Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյանի նամակը սահմանադրական ճգնաժամի մասին առայժմ մնում է անարձագանք


ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնող ու դրանից դուրս գալու ելքեր առաջարկող նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին հասցեատերերը պաշտոնապես չեն արձագանքել։

Նամակը մեկ շաբաթ առաջ ուղարկվել էր Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին:

Ազգային ժողովի նախագահի օգնական Վահան Կոստանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նամակը ուսումնասիրման փուլում է, Ազգային ժողովի նախագահը պատշաճ ժամանակ կարձագանքի դրան:

Նամակի մյուս հասցեատերերը դեռ լռում են:

Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան

Ազգային ժողովում իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը համոզված է, որ Գրիգորյանի նամակն անարձագանք չի մնա: Բայց Հովակիմյանը ցանկալի է համարում, որ նախ իրենց կարծիքը հայտնեն Սահմանադրական դատարանի անդամները։ - «Ներկայումս բոլոր շահագրգիռ կողմերը, յուրաքանչյուրն իր մասով պիտի քննարկեն, լուծումներ առաջարկեն: Այն լուծումները, որ պարոն Գրիգորյանն է առաջարկել, կամ այլ լուծում, եթե այդպիսին որևէ մեկը կարող է առաջարկել: Ուզում եմ ասել խնդիրը պետք է լուծվի: Սահմանադրական դատարանի յոթ անդամները իրենք էլ պիտի վերջը ասեն, թե ինչպես են լուծումը պատկերացնում: Այն պահից, երբ որ Վահե Գրիգորյանը Ազգային ժողովի ամբիոնից էդ խնդրի մասին բարձրաձայնեց, իրենք այլևս խոցելի են: Իրենք այլևս չեն կարող հանրության տեսանկյունից, նաև բուն իրավաբանների մի ստվար զանգվածի տեսանկյունից հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն սահմանադրական արդարադատության որոշումներ կայացնեն»:

Վահե Գրիգորյանի կարծիքով, կա սահմանադրական ճգնաժամ՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանը համոզված է, որ սահմանադրական ճգնաժամ չկա: Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ տերմինները նույնական են․ - «Անգամ եթե ես հիմա հայտարարեմ, որ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջանա: Ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին իմ կողմից անհեթեթ գնահատվող մի առաջարկությամբ: Ոչինչ: Ես կգրեի, որ բացարձակապես չեմ կիսում Ձեր մոտեցումը»:

«Այն դերակատարությունը, որ ժամանակին Դավիթ Հարությունյանը և մյուսները ունեցել են կոնկրետ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակելուց, բոլորին է հայտնի: Ըստ էության իրենք են այս ճգնաժամի հեղինակը: Այո, ճգնաժամը կա Սահմանադրական դատարանի շուրջ: Դա Դավիթ Հարությունյանի, կամ այդ ճգնաժամի հեղինակ, նման փաստաթուղթ ստեղծողների ասելով չի: Խնդիրը կա, խնդիրը գոյություն ունի և այդ խնդիրը պիտի հանգուցալուծվի», - հակադարձեց Վահագն Հովակիմյանը:

Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ճգնաժամ չի տեսնում, իսկ հարցը Սահմանադրությամբ կարգավորված է համարում․ - «Այդ նամակը պետք է որպես մասունք ծալել, դնել մի կողմ: Այստեղ իրավունքի վեճ չկա: Կա քաղաքական վեճ: Նրանք, ովքեր այսօր կարծում են, որ դեռ ամեն ինչ իրենց համար ավարտված չէ, էլի պետք են ինչ-որ ամրություններ, ինչ-որ հենքեր, այդ մարդիկ էլ նախաձեռնում են այս ամեն ինչը»:

Վահագն Հովակիմյանը մինչդեռ կարծում է, որ ՀՀԿ-ն է իր շահերից բխող խորամանկությունների գնացել։ Նա հակադարձում է, որ եթե Սահմանադրական դատարանի անդամները նույն դատավորներն էին, պետք է հենց այդպես էլ արձանագրվեր Սահմանադրությամբ: Իսկ նման դրույթ չկա։

Հովակիմյանը ակնկալում է այնպիսի լուծում, որպեսզի Սահմանադրությունն ամբողջությամբ գործի: Նրա խոսքով, 2015-ին սահմանադրական փոփոխությունների ժամանակ մարդկանց առաջարկվել է լուծում, ըստ որի ՍԴ դատավորները պետք է պաշտոնավարեն 12, նախագահը՝ 6 տարի․ - «Հիմա ասում են՝ չէ, գիտեք, մենք խաբել ենք, շուստրիություն ենք արել: Կարացանք նենց անենք, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահը իր պաշտոնավարման ժամկետից 21 օր շուտ հրաժարական տա, մենք հին կարգավորումները հաշվի չառնելով Հրայր Թովմասյանին օր առաջ դարձրեցինք ՍԴ նախագահ, որպեսզի ինքը ցմահ պաշտոնավարի: Այսպես ասեմ՝ այն, ինչ որ դրվել է քվեարկության, պետք է իրագործվի»:

Մինչդեռ նախկին սահմանադրական կարգավորումներով ընտրված Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից:

Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյան

«Ազատության» դիտարկմանը, թե հրաժարական չի տալու անգամ սահմանադրական ճգնաժամի մասին Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո, Թովմասյանն արձագանքեց․ - «Էդ որ ասում եք անգամ: Անգամը կարող ա լինել, եթե Աստված ասի: Այդ «անգամ Վահե Գրիգորյանը» նախադասությունն ինձ համար էդքան էլ հասկանալի չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG