Մատչելիության հղումներ

ՍԴ-ն որոշել է քննել Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ Բարձր դատարանն այսօր ի վերջո հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ իր որոշումը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին, թեև բարձր դատարանի պաշտոնական կայքէջի որոշումը կայացվել է հուլիսի 8-ին, այն հրապարակվեց միայն այսօր:

Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Բարձր դատարանը, սակայն, մերժել է քննել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումում նշված քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս հոդվածը պետական իշխանությունը յուրացնելուն է վերաբերում։ Բարձր դատարանը նաև մերժել է մեկնաբանել դատավոր Դավիթ Գրիգորյանի մատնանշած՝ Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Բարձր դատարանը կարող է քննության առնել 300.1 հոդվածի՝ սահմանադրականության հարցի վերաբերալ դատավոր Դավիթ Գրիգորանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները միացնելու հարցը։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել նաև Քոչարյանի նույնաբովանդակ դիմումը։

«Դատարանը կարող է քննության առնել դրանք միացնելու հնարավորության հարցը իր նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ, դա արդեն կարևոր չի», - նշեց Գյուլումյանը։

Ըստ Սահմանադրական դատարանի անդամի, Բարձր դատարանը մերժել է նախագահի անձեռնմխելիության հարցի քննությունը, քանի որ, ըստ Գյուլումյանի, իրենք չունեն առանձին լիազորություն մեկնաբանելու սահմանադրական նորմը, դա կարող են անել, եթե վիճարկվող հարցը արտահայտված լինի օրենքի համապատասխան նորմում։ Տվյալ դեպքում նախագահի անձեռմխելիության մասին նշված է միայն մայր օրենքում:

«Մենք սահմանադրական առանձին նորմի մեկնաբանության իրավունքը չունենք։ Մենք նորմի մեկնաբանությունը կարող ենք տալ նորմատիվ իրավական ակտի որևէ նորմի հետ կապված», - ասաց Գյուլումյանը։

«Ազատության» հարցին՝ արդյոք Բարձր դատարանը պետք է վարույթ ընդուներ վերաքննիչ ատյանի կողմից հունիսի 25-ին բեկանված որոշումը, Գյուլումյանը վկայակոչեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն մենք կարող ենք դիմումը քննության չառնել, եթե դիմումատուն իր դիմումը հետ է վերցնում: Նույնիսկ էդ դեպքում մի բացառություն կա, եթե նայեք օրենքը, էնտեղ էդ բացառությունն էլ կա, եթե դա դիմողի պարտականությունը չլիներ, բացի դրանից Սահմանադրական դատարանը կարող է որոշել, որ միևնույն է հարցի սահմանադրականությունը ունի կարևորություն և անկախ նրանից դիմումը հետ է պահանջվում, թե ոչ՝ քննության առնել: Բայց տվյալ դեպքում դիմումատուն դիմումը հետ չի վերցրել», - պատասխանեց Գյուլումյանը:

ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ սա նշանակում է, որ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կասկածները՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի վերաբերյալ հիմնավոր էին։

Հարցին՝ նշանակում է, որ Դավիթ Գրիգորյանը ճի՞տ էր արել, որ գործի վարույթը կասեցրել էր և կասկածներն իսկապե՞ս հիմնավոր էին, պատասխանեց. «Այո։ Առնվազն ակնհայտ անհիմն չէին կասկածները, քանի որ Սահմանադրական դատարանը, վերջին շրջանում տարբեր դեպքեր լինում են, որ դատարանի դիմումները վարույթ ընդունվում են և նույնիսկ վարույթ չեն ընդունվում՝ աշխատակարգային որոշմամբ։ Ի դեպ, սա էլ այդ դեպքերից մեկն է մասամբ, այսինքն որոշ հատվածներով մերժվել է»։

«Ազատության» դիտարկմանը՝ անձեռնմխելիության հատվածով մերժվել է, արձագանքեց. «Այո»։

Ըստ Քոչարյանի ներկայացուցչի, Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նաև նշանակում է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ գործը կասեցնելու որոշումը չպետք է բողոքարկվեր վերաքննիչ ատյան։ Միևնույն ժամանակ, ըստ Վարդևանյանի, բարձր դատարանի այսօրվա որոշումից բխում է, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ նիստ հրավիրի և քննարկի հունիսի 25-ից կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Մարտի 1-ի 8 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ապօրինի որակեց ՍԴ որոշումը։ Ըստ փաստաբանի, Սահմանադրական դատարանի անունից գործող դատարանի անդամների այս կազմը առհասարակ Քոչարյանին վերաբերող գործերի քննությանը չի կարող մասնակցել։ Եգորյանն ասաց՝ վերաքննիչ դատարանի որոշումից հետո հատկապես ՍԴ-ն չպետք է վարույթ ընդուներ այդ դիմումը։ Իսկ վերաքննիչը որոշել էր գործը առաջին ատյանում վերսկսել ընդահատման պահից:

«Սա ուղիղ վկայությունն է նրա, որ Սահմանադրական դատարանի գործող անդամները իրականացնում են բոլորովին այլ շահերի սպասարկում և այլ գործառույթներ, քան սահմանում է Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը», - ասաց Վարդևանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG