Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ՍԴ նախկին անդամը «մի բաժակ ջրում փոթորիկ» է որակում


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ

«Մի բաժակ ջրում փոթորիկ»՝ «Ազատության» հետ զրույցում այսպես բնութագրեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված իրավիճակը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել՝ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և դրա լուծումը ՍԴ-ը տալ չի կարող, քանի որ որոշումն առնչվում է ՍԴ անդամներից առնվազն 7-ին, այսինքն՝ որակյալ մեծամասնությունից էլ ավելիին: Այս մասին Գրիգորյանը հայտարարեց երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում:

Վահե Գրիգորյանը իր հայտնի նամակով ևս պնդում է, որ խնդիրը չի կարող կարգավորվել ՍԴ շրջանակներում, և անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դատարանակազմական գործընթացին առնչություն ունեցող մի շարք մարմինների միջամտությունը:

Կիմ Բալայանը հակադարձում է՝ Սահմանադրական դատարանի հետ կապված վեճերը լուծվում են ՍԴ-ում:

«Որևիցե քայլ չեմ տեսնում՝ բացի Սահմանադրական դատարանից այլ մարմին չի կարող որոշում կայացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բալայանը, ի պատասխան հարցի հաստատելով՝ եթե անգամ հարցը վերաբերում է ՍԴ դատավորների մեծամասնությանը․ - «Իհարկե: Ի միջի այլոց, էդ նույն Սահմանադրական դատարանի մեծամասնությունը ունի նաև այլ ֆունկցիաներ, օրինակ՝ կարգապահական պատասխանատվության դատավորին ենթարկելը»:

«Ես էն կարծիքին եմ, որ մի բաժակ ջրի մեջ փոթորիկ են առաջացրել: Զուտ քաղաքական նպատակահարմարության խնդիր է», - ընդգծեց ՍԴ նախկին անդամը:

Սահմանադրական դատարանի վրա կա նաև «կուսակցական դատարանի խարան», ասում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ով համոզված է՝ ստեղծված իրավիճակը միայն իրավագիտական տիրույթում չէ, այլ կան նաև հսկայական քաղաքական և տնտեսական շահեր: Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցրել է միայն 2018 թվականին՝ ՍԴ անդամ ընտրվելու հնարավորության համար: Մինչև 2003-ին ՍԴ անդամ ընտրվելը ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը անդամակցած Կիմ Բալայանն ասում է՝ դա հիմք չէ դատավորի անկողմնակալության առնչությամբ կասկածների համար:

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ ընտրական գործընթացներ են լսվել: Հիմա, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված անձինք Լևոն Տեր-Պետրոսյանի շահերն ե՞ն պաշտպանել Սահմանադրական դատարանում՝ այդպիսի բան չի եղել: Ինձ, օրինակ, Արթուր Բաղդասարյանն է իմ թեկնածությունը առաջադրել, երբ որ ես դառել եմ Սահմանադրական դատարանի անդամ՝ ես խորհրդարանի կողմից եմ ընտրվել, ոչ թե նախագահի կողմից եմ նշանակվել, բայց երբևիցե «Օրինաց երկրի» շահեր ե՞մ պաշտպանել ես Սահմանադրական դատարանում՝ իհարկե ոչ», - նշեց Կիմ Բալայանը՝ «Ազատության» դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը հենց Հանրապետական կուսակցության անդամ է եղել, ոչ թե ուղղակի նրան ներկայացրել են, արձագանքելով․ - «Ես էլ Դաշնակցության կուսակցության անդամ եմ եղել ընտրվելու ժամանակ, բայց նշանակում է, որ գնացել եմ Սահմանադրական դատարան Դաշնակցության շահերը պաշտպանելո՞ւ՝ իհարկե ոչ»:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ տեղեկացված են Հայաստանում Սահմանադրության շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին և հանձնաժողովի նախագահին խնդրել են մոտիկից հետևել իրավիճակին, անհրաժեշտության դեպքում անել հրապարակային հայտարարություն այդ կապակցությամբ: Վենետիկի հանձնաժողովին, ըստ Վահե Գրիգորյանի, տարբեր խողովակներով դիմել են մարդիկ, ովքեր պետք է լինեին Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության վերջին ատյանը, բայց իրենց պաշտպանությունը տեսնում են միջազգային կազմակերպություններում: Գրիգորյանը թերևս նկատի ունի ՍԴ դատավորներին։ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը նկատում է՝ Վենետիկի հանձնաժողովը միայն խորհրդատվական մարմին է․ - «Նրա որոշումները, տեսակետները դե ֆակտո շատ դեպքերում հաշվի առնվում են, բայց դե յուրե խորհրդակցական մարմին է: Էնպես որ, մենք չենք կարող ասել՝ այ, Վենետիկի հանձնաժողովը եթե ասեց էսպես, ուրեմն այսպես է»:

Բալայանը վստահ է՝ Գրիգորյանը բառացի լեզվական մեկնաբանություն է տալիս, մինչդեռ անհրաժեշտ է սահմանադրաիրավական մեկնաբանություն: Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ ՍԴ 9-հոգանոց կազմից 7-ը անդամի կարգավիճակ ունեն, ուստի որոշում կայացնելու լիազորություն չունեն, քանի որ նոր Սահմանադրությամբ հստակ ձևակերպված է՝ որոշում կայացնել կարող են միայն դատավորները: Բալայանը, մինչդեռ, համոզված է՝ «եթե օրենսդիրը, սահմանադիրը որևիցե նպատակ ունենար ասելու, որ Սահմանադրական դատարանի անդամները հանդես չեն գալիս որպես դատավոր, ուղղակի այդ մասին նշում կաներ»:

Միևնույն ժամանակ, Կիմ Բալայանը նշում է՝ ցանակցած իշխանություն ձգտում է ավելի շատ իշխանություն ստանալ, և ինչ-որ տեղ ստեղծված իրավիճակը բնական երևույթ է։ Հիշեցնում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրության կարգը: Իր և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հեռանալով դատարանում երկու անդամի տեղ ազատվեց: Հրայր Թովմասյանին ընտրեցին նախկին Սահմանադրությամբ՝ թույլ տալով պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը, մինչդեռ մյուս թափուր տեղի համար ընտրությունը կազմակերպեցին նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, երբ դատավորը կարող է պաշտոնավորել միայն 12 տարի, իսկ նախագահը՝ միայն 6։ Սա Բալայանը անվանում է քաղաքական խտրականություն ի օգուտ Թովմասյանի:

«Քաղաքական նպատակահարմարության տեսակետից իմ համար էլ է զարմանալի, թե ինչն էր պատճառը, որ 22 օր առաջ՝ ուժի մեջ մտնելուց, Հրայր Թովմասյանը դառավ Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ մեկ այլ թափուր տեղը չլրացվեց: Էս արդեն ինչ-որ տեղ քաղաքական խտրական վերաբերմունք է», - շեշտեց Կիմ Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG