Մատչելիության հղումներ

Դատավորները խուսափում են կարծիք հայտնել Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ


ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյան
ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյան

Դատավորների ընդհանուր ժողովն այսօր քննարկելու է նաև Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին բարձրաձայնող դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակը։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ Դատավորների ընդհանուր ժողովին հասցեագրված Գրիգորյանի նամակը Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը ուղարկել է բոլոր դատավորներին:

Ժողովին մասնակցելու եկած մի քանի դատավորները հայտարարում էին, թե պատրաստվում են քննարկել նաև այդ հարցը, բայց մեծամասամբ խուսափում էին տեսակետ հնչեցնել՝ Սահմանադրական դատարանում կա՞ ճգնաժամ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի երդում տալու հաստատ որոշմամբ այսօրվա նիստին մասնակցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը միակն էր, որ լրագրողների հետ զրույցում չթաքցրեց իր կարծիքը՝ սահմանադրական դատարանում ճգնաժամ չի տեսնում, Գրիգորյանի մոտեցման հետ համաձայն չէ․ - «Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ ես ինչպես կարող եմ համամիտ լինել, երբ որ Սահմանադրական դատարանի անդամները լեգիտիմ անդամներ են»:

Երկու շաբաթ է անցել, բայց Վահե Գրիգորյանի նամակին հասցեատերերը՝ Հայաստանի նախագահը, Ազգային ժողովը, Կառավարություն ու Դատավորների ընդհանուր ժողովը պաշտոնապես չեն արձագանքել։

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը հայտարարում է, թե կա սահմանադրական ճգնաժամ՝ պայմանավորված դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Գրիգորյանը ելքեր էր առաջարկել․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը այն դատավորներից էր, որ չհստակեցրեց՝ կիսո՞ւմ է Վահե Գրիգորյանի կարծիքը, թե՞ ոչ․ - «Կան այդ հարցի շուրջ դեբատներ որոշակի, կան կարծիքներ տարբեր, և դրանք թող մնան կարծիքների մակարդակում: Ես չէի ցանկանա հրապարել իմ կարծիքը»:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ իր կարծիքը կձևավորի՝ մյուսներինը լսելով․ - «Այսօր ողջ Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում, և դեռևս վերջնական որոշում կայացված չի: Որքանով ես տեղյակ եմ, այսօր ընդհանուր ժողովում նաև մենք այդ նամակն ենք քննարկելու: Ես Վահե Գրիգորյանի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ դեռևս չունեմ իրավական դիրքորոշում»:

Պապոյանն իր գործընկերներից շատերի հետ քննարկել է հարցը․ - «Կարծիքները տարբեր են: Կոնկրետ ես այսօր շատ ուշադիր ուզում եմ լսել իմ կոլեգաների կարծիքները: Երբ որ ես կլսեմ բոլորի կարծիքը, միգուցե կձևավորվի իմ կարծիքը: Իրականում խնդիր է բարձրացված, որը այդքան պարզունակ խնդիր չի, որ ես կարողանամ պատասխանել այդ հարցին»:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ընդհանրապես հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով․ - «Բերեք էսօր ես չխոսեմ: Հենց ես խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG