Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է


Նախընտրական պաստառ Ադրբեջանում, մարտ, 2018թ․
Նախընտրական պաստառ Ադրբեջանում, մարտ, 2018թ․

Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է:

Վերջին 14 տարիներին Իլհամ Ալիևի, մինչ այդ էլ հոր՝ Հեյդար Ալիևի կողմից զբաղեցված նախագահական աթոռի համար պայքարում է ևս 7 թեկնածու՝ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների բնորոշմամբ «ազդեցիկ գործիչներ», իսկ իրականում իշխանական փոքրաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, «Միասնական ժողճակատ» կուսակցության ղեկավար Ղուդրաթ Հասանղուլիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, «Ազգային վերածնունդ շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ֆարաջ Ղուլիևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Հաֆիզ Հաջիևը, «Ազգային ճակատ» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ռազի Նուրուլաևը և Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Սարդար Ջալալօղլուն:

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը որոշել են բոյկոտել վաղաժամ ընտրությունները, պնդելով, թե ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու Ալիևի որոշումը «լեգիտիմիության տեսանկյունից կասկածելի և չհիմնավորված է»։

Շուրջ երեք շաբաթից նախատեսված Ադրբեջանի նախագահական ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Իլհամ Ալիևին թույլ տվեցին կնոջը՝ Մեհրիբան Ալիևային իր առաջին տեղակալ նշանակել, արդեն չորրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ հաղթելու դեպքում էլ պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն: Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել են նաև առաջադրման սահմանափակումները, ուստի Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։

Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը նշանավորվեց Իլհամ Ալիևի հերթական աղմկահարույց ելույթով՝ այս անգամ հավակնություն ներկայացնելով ոչ միայն Երևանի, այլև արդեն Հայաստանի տարածքի մեծ մասի հանդեպ։ Ադրբեջանի 56-ամյա նախագահը երեկ մասնավորապես հայտարարել է, թե «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական պատմական հողերն են»։ Որպես ասվածի ապացույց նա վկայաբերել է «բազմաթիվ քարտեզներն ու գրքերը»։ «Այդ քարտեզների վրա Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունի», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը, այդպիսով անտեսելով շաբաթներ առաջ նույնաբովանդակ հայտարարության կապակցությամբ միջազգային հանրության կողմից հնչած քննադատությունն ու հորդորները:

Իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին Իլհամ Ալիևը, հիշեցնենք, հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ են» խոստանալով մի օր «վերադարձնել դրանք»։

Պաշտոնական Երևանը զառանցանք էր որակել այդ հայտարարությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել Բաքվից հնչող պնդումները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը և Ֆրանսիան, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կոչ են արել զերծ մնալ իրավիճակի լարվածության թուլացմանը չնպաստող քայլերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG