Մատչելիության հղումներ

Վերաքննիչը չէր կարող բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը և նրան կալանքի տակ առնել. Քոչարյանի պաշտպան


Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյան, արխիվ
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյան, արխիվ

2008-ի Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վճռաբեկ դատարանից խնդրում է բեկանել վերաքննիչ դատարանի որոշումն ու վերացնել Քոչարյանի կալանքը։

Մեղադրյալ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են նեկայացրել՝ վիճարկելով հունիսի 25-ին վերաքննիչ քրեական դատարանի կողմից իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշումը։ Երկու բողոքներից մեկը ներկայացրել է փաստաբան Հայկ Ալումյանը, մյուսը՝ փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը։

«Ազատության» հետ զրույցում երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ վերաքննիչի որոշումը բողոքարկելու հիմքերը շատ են, որոնցից փաստաբանն առանձնացրեց առաջին հերթին այն, որ վերաքննիչ դատարանը իրավունք չուներ անդրադառնալ մի շարք հարցերի։ Մասնավորապես, դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող գնահատել Քոչարյանին վերագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը։ Մինչդեռ, դատավոր Արմեն Դանիելյանը որոշել է քննել հիմնավոր կասկածի հարցն ու եզրահանգել, որ այն առկա է այն դեպքում, երբ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը օգոստոսին պետք է քննի Սահմանադրական դատարանը։

«Էս դեպքում դա ուղղակի միջամտություն է արդեն առաջին ատյանի դատարանի վարույթին, այսինքն վերաքննիչը ի սկզբանե կանխորոշում է, որ քո մոտ այս ապացույցները բավարար են, օրինակ, հիմնավոր կասկածի չափով գնահատական տալու համար։ Այսինքն ինքը բուն պրոցեսին գնահատակն է տալիս, ինչի իրավունքը չունի։ Հենց էդ տրամաբանությունից ելնելով վճռաբեկ դատարանը շատ հստակ արձանագրել է, որ եթե դատաքննության փուլում արդեն խափանման միջոցի վերաբերյալ բողոք է լինում վերաքննիչ դատանում, վերաքննիչ դատարանը կարող է անդրադառնալ տարբեր հանգամանքների, բայց հիմնավոր կասկածի մասին իրավունք չունի որևիցե հաստատում կատարել», - նշեց Խուդոյանը։

Ըստ Քոչարյանի պաշտպանի, վերաքննիչ դատարանը քննության առնելով մեղադրող կողմի և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչների բողոքները՝ պետք է որոշեր՝ արդյո՞ք առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ ազատ արձակելով Քոչարյանին, թե՞ ոչ։ Հետևաբար, այս փուլում վերաքննիչը չէր կարող բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը և նրան կալանքի տակ առնել։

«Եթե առաջին ատյանը հիմանվոր կասկածը գնահատած լինում է, բայց չկա հիմքեր վերքննիչ դատարանը հիմքերին կարա անդրադառնա։ Կասի՝ «հենա դու արդեն հաստատել ես հիմնավոր կասկածը, հիմքը սխալ ես հաստատել, հիմա ես քո փոխարեն ճիշտ եմ հաստատում, ենթական է կալանավորման»։ Բայց մեր դեպքում առաջին ատյանը կալանքի հարց չի քննարկել, միանգամից ընտրել է անձնական երաշխավորությունը։ Վերաքննիչ դատարանը չի կարա իրա փոխարեն գնահատի, ուրիշ բան կարա անի, ինքը կարա ասի՝ «դու պետք է գնահատեիր, չես գնահատել, դրա համար քո որոշումը սխալ էր», - ասաց Խուդոյանը։

Վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերից հաջորդը վերաքննիչ դատարանի վերաբերմունքն է պաշտպանական կողմի նկատմամբ։ Փաստաբանները վճռաբեկ բողոքներում ներկայացրել են, որ դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց և որոշումները կայացնելուց առաջ իրենց դիրքորոշումն այդպես էլ չլսեց։

Խուդոյանը նշում է, որ վճռաբեկը առավելագունը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի՝ վարույթ ընդունե՞լ բողոքները, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի մյուս որոշմանը, ապա դրա դեմ ևս բողոք կներկայացնեն առաջիկա երկուշաբթի։

Դատավոր Արմեն Դանիելյանն իր մյուս որոշմամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վճռաբեկը վարույթ չի ընդունի Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները։ Սաֆարյանը ևս մեկ անգամ պնդեց իր տեսակետը՝ Քոչարյանը չպետք է գտնվի ազատության մեջ, քանի որ ռիսկ կա, որ նա կհեռանա Հայաստանից։

Ըստ փաստաբանի, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ ներգրավված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը Հայաստանում չէ, ավելին, հետախուզվում են՝ ինչպես, օրինակ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, նաև ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

«Ես դա խումբ եմ համարում, խումբ, որը Մարտի 1-ը հաջողված իրականացրել է։ Իրանց խմբի բոլոր անդամները Հայաստանից դուրս են և չեն կարողանում հետ բերել, հետևապես Ռոբերտ Քոչարյանի բոլոր մտադրությունները դրան են ուղղված։ Ամենակարևոր մտադրությունը ուղղված է նրան, որ ամեն ինչ աներ, որ դատական նիստը չսկսվի և այդ գործը լուսաբանում չունենար և այդ գործով խորքային հարցերը չբարձրաձայնվեն։ Այս տեսանկյունից հակված եմ ասելու, որ Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ պիտի անի, որ հեռանա Հայաստանից, իմ կարծիքը դա է», -ասաց Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին որոշելով կալանավորել երկրորդ նախագահ Քոչարյանին, եզրահանգել էր, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։ Հիմնավորելով Քոչարյանին կալանավորելու իր որոշումը՝ վերաքննիչ դատարանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու հավանականության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG