Մատչելիության հղումներ

«Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն». նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ դատավորի նամակը


Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն:

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեր էլ՝ արդյո՞ք նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։

Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն։

Վահե Գրիգորյանը նամակով դիմեց Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ելքեր առաջարկեց․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկեց Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG