ ատյան, որտեղ դրանք մուտքագրվել են օգոստոսի 6-ին։ Համաձայն օրենքի, երեք ամսվա ընթացքում Վճռաբեկը կամ գործը կընդունի վարույթ կամ էլ կմերժի։ Վարույթ ընդունելու դեպքում արդեն գործը կքննվի։ Եվ երբ արդեն Վճռաբեկը որոշում կայացնի, դրանից հետո պարզ կդառնա այն առաջին ատյանի դատարան ուղարկելու ժամկետը։

Սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պնդում է, թե գործի մակագրման ձգձգումը միայն մեկ նպատակ ունի՝ որքան հնարավոր է Քոչարյանին երկար պահել կալանքի տակ։

Մեղադրյալ Քոչարյանը վերջին անգամ կալանավորվեց հունիսի 25-ին՝ վերաքննիչ դատարանի հայտնի որոշումների հրապակումից անմիջապես հետո։

Քոչարյանի փաստաբանը պնդում է, որ դրանից հետո անմիջապես առաջին ատյանում պետք է վերսկսվեր գործի քննությունը այնպես, ինչպես բազմաթիվ այլ գործերով է լինում․ - «Այս պարագայում, երբ արդեն մեկ ամսից ավելի է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, և մոտավորապես 3-4 ամիս կարող է կանխատեսվել Վճռաբեկ դատարանի վարույթում, այնուհետև, եթե վարույթ կընդունվի, անորոշ ժամկետով, այդ գործերով նաև Վճռաբեկ դատարանում ունենք պրակտիկա 1-2 տարի տևողությամբ, այդ ընթացքում որևէ դատարան, ըստ իրենց տրամաբանության, չի քննելու կալանքի իրավաչափության հարցը: Այսինքն ստացվում է անժամկետ կալանք, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է»:

Մեղադրյալ Քոչարյանի պաշտպանը պարզաբանում է, որ դատական դեպարտամենտի բացատրությունը կապ չունի այս քրեական գործի հետ։ Այս դեպքում վճռաբեկ դատարան է բողոքարկվել ոչ թե գործն ամբողջությամբ, այլ միջանկյալ դատական ակտ, ընդգծում է փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հարցնում է՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանից հետ էր վերցրել գործի նյութերը, դրանք պատճենել ու ուղարկել վերաքննիչ ատյան։ Բայց այսօր նույն այդ մեթոդը չեն կարող կիրառել և ըստ այդմ առաջին ատյանում վերսկսել գործի քննությունը։

Ըստ Խուդոյանի, փաստորեն երկու միանման դեպքերում դատական համակարգը տարբեր մոտեցում է ցուցաբերում․ - «Նույն դեպքում հարցի լուծումը ակնկալվում էր այս պարագայում, բայց որևէ կառույց, այդ թվում Բարձրագույն դատական խորհուրդը կամ դատական դեպարտամենտը հետամուտ չեն լինում, որպեսզի տեխնիկական այդ լուծումը գտնելով գործի ընթացքը շարունակվի»:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց․ որպեսզի Քոչարյանի գործը մակագրվի առաջին ատյանի դատարանի որևէ դատավորի, գործի նյութերը պետք է գտնվեն հենց այդ դատարանում, մինչդեռ դրանք հիմա գտնվում են Վճռաբեկ դատարանում։

Հարցին, թե ինչու դրանք չեն պատճենահանվում և ուղարկվում առաջին ատյան, ինչպես նախորդ դեպքում, Բեքմեզյանը պատասխանեց՝ քանի որ դատական իշխանությունը գտել է, որ գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա է, և այն դատախազության կողմից բողոքարկվեց, ապա Դավիթ Գրիգորյանին այլ տարբերակ չէր մնում, քան գործը հետ վերցնելն ու պատճենահանելը։

«Ճիշտն ասած, օրենսդրությունը չի նախատեսում Վճռաբեկ դատարանի պարտականությունը, որը գործը պատճենահանել և ուղարկել առաջին ատյանի դատարան: Նախատեսվում է, որ եթե գործը գնաց Վճռաբեկ դատարան, ընդ որում գործը ինչու է գնացել ամբողջությամբ Վճռաբեկ դատարան, որովհետև եղել է երկու որոշում․ մեկը՝ խափանման միջոցի փոփոխության, մեկը՝ կասեցման: Հենց այդ կասեցման որոշման պատճառով է, որ գործը գնացել է ամբողջությամբ Վճռաբեկ դատարան, այլապես միայն խափանման մասով կգնար», - հավելեց Բեքմեզյանը:

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն ամիսներ առաջ ավարտելով Քոչարյանի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգիանի մասով քրեական գործի նախաքննությունը՝ այն ուղարկել էր դատարան։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մեկ շաբաթ քննել էր Քոչարյանի կալանքի հարցն ու որոշում կայացրել նրան ազատ արձակել, իսկ դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին որոշել էր կասեցնել գործի քննությունն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը պարզաբանելու համար։ Այս որոշումները, սակայն, հունիսի 25-ին բեկանեց Վերաքննիչ դատարանն ու գործը հետ ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ վերսկսելու ընդհատման պահից։ Սակայն դրանից հետո արդեն դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին՝ նա մեկ այլ գործով մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Այժմ Քոչարյանի և մյուսների գործը պետք է մակարգվի այլ դատավորի։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG