Մատչելիության հղումներ

«Հանրությունը միայն կարող է համախմբվել Ռոբերտ Քոչարյանին ցմահ ազատազրկելու հարցի շուրջ»․ իշխանական պատգամավոր


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյան, 31-ը հուլիսի, 2019 թ.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյան, 31-ը հուլիսի, 2019 թ.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը բացառում է, որ հանրությունը Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի կամ նախկին իշխանություն Հանրապետականի շուրջ համախմբվի ընդդեմ հեղափոխական իշխանության: Ըստ պատգամավորի, հանրությունը միայն կարող է համախմբվել Ռոբերտ Քոչարյանին ցմահ ազատազրկելու հարցի շուրջ:

«Շատ ծիծաղելի է, հանրությունը երբևէ չի համախմբվի, հանրությունը կարող է համախմբվել Քոչարյանի հարցում մեկ հարցի շուրջ, որ նրան ցմահ ազատազրկեն», - նշեց Հրաչ Հակոբյանը։

Աշնանը սպասվող ընդդիմադիր սրացումների մասին նախօրեին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում խոսել էր Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով՝ ընդդիմադիր դաշտում համախմբման համար նպաստավոր հող կա։ Աշնանն, ըստ Քոչարյանի, ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթաց կկավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ։ Քոչարյանն ասել էր, որ ընդդիմադիր կենտրոնների ձևավորման գործընթացներում կարևոր օղակ կլինի հենց ինքը: Իշխանության ներկայացուցիչն ասում է՝ անգամ ընդդիմադիր բևեռում Քոչարյանի վերադարձն անհնար է:

«Եկեք մեկընդմիշտ մոռանանք արմատական ընդդիմություն, ընդդիմություն տերմինը և ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյան և նրանց համախոհներ տերմինը։ Դրանք իրարից անկախ, իրար այլև չխաչվող հասկացողություններ են։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն իրենց շուրջ համախմբվածներով չեն կարող լինել ընդդիմություն, դեռ մի հատ էլ արմատական ընդդիմություն։ Նրանք այլևս քաղաքականության մեջ անելիք չունեն», - ասաց Հակոբյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև արտահերթ ընտրությունների հավանականությանն էր անդրադարձել, թե իշխանության հարցը կորոշվի փողոցում արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:

«Ուզում եմ հասկանամ՝ Քոչարյանը ի՞նչ գրքեր է կարդում բանտում, ի՞նչ երազներ է տեսնում բանտում, որ սկսել է խոսել արտահերթ ընտրությունների մասին, դեռ մի հատ էլ ասում է, որ արտահերթ..., այսինքն արդեն ինքը համակերպվել է այն մտքի հետ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, դեռ մի հատ էլ գնահատական է տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունը ձայներ չի հավաքի։ Ես ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ է կարդում, հեքիաթների ժողովածո՞ւ են տվել», - ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի դեմ ընդդիմադիր բևեռ ձևավորելու մասին դեռևս գարնանը խոսել էր Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ-ն գարնանային հանրահավաքում լրջանալու կոչ էր արել իշխանությանը և դեղին քարտ ցույց տվել:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է ՀՅԴ-ն էլ համախմբվի Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Դաշնակցությունը որևէ մեկի հետ մինչև այս պահը որևէ բևեռ ձևավորելու կամ ընդդիմադիր ճակատ ձևավորելու հարց չի քննարկել: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ մենք ունենք մեր սեփական օրակարգը և դրանով շարժվում ենք առաջ։ Ի՞նչ ի նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը, ես տեղյակ չեմ»։

Հարցին՝ բացառո՞ւմ է ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը, Իշխան Սաղաթելյանը, պատասխանեց. «Էս պահին որևէ անգամ, որևէ մեկի հետ համագործակցության հարց չի քննարկվել։ Այսօր իշխանությանը քննադատում են բազմաթիվ ուժեր, որը շատ բնական է ու նորմալ է։ Ես ասում եմ հետևյալը՝ մենք մեր սեփական օրակարգով գնում ենք առաջ և որևէ մեկի հետ նման բևեռ ձևավորելու հարց չենք քննարկել»։

«Եթե կա որևէ քաղաքական ուժ, որ իրեն համարում է քաղաքական ուժ և ընդդիմություն և ուզում է վերջնական գնա քաղաքական գերեզման, պետք է ուրեմն իր ուժի անունը կապի Ռոբերտ Քոչարյան անվան հետ», - ասաց Հակոբյանը։

Նախկին քաղաքական ուժերը, ըստ իշխանական պատգամավորի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի դեմքով վերադառանալու շանս այլևս չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG