Մատչելիության հղումներ

Խուզարկություն է կատարվել Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի աշխատասենյակում


Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատություն» հետ զրույցում հաստատեց, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ֊ում քննվող գործի շրջանակներում:

Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Օհանջանյանն ասաց, որ այս պահին չեն կարող մանրամասնել։

Հենց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր ​մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթն էլ կասեցնելով՝ ուղարկել այն ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ երեկ մինչև դատավորի աշխատասենյակի խուզարկումը Հատուկ քննչական ծառայությունը իրազեկել է ԲԴԽ-ին։ Հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհուրդը անկախ մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

«Ազատություն». - Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության հետ կապված հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք, հաշվի առնելով, որ կան համացանցում այնպիսի գրառումներ, որ դա պատահական չէ՝ հաշվի առնելով, որ հենց նա է Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորը։

Բեքմեզյան. – Ես կարող եմ միայն օֆիցիալ տեղեկատվությունը ասել, որ մենք ուենենք՝ մեզ հայտնել են դրա մասին մինչև խուզարկությունը՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նախատեսված է։

«Ազատություն». – Այսինքն մինչև խուզարկությունը ձեզ տեղյա՞կ են պահել։

Բեքմեզյան. – Մեզ անպայման հայտնել են, այո, մեզ տեղեկացրել են։ մենք տեղյակ ենք եղել, մենք հետևում ենք դեպքերի ընթացքին, երբ որ խնդիր տեսնենք անմիջապես կարձագանքենք, բայց հլը որ որևէ խնդիր չենք տեսնում, որովհետև օրենքի ոչ մի խախտման փաստ չենք արձանագրել։

«Ազատություն». – Հնարավո՞ր է միայն իրազեկել և խուզարկություն իրականացնել դատավորի աշխատասենյակում։

Բեքմեզյան. – Օրենքով այդպես է։

«Ազատություն». – Իսկ ի՞նչ գործի շրջանակներում է այդ խուզարկությունը իրականացվել։

Բեքմեզյան. – Քանի որ նախաքննական գաղտնիք է, չեմ կարող բացել, բայց եթե չեմ սխալվում, պարոն Գրիգորյանը արդեն դրա մասին ասել է, որ կարծես թե մեկ ուրիշ գործով է, ոչ այն, որ դուք նշել եք, բայց դա իր ասածն եմ ասում։

«Ազատություն». – Դուք խոսե՞լ եք Դավիթ Գրիգորյանի հետ։

Բեքմեզյան. – Ես անձամբ չեմ խոսել, ոչ։

«Ազատություն». – Այսինքն այս պահի դրությամբ որևէ խնդրահարույց կամ ոչ օրինական գործողություն չեք արձանագրե՞լ։

Բեքմեզյան. – Չենք արձանագրել, բայց հետևում ենք ընթացիկ դեպքերին, անպայման կարձանագրենք։ Ինքն էլ մեզ չի դիմել որևէ նման հարցով, այս պահին զուտ իրավական գործընթաց է տեղի ունենում, որին մենք միջամտելու իրավունք չունենք։

«Ազատություն». – Կնքվա՞ծ է նրա աշխատասենյակը։

Բեքմեզյան. – Ես ինչքան գիտեմ, այո, վստահ չեմ։

«Ազատություն». – Իսկ նրա համակարգիչը առգրավվե՞լ է։

Բեքմեզյան. – Չեմ կարող ասել ոչինչ դրա հետ կապված։

Մինչդեռ Aysor.am-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե իր կարծիքով այս խուզարկությունը և ընդհանրապես, հարուցված քրեական գործը որևէ առնչություն կարո՞ղ է ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով իր որոշման հետ, պատասխանել է . «Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է»։

Դատավորը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ «Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», - ասել է դատավորը՝ շեշտելով, որ այս պահին գործով որևէ կարգավիճակ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG